Ասում են բուհերի կարիերայի կենտրոնների ներկայացուցիչները, իսկ ուսանողների պնդմամբ՝ դրանք իրենց չեն օգնում
Երեկ ԵՊՀ-ում կազմակերպվեց «Ուսանողների եւ շրջանավարտների կարիերայի խնդիրները արդի աշխատաշուկայի համատեքստում» թեմայով հանրապետական սեմինար-քննարկում: ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ընթացքում տարբեր բուհերի կարիերայի կենտրոնների պատասխանատուներ, ուսանողներ, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ փորձեցին ելքեր փնտրել եղած խնդիրները լուծելու համար:
Տարբեր առիթներով ուսանողները «Առավոտի» հետ զրույցներում դժգոհում են, թե այս կենտրոնները հիմնականում ինքնանպատակ են գործում կամ էլ լավագույն աշխատատեղերը տրամադրվում են կարիերայի կենտրոններին «մոտ կանգնած» ուսանողներին: Այս հարցերի մասին Հայաստանի պետական ագրարային համալսարանի աշխատանքի տեղավորման եւ խորհրդատվության կենտրոնի տնօրեն Լուսինե Մնացականյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր բուհի կարիերայի կենտրոնի միակ աշխատակիցը ես եմ, ուստի ֆիզիկապես էլ հնարավոր չէ բոլոր ուսանողներին հավասարաչափ պահել ուշադրության կենտրոնում: Մյուս կողմից էլ աշխատաշուկան դեռ չի տալիս այդ հնարավորությունը. թափուր աշխատատեղերն այնքան չեն, որքան մեր շրջանավարտները: Նաեւ դժվար է համագործակցությունը որոշ գործատուների հետ, դեռ այդ մշակույթը մեզանում ձեւավորված չէ: Կոնկրետ մեր կենտրոնի 5 տարվա գործունեության ընթացքում 300-ից ավելի անձինք են տեղավորվել աշխատանքի»:
Գավառի պետական համալսարանի կարիերայի կենտրոնի աշխատանքները համակարգող Պապին Մուրադյանն էլ նկատեց. «Մեր մարզում գործազրկությունն առավել ընդգծված է, եւ խնդիրներն ավելի շատ են: Ինչ վերաբերում է «թայֆայությանը», ապա մեր պարագայում դա չի գործում, քանի որ փոքր բուհում բոլորն իրար ճանաչում են: Իհարկե, դեռ կազմավորման փուլում ենք, բայց համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների տեղի ներկայացուցիչների հետ: Կարիերայի կենտրոնը միայն աշխատանքի տեղավորման գործակալություն չէ, այն կազմակերպում է նաեւ ուսանողների պրակտիկաներ, շրջանավարտների խորհրդատվություն, աշխատանքային տոնավաճառներ եւ այլն»:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էլ դեռ էլեկտրոնային բազան չի գործում, կարիերայի կենտրոնի աշխատակիցները թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն են փակցնում համալսարանի պատերին, շրջում եւ հայտարարում ամբիոններում, ֆակուլտետներում: Կարիերայի կենտրոնի տնօրեն Սերգեյ Հովասափյանից հետաքրքրվեցինք՝ դա արդյունավե՞տ միջոց է: Նա պատասխանեց. «Այդ դեպքում շփումն ավելի ինտերակտիվ է»: Ուսանողների դժգոհությանը, թե կարիերայի կենտրոնները իրենց քիչ են օգնում, զրուցակիցս այսպես արձագանքեց. «Գործատուները տարեկան մոտ 4-5 հայտ են ուղարկում մեզ, ինչը, համեմատած ուսանողների թվի հետ, շատ քիչ է: Ուստի կարիերայի կենտրոնները բուհերում «կաշվից դուրս են գալիս», բայց քանի որ աշխատաշուկայի կողմից դեռեւս ռեալ պահանջարկ չկա, մեր աշխատանքն արդյունք չի տալիս: Ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ-ում կազմակերպությունները գերշահույթ են ստանում եւ իրենց կարող են թույլ տալ աչք փակել վատ աշխատողների վրա»:
ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանին հիշեցրինք, որ «Առավոտին» դիմած ԵՊՀ ուսանողը դժգոհում էր, թե կարիերայի կենտրոնն իրեն, որ ավարտել է մեխանիկայի ֆակուլտետը, «ջուր ծախողի» աշխատատեղ է առաջարկել: Լ. Հակոբյանն այս մասին ասաց. «Կարիերայի կենտրոնը մատուցողների եւ առաքիչների վրա ամենեւին էլ կենտրոնացած չէ, ընդհակառակը՝ նման հայտերը մենք մերժում ենք: Բայց ունենք ուսանողներ, որոնք մեծ գոհունակությամբ ամառային արձակուրդներին օգտագործում են այդ ժամանակավոր աշխատատեղերը: Ինչ վերաբերում է կարիերայի կենտրոնին մոտ կանգնած լինելու դեպքում միայն լավ աշխատատեղ գտնելու դժգոհությանը՝ նշեմ, որ զբաղվում ենք շրջանավարտների կարիերայի խնդիրներով, իսկ ուսանողների համար կազմակերպում ենք պրակտիկաներ, որ ավարտելուց հետո փաստի առաջ չկանգնեն աշխատանքային փորձ չունենալու պատճառով»: