Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻՑ

Հունիս 30,2010 00:00

Լոռու մարզի գյուղական դպրոցների ռուսական դասարանների աշակերտները սովորում են 10-ամյա կրթության համար նախատեսված գրքերով

Մայիսի 13-ին «Գրքերն ստացան տարեվերջին» հոդվածով «Առավոտն» անդրադարձել էր Լոռու մարզի Գուգարքի շրջանի Լերմոնտովո եւ Ֆիոլետովո համայնքների միջնակարգ դպրոցներում տարիներ շարունակ խորացած եւ լուծում չստացող խնդրին՝ ռուսական դասարաններում չորս անուն դասագրքերի պակասին:

Հոդվածին արձագանքեց Լերմոնտովոյի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի, հումանիտար առարկայական մեթոդմիավորման նախագահ Նարինե Մաթեւոսյանը: Նա պարզաբանեց, որ դպրոցում բավարար քանակությամբ գրքեր կան, ժամանակին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության, կրթության բաժնի մասնագետների հետ նախնական պայմանավորվածության համաձայն, դպրոցը 10-ամյա կրթության համար նախատեսված գրքերը չի հանձնել (ռուսական դասարանների համար երբեւէ 12- ամյա կրթության գիրք չստանալով), այժմ ուսուցիչները դասավանդում են հենց այդ գրքերով, որոնք այլեւս չեն գործածվում հայկական դպրոցներում, հրատարակվել են տարիներ առաջ 10-ամյա կրթության համար եւ չեն համապատասխանում 12-ամյա կրթական ծրագրին: Ըստ Նարինե Մաթեւոսյանի, սա էլ իր հերթին նոր խնդիրներ է առաջ բերում, յուրաքանչյուր տարեսկզբի՝ մեթոդմիավորման նախագահն ու ուսուցիչները ծրագրերն ու թեմաները նախօրոք են ուսումնասիրում եւ համադրում գրքերի հետ, որպեսզի կարողանան ծրագրային յուրաքանչյուր թեմայի համար համապատասխան գիրք տրամադրել աշակերտին: «Ենթադրենք, անցնող թեման ծրագրով կա 8-րդ դասարանում, սակայն 10-ամյա ծրագրով 9-րդ դասարանի դասագրքում է, աշակերտին տալիս ենք այդ գիրքը»,- ասաց Նարինե Մաթեւոսյանը:

Դպրոցում 12-ամյա կրթության դասագրքեր կան միայն հայկական դասարանների աշակերտների համար, ուր սովորում է 25 աշակերտ: Ավելի մեծ խնդիր էր հայ ժողովրդի պատմություն եւ հայոց եկեղեցու պատմություն առարկաների գրքերի բացակայությունը, սակայն հաջորդ ուսումնական տարվա համար Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչությունը, Ֆիոլետովո գյուղի դպրոցի տարբերակով (որտեղ հայկական դասարաններ չկան եւ հայկական դպրոցի դասագրքի նմուշ էլ չկար, դպրոցին թեկուզ տարեվերջին գրքեր տրամադրեց), Վանաձորի հայկական դպրոցներում աշակերտների թվից ավելի գրքերը կփոխանցվի Լերմոնտովոյի դպրոցին: Դպրոցի տնօրեն Վահան Հովսեփյանն էլ անդրադառնալով մեր հոդվածում տեղ գտած մտքին, թե իրենց դպրոցը ռուսական դասարանների աշակերտների համար դասագրքերը ստանում է դեսպանատնից՝ ասաց. «գրքերն ստանում ենք ոչ թե դեսպանատնից, այլ դեսպանության միջնորդությամբ: Եվ հետո, մեր դպրոցում 1976թ. տպագրության գրքեր չկան: Նշված 4 առարկաների համար էլ, որքան կարողացել ենք, ձեռք ենք բերել դասագրքեր: Մեր դպրոցի ոչ մի աշակերտ դասագիրք չի գնել: Եթե նման բան լիներ, գոնե ուսուցիչը կտեսներ, կիմանայինք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել