Պալերմո քաղաքի սիցիլիական վերաքննիչ դատարանը Իտալիայի սենատոր Մարչելլո Դելլ՚Ուտրին դատապարտել է յոթ տարվա բանտարկության՝ մաֆիոզ խմբավորումների հետ կապեր ունենալու մեղադրանքով: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, սենատորը, որը ներկայացնում է «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը, համարվում է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի մտերմագույն զինակիցը: Դելլ՚Ուտրին առաջին անգամը չէ, որ մեղադրյալի կարգավիճակում հայտնվում է իտալական դատարաններում: 2004թ.-ին, երբ դատարանն առաջին անգամ քննում էր նրա գործը, սենատորը դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման, թեեւ դատախազը, որը նրան մեղադրում էր ավելի քան 30 տարի մաֆիային ծառայելու մեջ, նրա համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում: «Ասոշեյթիդ պրեսի» մատուցմամբ, սենատորը Բերլուսկոնիի բիզնես-կայսրության բարձրաստիճան ղեկավարներից մեկն է եղել եւ բազմիցս է հերքել հանցավոր խմբավորումներին առնչություններ ունենալու վերաբերյալ մեղադրանքները:
Անցած մի քանի տարիներին, սակայն, հետաքննիչներն ու դատավորները մանրամասնորեն ուսումնասիրել են սենատորի մասնագիտական եւ քաղաքական գործունեությունը՝ սկսած այն պահից, երբ 1974թ.-ին Դելլ՚Ուտրին լքել է Պալերմոն եւ տեղափոխվել Միլան, ուր եւ սկսել է աշխատել Բերլուսկոնիի հետ սերտ համագործակցության պայմաններում՝ իր մասնակցությունը բերելով շինարարական բիզնեսի, գովազդային եւ մեդիա ոլորտներում: Նա եղել է նաեւ Բերլուսկոնիի «Առաջ Իտալիա» կուսակցության հիմնադիրներից մեկը:
Ինքը՝ վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, որը հրավիրված է եղել դատարան՝ օգտվել է իր իրավունքից եւ հրաժարվել պատասխանել մեղադրողի հարցերին: Դատախազության գնահատմամբ, դրանով վարչապետի այդ դիրքորոշումը թույլ չի տվել մինչեւ վերջ բացահայտելու սենատորի գործունեության այլ մանրամասներ եւս: Դելլ՚Ուտրիի փաստաբանն արդեն հայտարարել է, թե դատարանի որոշումը բողոքարկելու է Գերագույն դատարանում: