Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմպիոնը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց

Հունիս 30,2010 00:00

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը 13-րդ տուրում հերթական անակնկալը մատուցեց հայ ֆուտբոլասերին: Հանրապետության բազմակի ու անփոփոխ չեմպիոն «Փյունիկը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Եվ եթե նախորդ երկու հանդիպումներում Վարդան Մինասյանի թիմին խաղադաշտից գլխիկոր հեռանալ ստիպում էին չեմպիոնական հավակնություններ ունեցող «Ուլիսն» ու «Բանանցը», ապա 13-րդ տուրում «Փյունիկին» միավորներից զրկեց ճգնաժամ ապրող ու համեստ «Գանձասարը»՝ հանդիպման վերջին րոպեին գրավելով Էդվարդ Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը: Կապանցիների հաղթանակն առավել արժեքավոր է թվում առաջին շրջանում 1-6 հաշվով կրած պարտությունից հետո: Ինչ վերաբերում է չեմպիոնին, ապա «Փյունիկն» իր պատմության ընթացքում երբեւէ, բացառությամբ 1998-ի առաջնության, այսպես չէր ձախողվել: Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն արդեն այս խաղից հետո փաստեց, որ խնդիրներ կան: Խաղային անկման պատճառները մարզչի համար էլ դեռ ամբողջովին բացահայտված չեն: Ցավալի է, որ «Փյունիկի» անհաջողությունները նախորդեցին Չեմպիոնների լիգայի խաղարկությունում մեր թիմի ելույթներին: Ի դեպ, նախորդ տարի այս ժամանակահատվածում չեմպիոնը կրկին կանգնեց խնդիրների առջեւ՝ չկարողանալով հաղթանակներ տոնել Եվրոպական մրցասպարեզում հանդես գալուց առաջ, սակայն հետագայում ետ բերեց կորցրածը: 2010-ին կորցրածը շատ ավելին էր: Այժմ 13 տուրերից հետո «Փյունիկը» մրցաշարային աղյուսակում միայն երրորդն է եւ 6 միավոր զիջում է առաջատար «Բանանցին» ու 3 միավոր՝ երկրորդ հորիզոնականում ընթացող «Ուլիսին»: «Բանանցը» դիրքերը մրցաշարային աղյուսակում ամրապնդեց «Կիլիկիայի» նկատմամբ՝ 2-0 հաշվով հաղթանակ տոնելով, իսկ «Ուլիսը»՝ 4-0 խոշոր հաշվով առավելության հասնելով «Շիրակի» նկատմամբ:

Այս խաղերը «Բանանցի» եւ «Ուլիսի» համար վերջինն էին Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին հանդիպումից առաջ: Երկու թիմերի կազմում էլ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: «Անորտոսիսի» հետ առաջին խաղին չի մասնակցի «Բանանցի»՝ Դոնեցկում բուժման կուրս անցնող բրազիլացի հարձակվող Դուբալան, իսկ «Ուլիսը» բաժանվել է հինգ ֆուտբոլիստներից, այդ թվում նաեւ՝ երկկողմանի համաձայնությամբ Արա Հակոբյանի հետ պայմանագրային կապը խզելով: Թիմում հանդես չի գա նաեւ պաշտպան, թիմի ավագ Եղիշե Մելիքյանը: «Ուլիսից» հեռանում են նաեւ Վահե Թադեւոսյանը, Կարեն Նավոյանն ու Արթուր Բարսեղյանը: Մնում է հուսալ, որ այս ամենը բացասաբար չի ազդի Եվրոլիգայում մեր թիմերի ելույթների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել