Լրահոս
Օրվա լրահոսը

Նարնջագույններն ընդդեմ ոսկեգույնների

Հունիս 30,2010 00:00

Երեկ ուշ երեկոյան Պարագվայ-Ճապոնիա, Իսպանիա-Պորտուգալիա հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչը, եւ խմբային մրցաշարում պայքարի մեջ ներգրավված 32 ազգային հավաքականներից ասպարեզում մնաց ութը:

Թե ովքե՞ր կազմեցին քառորդ եզրափակչի վերջին զույգը, պարզ դարձավ կեսգիշերից անց, երբ թերթն արդեն տպարանում էր: Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ հուլիսի 2-ին ականատես ենք լինելու Հոլանդիա-Բրազիլիա եւ Ուրուգվայ-Գանա հանդիպումներին, իսկ հաջորդ օրը Արգենտինա-Գերմանիա եւ վերջում՝ կազմված զույգերի հակամարտությանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այլեւս դժգույն խաղեր չեն լինելու: Սակայն 1/4 եզրափակչում ահռելի հետաքրքրություն են ներկայացնելու թվարկածներից հատկապես առաջին եւ երրորդ զույգերի հանդիպումները: Նարնջագույններն ընդդեմ ոսկեգույնների: Ո՞ւմ կժպտա ճակատագիրը՝ հոլանդացիների՞ն, թե՞ աշխարհի հնգակի չեմպիոնին: Դժվար է ասել: Բայց որ Պորտ-Էլիզաբեթում իսկական ճակատամարտ է ծավալվելու, կասկածից վեր է: Նույնը սպասվելու է նաեւ Արգենտինա-Գերմանիա խաղում (Քեյփթաունում): Այս հավաքականներին փլեյ-օֆի արգելքն անցնել օգնեցին նաեւ մրցակիցների հանդեպ մրցավարների թույլ տված կոպիտ սխալները, թեեւ ոչ ոք կասկածի տակ չի առնում, որ թե Արգենտինան, թե Գերմանիան արժանի էին այս փուլում պայքարը շարունակելուն: Հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծվել: Եթե երեկ Պարագվայը հաղթեր Ճապոնիային, հաջորդ փուլի չորս խաղերից երեքում միմյանց դեմ պետք է ելնեին Հարավային Ամերիկայի ու Եվրոպայի ներկայացուցիչները: Իսկ այս հավերժ հակամարտությունը միշտ էլ լրացուցիչ ինտրիգ է հաղորդում պայքարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել