Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՌՈՒՍ ԼՐՏԵՍՆԵՐ

Հունիս 30,2010 00:00

\"\"Միացյալ Նահանգների Հետախուզության դաշնային բյուրոն ռուս լրտեսների դեմ հատուկ գործողություն է պատրաստել ճիշտ այն ժամանակ, երբ երկրի նախագահ Օբաման ճաշել է իր ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Սկանդալի մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահի՝ ԱՄՆ կատարած այցից հետո, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններում «վերաբեռնավորման» հարցը: ՀԴԲ նախկին ղեկավարը վստահ է, թե «լրտեսական սկանդալը» սարքել են հատուկ ծառայությունները, որոնք դժգոհ են Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների ջերմացումից:

Ընդսմին, «Reuters»-ի մատուցմամբ, ԱՄՆ-ում բացահայտվել է լրտեսական ցանց, որը քողարկված աշխատել է՝ հավաքագրելով քաղաքական աղբյուրների եւ ռուսական կառավարությանը հետաքրքրող տեղեկություններ: ԱՄՆ իշխանությունները դեռ կիրակի օրը Բոստոնում ձերբակալել են 11 հոգու, որոնցից 10-ը՝ Բոստոնում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում եւ Վիրջինիայում: Նրանք մեղադրվում են «փողերի լվացման» եւ հանցավոր խմբավորումներ ստեղծելու մեջ, որոնց անդամները գաղտնի կերպով գործել են որպես ՌԴ գործակալներ:

ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն, խմբի անդամները մեղադրվում են նաեւ այն բանում, որ ռուսական Արտաքին հետախուզական ծառայության հանձնարարությամբ ներթափանցել են ԱՄՆ եւ կեղծ փաստաթղթերով ներկայացել որպես ԱՄՆ քաղաքացիներ: Նրանց նպատակն է եղել «դառնալ բավարար չափով ամերիկանիզացված, որպեսզի հնարավոր լինի ԱՄՆ-ի մասին անհրաժեշտ տեղեկություններ հավաքել եւ հաջողությամբ հավաքագրել ԱՄՆ քաղաքական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների»: Այդ մասին ասված է ԱՄՆ դաշնային դատարան ուղարկված մեղադրական եզրակացության մեջ: «Մեզ չեն բացատրել, թե բանն ինչ է: Հույս ունեմ՝ կբացատրեն: Պահը, երբ դա արվել է, ընտրված է եղել հատուկ նրբագեղությամբ»,- տեղի ունեցածին անդրադառնալով՝ «Ինտերֆաքսին» հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Մոսկվան կտրուկ է արձագանքել ԱՄՆ իշխանությունների կողմից Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով 10 մարդու ձերբակալության մասին հայտարարությանը: Մոսկվայում կարծում են, որ այդ «գործողությունները որեւէ կերպ հիմնավորված չեն» եւ «սառը պատերազմի» ոգով լրտեսական կրքեր են հիշեցնում: Ի դեպ, գրեթե նույն բառերով ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել էր ընդամենը օրերս Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերի հայտարարությանը, թե՝ երկրում արդյունաբերական լրտեսությունը, որով ավելի հաճախ զբաղված են Ռուսաստանն ու Չինաստանը, Գերմանիայի համար ավելի վտանգավոր են, քան ահաբեկչությունն ու ծայրահեղական կազմակերպությունները:

«Reuters»-ի մատուցմամբ, երեքշաբթի օրը Կիպրոսի ոստիկանությունն է ձերբակալել մի մարդու, որը որոնվում էր ԱՄՆ իշխանությունների կողմից՝ ՌԴ օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել