Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կնամոլ է խաղում, բայց կնամոլ չէ

Հունիս 30,2010 00:00

Դերասան Գագիկ Մադոյանին սազում է Ժերմեն Վինյոնի դերը

\"\"Համազգային թատրոնը նոր է վերադարձել մոսկովյան հյուրախաղերից՝ «Կուլտուրնի լանդշաֆտ» նախագծի շրջանակներում: Մոսկվայի Կինոդերասանի պետական թատրոնի բեմում հայ դերասանները ներկայացրել են «Ախ, կանայք, կանայք…» կատակերգությունը՝ ըստ Ռոբեր Լամուրեյի համանուն պիեսի: Ներկայացման առաջնախաղը կայացել էր 2005 թվականի նոյեմբերի 6-ին՝ Համազգային թատրոնում: Բեմադրիչը եւ երաժշտական ձեւավորման հեղինակը Վիգեն Ստեփանյանն է: Գլխավոր դերում հանդես է գալիս թատրոնի երիտասարդ դերասան Գագիկ Մադոյանը, ով «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Մոսկվայում ներկայացումը հաջողություն է ունեցել: Ռուս հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ է դիտել այն:

Հետ հայացք գցելով 5 տարի առաջ կերտած կնամոլի կերպարին, Գ. Մադոյանն ասում է. «Սկզբնական շրջանում բավական կասկածամտությամբ եմ վերաբերվել Ժերմեն Վինյոնի դերին, ինչը ստիպել է ինձ էլ ավելի ջանք ու եռանդ թափել դերը կատարյալ դարձնելու համար»:

Դերասանը խոստովանում է, որ ինքը կյանքում ամենեւին էլ կնամոլ չէ. «Կանայք ինձ համար հոբի չեն: Ես միասեր եմ: Եթե իմ կյանքում կա մեկը, ապա կողքիս էլ ոչ ոք չի կարող լինել»:

Կնամոլի դերում հայտնված շատ դերասանների պես Գագիկը ի լուր ամենքի չի ասում, որ դերը խաղալուց հետո սկսել է ավելի հեշտ շփվել կանանց հետ: Դերասանը համոզված է, որ կնոջ հետ տղամարդը պարտավոր է անկեղծ լինել, անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ է. «Կարելի է նաեւ խորամանկել, բայց՝ սիրելով»:

Ի դեպ, Գ. Մադոյանը արդեն գտել է իր կյանքի երկրորդ կեսին՝ նշանված է: «Անին դեռ ուսանողուհի է, բայց արդեն աշխատում է Համազգային թատրոնում»,- պատմում է Գագիկը: Ինչպես պարզվեց, սկզբնական շրջանում Անիին դուր չեն եկել իր սիրելիի կողմից արված որոշ դրվագներ՝ «Ախ, կանայք, կանայք…» ներկայացման մեջ: Գագիկը չի թաքցնում, որ այս հողի վրա նույնիսկ խանդի տեսարան է եղել, բայց այն շատ արագ հարթվել է:

«Շատերին թվում է, թե բեմում իսկապես համբուրվում ենք, բայց դա այդպես չէ: Բեմում ընդամենը համբույրի իմիտացիա է, ոչ ավելին»,- ասում է Գ. Մադոյանը ու շարունակում, որ բեմում չի հրաժարվի ինտիմ տեսարաններից, եթե դրանք ճաշակով են: Դերասանը բավական նուրբ է մոտեցել «Ախ, կանայք, կանայք…» ներկայացման մեջ այն տեսարանին, երբ իր հերոսի հագից ընկնում է տաբատը եւ նա մնում է անդրավարտիքով: Գ. Մադոյանի խոսքերով, նման տեսարաններին պետք է զգույշ մոտենալ, մի ավելորդ շարժում՝ եւ դրանք հանգիստ կարող են վերածվել գռեհկության:

Հարցին՝ ինչո՞ւ է հրաժարվում աշխատել կին-ռեժիսորների հետ, Գ. Մադոյանը այսպես պատասխանեց. «Միայն մեկ անգամ է հաջողվել աշխատել կին ռեժիսորի հետ: Ուրիշ անգամ չի հաջողվել: Երեւի պատճառն այն է, որ կանանց մոտ առաջնայինը էմոցիաներն են, իսկ ինձ համար՝ տրամաբանությունը»: Իսկ հաճա՞խ է հաճոյախոսություններ անում կին գործընկերներին: «Այո, հաճոյախոսություններ, բայց ոչ շողոքորթություններ: Եթե դերասանուհու խաղը ինձ դուր է գալիս՝ հանգիստ կարող եմ մոտենալ եւ ասել, որ բեմում նա շշմելու լավն է…»,- հայտարարում է Գ. Մադոյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել