Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտելեկտուալ ցուցահանդես՝ ի հեճուկս «չուզողների»

Հունիս 30,2010 00:00

Կամ՝ արվեստագետների մտահոգությունները

1980-ականներին ստեղծված երիտասարդ նկարիչների «Կենտրոն» խումբը, որի գաղափարական հիմնադիրներն էին գեղանկարիչ-քանդակագործ Վարդան Թովմասյանը եւ բանաստեղծ-աստղագետ Գրիգոր Բրուտյանը, հուլիսի 2-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կներկայանա հայ արվեստասերին: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրին ցուցահանդեսի կազմակերպիչները:

«Կենտրոնի» ստեղծման նպատակն է եղել՝ օգտագործելով երիտասարդ ստեղծագործողների ուժն ու կարողությունը եւ չանտեսելով եվրոպական եւ ամերիկյան փորձառությունը, ստեղծել ինքնուրույն գեղագիտություն, արածի արդյունքում էլ հասնել կաթարսիսի: Խմբի ակտիվ գործունեության ընթացքում՝ 1982 թվականին է Հայաստանում կայացել 1-ին «Հեփինինգը», որի տրամաբանական շարունակությունը շուրջ 30 տարվա ընդհատումից հետո, 5 նկարչի եւ 1 բանաստեղծի մասնակցությամբ բացվող այս ցուցահանդեսն է լինելու: «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է ցուցահանդեսը բացվում այսքան մեծ ընդմիջումից հետո, Վ. Թովմասյանը պատասխանում է. «Որովհետեւ սպանում էին, դժվար է գոյատեւել, կային չուզողներ… Այսօր մի քիչ ազատ ենք, շունչ ենք քաշում: Չնայած այն ժամանակ էլ շատ խանգարող հանգամանքներ կային, բայց հետաքրքրություն կար, հիմա անտարբերություն է»: «Կենտրոնի» նկարիչները ոչ միայն ցուցադրվել են Հայաստանում, այլեւ արտերկրի բազմաթիվ լուրջ նախագծերում: Վարդան Թովմասյանը 2 տարի ստեղծագործել է Ֆրանսիայում եւ այդ ընթացքում հասցրել ունենալ 8 հրաշալի ցուցահանդես: Այս օրերին Մարսելում ներկայացվում է նաեւ «Հայաստանի գույները» խորագրով մեկ այլ ցուցահանդես, որին եւս մասնակցում են «Կենտրոն» խմբի 4 անդամները: «Հայաստանի գույները» ներկայանալու է նաեւ Ժնեւում, Փարիզում, Բրյուսելում, Միլանում եւ այլուր:

«ՀայԱրտում» բացվելիք ցուցահանդեսը տալիս է «Արդյո՞ք նկարչությունը կոչված է ոգին կերտելու» հարցի պատասխանը: Նկարիչները պատասխանեցին՝ այո: Ըստ ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Գայանե Եղիազարյանի՝ «արվեստը ոչ միայն կոչված է ոգի կերտելու, այլեւ՝ մարմին»:

«ՀայԱրտի» տնօրեն Ռիտա Շառոյանն իրեն սրտամոտ է համարում այն նկարչությունը, որն ստիպում է երկար կանգնել կտավի առջեւ, մտածել: Այդ ամենը նա փնտրում է նաեւ առաջիկա ցուցահանդեսի կատալոգը թերթելիս:

Գեղանկարիչ Վահան Ռումելյանը նշեց. «Ցուցահանդեսը ինտելեկտուալ է, ստեղծագործական աշխատանքները թույլ են տալիս դիտողին՝ մտածելու եւ գոնե մոտենալու արվեստի խնդիրներին ու դրանք բացահայտելուն»: «Կենտրոնի» անդամ Համլետ Հովսեփյանը գտնում է, որ արվեստի եւ հասարակության միջեւ կապն է այսօր խզված. «80-ականներին սոցռեալիզմ էր, պետական կոչումներին էինք հավատում, հիմա, երբ անկախություն է, շատ աշխատանք պետք է տարվի հասարակության եւ նկարչի միջեւ անջրպետը վերացնելու համար»: Վ. Թովմասյանի խոսքով. «Նկարչությունը ճշգրիտ գիտություն է, բորշչ չէ, որ մեկի համար համով լինի, մյուսի համար՝ ոչ»:

Արվեստաբան Գ. Եղիազարյանը գտնում է, որ մեզանում արվեստը պետական հովանավորության խնդիր ունի: Նկարիչ Համլետ Հովսեփյանը ի պատասխան ասաց. «Պետական հովանավորությունը գիտակցում է՝ ո՞րն է լուրջ, ինտելեկտուալ արվեստ, որը՝ ոչ… մենակ «արմենչիկների», «պոնչիկների» հետեւից է ընկած…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել