Այս տարվա մայիսի 26-ին եւ հունիսի 16-ին անդրադարձել ենք Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մատույցներում տեղադրված երթեւեկության արագությունը սահմանափակող նշանին. նշանը ծառի ճյուղերի ետեւում է ու դարձել է յուրատեսակ «ծուղակ» վարորդների համար: Պարզվում է, որ սա Տավուշի մարզում եզակի դեպք չէ: Տավուշում ճանապարհային երթեւեկության նշանների մի մասը տեղադրված է հենց ծառերի տակ, տեսանելի չէ, ինչը նշանից քիչ հեռու կանգնած «դարանած» պետավտոտեսուչներին հնարավորություն է տալիս տուգանելու վարորդներին:
Տավուշի մարզպետարանից 100 մետր հեռավորության վրա, Իջեւանի թիվ 2 դպրոցի մոտ, ծառի տակ, տերեւներով կիսածածկ, տեղադրված է երեխաների նկատմամբ ուշադրություն պահանջող հետիոտնային անցման նշան: Այս նշանն էլ կարող է ծուղակ դառնալ: Ու կրկնակի ցավալի է, որ վարորդներին կարգի հրավիրելու կոչված պետավտոտեսուչները երբեմն իրենք են ճանապարհային երթեւեկության կանոնները խախտում: Հունիսի 24-ին, ժամը 14.30-ի սահմաններում ականատես եղանք, թե ինչպես ավտոտեսուչը ծառայողական մեքենայով շուրջ 10 րոպե փակել էր Իջեւան քաղաքի ամենաբանուկ մասում գտնվող՝ քաղաքի ոստիկանության, «ԱրմենՏելի» բաժանմունքի եւ միջպետական ճանապարհի մի հատվածը եւ անխռով զրուցում էր ինչ-որ մեկի հետ: Տեսնես կարգազանց պետավտոտեսուչին ո՞վ պետք է տուգանի: Եվ ե՞րբ: