Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՃՇՊՀ-ն արձագանքում է

Հունիս 30,2010 00:00

«Առավոտում» (23.06.2010թ.) ԵՃՇՊՀ մի խումբ ուսանողներ դժգոհել էին բուհում առկա կաշառակերության դրսեւորումներից, ինչի առնչությամբ ստացել ենք բուհի արձագանքը: «Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը հե-տեւողականորեն գնում է կոռուպցիան բուհական համակարգից արմատախիլ անելու ճանապարհով՝ այդ գործընթացում ակտիվորեն ներգրավելով ուսանողական խորհրդի ուժերը։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի գերակշիռ մասը ազնիվ, պրոֆեսիոնալ մասնագետներ են, որոնց առկայությունը պատիվ կբերի աշխարհի ցանկացած համալսարանի։ Համալսարանը բարի համբավ ունի հասարակության լայն շրջաններում, որի արդյունքում տարեցտարի աճում են համալսարանի դիմորդների որակական եւ քանակական ցուցանիշները։ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր հաստատությունում, այնպես էլ մեր համալսարանում չի բացառվում որոշ անձանց կողմից նեգատիվ երեւույթների դրսեւորումները, սակայն դրանք վաղուց արդեն կարող են կրել միայն եզակի բնույթ։ Յուրաքանչյուր կոռուպցիոն ռիսկի բացահայտման դեպքում, համալսարանում ազնիվ մեծամասնության կողմից ստեղծված բարձր բարոյահոգեբանական արժեքների մթնոլորտում, անբարեխիղճ անձինք դուրս են մղվում պրոֆեսորադասախոսական կազմից։ Միեւնույն ժամանակ, հասարակության համար վտանգավոր այս չարիքից ազատվելու նպատակով, թերթերում նման նամակների հրապարակումը ոչ միայն չի օգնում գործին, այլեւ ստվեր է գցում համալսարանի հարյուրավոր ազնիվ դասախոսների հեղինակության վրա, ինչը կբարդացնի նաեւ կրթության ոլորտում առկա բազմաթիվ այլ հիմնախնդիրների լուծման գործընթացը։ Համալսարանի ուսանողները բաց խոսակցության կողմնակից են եւ որեւէ բանից վախենալու հիմք չեն ունեցել եւ չեն ունենալու։ Նրանց հարցադրումներին համալսարանում կարճ ժամկետում օբյեկտիվ լուծում է տրվում։ Ուսխորհրդի առաջարկով է համալսարանում արգելվել դասախոսների մոտ վճարովի պարապմունքների անցկացումը, ինչը նույնպես որակում ենք որպես կոռուպցիոն ռիսկ։ Անբարեխիղճ դասախոսների բացահայտման եւ մեկուսացման ուղղությամբ համալսարանը շարունակելու է իր անզիջում պայքարը եւ պատրաստ է համագործակցել ԿԳ նախարարության ու հանրապետության նախագահի վերահսկողության ծառայության հետ»,- ասվում է նամակում, որի տակ ստորագրել են ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ Ա. Բեգլարյանը, ռեկտոր Հ. Թոքմաջյանը, ուսանողական խորհրդի նախագահ Է. Գալստյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել