Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաուրանիստների շարքերը ստվարանում են

Հունիս 30,2010 00:00

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարության նախաձեռնությամբ հունիսի 29-ին Կապանում պետք է հանրային քննարկում լիներ՝ Սյունիքում ուրանի հանքավայրի հնարավոր շահագործման ու երկրաբանահետախուզական աշխատանքների թեմայով, սակայն այն հերթական անգամ հետաձգվեց՝ այս անգամ մինչեւ հուլիսի 2-ը: Հիշեցնենք, որ այս քննարկումը պետք է տեղի ունենար դեռ մինչեւ 2010 թվականի հունիսի 15-ը, հետո հետաձգվեց մինչեւ հունիսի 20-ը, հետո՝ նշանակվեց հունիսի 29-ին:

Մինչ հանդիպում-քննարկման օրը ձգձգվում է, Կապանում գործող հասարակական կազմակերպությունները՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հ/կ Սյունիքի մարզային մասնաճյուղ, «Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն», «Ազատամարտ» կոմիտե, «Խուստուփ» բնապահպանական հ/կ, «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ, «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամ, Հայաստանի երիտասարդական միության կապանյան տարածաշրջանի կառույց, «Իրավական հասարակություն» հ/կ եւ Կապանի «Օրհուս» կենտրոն, ակտիվորեն շարունակում են պայքարը ուրանի հանքերի շահագործմանը առնչվող գործընթացների դեմ:

Տեղեկացրել ենք, որ վերը նշված հ/կ-ների առաջարկով Կապանի ավագանին որոշել է դիմել ՀՀ նախագահին, կառավարությանն ու ԱԺ-ին՝ հորդորելով չեղյալ հայտարարել ուրանի հանքերի հետախուզման ծրագիրը: Մոտ օրերս ուղերձը տեղ կհասնի: Նույն հ/կ-ները, կարեւորելով Քաջարանի համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների դիրքորոշումը, դիմել են նաեւ նրանց՝ առաջարկելով նույնը՝ «ոչ» ասել ուրանի հանքավայրի երկրաբանական-հետախուզական աշխատանքներին եւ հնարավոր շահագործման ողջ գործընթացին ու միանալ եւ աջակցել Կապանի բնակչության շրջանում սկսված հակաուրանյան ստորագրահավաքին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել