Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՒԴԻՍՏՆԵՐԸ ՍԵՔՍՈՒԱԼ ՄԱՆՅԱԿՆԵՐ ՉԵՆ

Հունիս 30,2010 00:00

Ըստ «վաստակաշատ» նուդիստի՝ մերկ շրջելը դեռեւս հնագույն ժամանակներից համարվել է նորմալ երեւույթ

«Մարդու առողջության տեսանկյունից ժամանակ առ ժամանակ առանց հագուստի շրջելը շատ կարեւոր է: Չնայած ասածս շատերի համար անսովոր կլինի, ու հնարավոր է ինձ շեղված համարեն, բայց դա գիտականորեն ապացուցված է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արմենը, որը, ինչպես ինքն ասաց, շուրջ 15 տարի է, ինչ նուդիստ է եւ նուդիստական լողափերում հայտնվելու համար լինում է Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Իտալիայում, Խորվաթիայում:

Ըստ Արմենի՝ այն տեսակետը, որ նուդիստներն այլասերվածներ են, որովհետեւ եւ կանայք, եւ տղամարդիկ միեւնույն վայրում մերկ շրջում են, հետեւաբար բոլորն իրար հետ ազատ սեռական հարաբերություններ են ունենում՝ սխալ է. «Իսկական նուդիստների մոտ երբեք նման բաներ տեղի չեն ունենում: Նուդիստները նորմալ մարդիկ են, իսկ մերկ շրջելը դեռեւս հնագույն ժամանակներում համարվել է նորմալ երեւույթ: Մարդիկ մերկ շրջելով միմյանցից չէին ամաչում, իսկ նրանք էլ, ովքեր մորթիներով էին ծածկվում՝ դա անում էին ցրտից պաշտպանվելու համար: Հնագույն ժամանակներում մերկությունը միանգամայն բնական էր, իսկ մարդն էլ չէր ամաչում»:

Ըստ մեր զրուցակցի՝ որպես հասարակական շարժում, նուդիզմն առաջացել է Գերմանիայում, 19-րդ դարում: Իսկ առաջին ներկայացուցիչները հայտնվել են Լյուբեկ քաղաքում: 1929 թվին գերմանացի վերաբնակները նուդիզմն Ամերիկա բերեցին: Հասարակության ուշադրությունը գրավեցին շարժման հետեւորդների մի քանի ձերբակալություններ ու դատեր: Որոշ ժամանակ անց ԱՄՆ-ում ստեղծվեց նուդիստների առաջին պաշտոնական կազմակերպությունը: Հետագայում Ամերիկայում շուրջ 80 նուդիստական քեմպինգներ (ճամբարներ) կային, որոնք անդամների ընտրության հարցում բավական խիստ էին. մարմնավաճառների, հարբեցողների մուտքը խստիվ արգելված էր:

Արմենը, որն ամբողջ կյանքի ընթացքում ճամփորդությունների մեջ է ու շփվում է տարբեր ազգերի նուդիստների հետ, հաստատեց, որ իրենց շարքերն անցնել այնքան էլ հեշտ չէ: «Ես 13-14 տարեկանից հետաքրքրված էի նուդիզմով, բայց ինձ միայն 28 տարեկանում՝ ԱՄՆ-ում հաջողվեց ընդգրկվել նուդիստական շարժման մեջ: Նշեմ, որ կինս նույնպես նուդիստ է, բայց ես կնոջս՝ Ալիսի հետ ամուսնանալու որոշումը նրան մերկ տեսնելուց հետո չեմ կայացրել. դա շեշտում եմ, որ չմտածեք, թե մերկ աղջիկ եմ տեսել՝ խենթացել եմ… Պատահաբար ծանոթացանք Անգլիայում, փորձելով ընդհանուր հետաքրքրություններ գտնել, պարզեցինք, որ երկուսս էլ սիրում ենք առողջ ապրելակերպը, թեթեւ ապրելը՝ նուդիզմը»:

Նուդիստների միջազգային ֆեդերացիան, որը ստեղծվել է 1953 թվին՝ իր մեջ միավորում է երեսունից ավելի ազգային ֆեդերացիաներ:

60-ականների ազատության ոգին մերկ մարդկանց այդ շարժումին առավել մեծ թափ տվեց: Հիպիների կոչը՝ «Զբաղվեք սիրով, ոչ թե պատերազմով», շեշտը մարդկային մարմնի եւ էրոտիզմի վրա էր դնում: Ու հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց «վայրի լողափի շարժումը», որի մասնակիցները փորձում էին մերկանալ բոլոր այն տեղերում, որտեղ կար այդ հնարավորությունը:

Արմենը 12-ամյա որդի ունի ու տղային եւս նուդիստ է դարձրել, բայց ոչ ստիպողաբար. «Մենք հաճախակի ենք նուդիստական երեկոների մասնակցում: Տղայիս եւս մեզ հետ տանում ենք, ու դրանում ես ոչ մի վատ բան չեմ տեսնում: Երեխաս մեծանում է առողջ եւ զարգանում ազատ: Չգիտեմ, գուցե մեծանալուց հետո այլեւս չցանկանա նուդիզմով զբաղվել, բայց հիմա նա նորմալ է վերաբերվում իր շուրջը պտտվող տարբեր տարիքի մերկ տղամարդկանց ու կանանց, իսկ հեռուստացույցով մերկ մարմիններ տեսնելիս էլ չի զարմանում, ավելորդ հարցեր չի տալիս. նա իր հարցերի պատասխանները «քաղում» է նուդիստական լողափերում»:

Արմենը չի ամաչում իր ընտանիքի «մերկության» համար, ավելին, նույնիսկ մերկ լուսանկարներ ունեն, չնայած Հայաստան գալիս նա դրանք թաքցնում է տարեց ծնողներից, ասում է, որ իրեն ճիշտ չեն հասկանա:

Մեր զրուցակցի խոսքերով՝ մի չիրականացած երազանք ունի, ինչն էլ հուսով է իրականացնել գոնե որդու շնորհիվ. խոսքը նուդիստական հարսանիքի մասին է. «Ես եւ Ալիսը չկարողացանք մեր հարսանիքը նուդիստական ձեւով անցկացնել, չնայած երկուսս էլ երազում էինք այդ մասին: Պատճառը ծնողներս էին: Դե, որ մի հայրը կհասկանա որդուն, որն ուզում է իր հարսանիքի օրը մերկանալ եւ մերկ տեսնել բոլոր հարազատներին: Պարզ է, որ Հայաստանում նման բան երբեք չի լինի: Տեսնենք, գուցե մեր տղայի հարսանիքը նուդիստական ձեւով անցնի, եթե, իհարկե, նա նույնպես նուդիստ կին ընտրի: Նուդիստական հարսանիքները անչափ հետաքրքիր են լինում, հարսնացուի գլխին միայն քող է լինում, զույգը պարաշյուտով իջնում է ցամաք, հետաքրքիր ու խենթ խաղեր են խաղում եւ այլն…»:

Մեր զրուցակցի խոսքերով, նա երազում է հայկական նուդիստական լողափի մասին ու այս կապակցությամբ օրերս Սեւանում զրուցել է լողափերը «նայող» մի քանի հոգու հետ ու հանդես եկել առաջարկությամբ. «Զրուցելով «սեփականաշնորհված» տարածքների տերերի հետ, ես առաջարկեցի բոլոր գումարային ծախսերը հոգալ, միայն թե իրենք կազմակերպեն կամ, ինչպես ընդունված է` տարածքը փակեն եւ դարձնեն նուդիստական լողափ: Մեկն ինձ ձեռք առավ, մյուսը շեղվածի տեղ դրեց, մի հոգի էլ համաձայնեց, բայց պայմանով, որ այցելուները միայն աղջիկ նուդիստներ լինեն, իսկ ես, բնականաբար, չհամաձայնեցի, որովհետեւ արդեն պարզ էր նրանց նպատակը: Հավատացեք, Հայաստանում շատ նուդիստներ կան, բայց, ցավոք, այստեղ նման լողափ չկա… Ինչեւէ, չեմ հիասթափվում, հուսով եմ՝ մի օր հայաստանցիներն էլ կհասկանան, որ նուդիստները սեքսուալ մանյակներ չեն»:

Հոգեբան Կարինե Խուդոյանը, անդրադառնալով նուդիստներին, ասաց, որ նրանք չնայած հասարակության համար վտանգավոր չեն, սակայն՝ «ինչպես կարող է երեխան նորմալ մեծանալ, երբ աչքի առջեւ մերկ մարդիկ են շրջում: Իսկ մերկ մարդիկ միմյանց տեսնելով, թեկուզ պատահմամբ իրար հպվելով՝ նրանց մեջ ֆիզիոլոգիական պրոցեսներ են տեղի ունենում, ինչն էլ ոչ միշտ է զսպել լինում: Արդjունքում երեխան ականատես է լինում սեռական հարաբերության կամ էրոտիզմի տարբեր դրսեւորումների: Բայց չէ՞ որ անգամ հեռուստատեսությամբ երեխային չի թույլատրվում էրոտիկ կադրեր դիտել կամ ինտերնետում նմանատիպ լուսանկարներ նայել: Յուրաքանչյուր նոր բան երեխայի համար հարցերի տարափ է առաջացնում, իսկ երբ նրան չեն բավարարում ծնողների պատասխանները, փոքրիկն ինքն է սկսում պարզել: Ի՞նչ եք կարծում, երբ, օրինակ, աղջիկ երեխան տեսնի գրգռված մերկ տղամարդուն, ի՞նչ պիտի հարցնի, ու ծնողը ինչպե՞ս պետք է պատասխանի… Ի վերջո, ինչպե՞ս կարող է նորմալ, առողջ տղամարդը չգրգռվել իր շուրջը պտտվող գեղեցիկ ու մերկ մարմինների առկայությունից: Նուդիստական շարժման ղեկավարները սովորաբար ժխտում են առկա էրոտիզմը: Բայց դա կա, ինչքան էլ որ հերքեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել