Արեւմտյան նավթային երկու ընկերություններ ԱՄՆ կողմից պատժամիջոցների սպառնալիքի պատճառով դադարեցրել են իրենց գործունեությունն Իրանում: «Reuters»-ի մատուցմամբ, դրանք են ֆրանսիական «Total» եւ իսպանական «Repsol» ընկերությունները, որոնք հայտարարել են Իրանում իրենց ծավալած բիզնեսը փակելու մասին: Ֆրանսիական ընկերությունը մինչ այդ զբաղվում էր Իրան բենզինի ներկրմամբ, իսկ իսպանական «Repsol»-ը գազի խոշորագույն հանքի՝ South Pars-ի մի մասի մշակման նախագծի իրականացնողներից մեկն էր: Այդուհանդերձ, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Լեոն Պանետտան դեռ կիրակի օրը խոստովանել էր, թե Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներն արդյունավետ չեն: Իրանն աշխարհում նավթի արտահանման գծով հինգերորդ տեղն է զբաղեցնում, բայց սեփական կարիքների համար վառելիք ապահովելու համար բավարար վերամշակող հզորությունների չի տիրապետում: Երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այս շաբաթասկզբին հայտարարել է, թե Իրանը սեփական կարիքների համար կարող է բավարար չափով բենզին արտադրել արդեն մեկ շաբաթ հետո: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանին վառելիքի վաճառքը դադարեցնելու մասին հայտարարել էին Լուկոյլը, Royal Dutch Shell-ը, BP-ն, հնդկական Reliance Industries-ն ու շվեյցարական Glencore-ը: