Լրահոս
Օրվա լրահոսը

Խոցելի մարդկանց խոցելի խնդիրները

Հունիս 30,2010 00:00

Պաշտոնական տվյալներով, Լոռու մարզում կա 380 վատ տեսնող եւ կույր մարդ, որոնցից 110-ն ապրում է Վանաձորում: Այս մարդկանց համար առաջնահերթ խնդիրն աշխատանք չունենալն ու ուշադրության պակասն է:

Վանաձորցի 48-ամյա Սիրանուշ Ստեփանյանը շատերի նման աշխատանքի եւ մարդկանց ու պետության կողմից ուշադրության կարիք ունի: Մինչեւ 10 տարեկանը գերազանցիկ էր: Փոքր հասակում առանձնահատուկ սեր ուներ գիր ու գրականության նկատմամբ: Եթե կյանքը անսպասելի անակնկալ չմատուցեր, չէր էլ ցանկանա բժիշկ դառնալ: Սակայն բժիշկ էլ չդարձավ:

Սիրանուշ Ստեփանյանն արդեն քանի տարի աշխարհն ու մարդկանց աղոտ է տեսնում: Փոքր լինենք, թե մեծ, գրիպ բոլորս ենք ընկնում: Ամենքի մոտ նրա հետեւանքները տարբեր կերպ են արտահայտվում կամ չեն արտահայտվում: «Տեսաներվն է վնասվել, տեսաներվի ատրոֆիա, ոչ լրիվ». վիրուսային հիվանդության բարդության հետեւանքներն արդեն 38 տարի Սիրանուշի անբաժան ուղեկիցներն են: Նախ ոտքերն ու ձեռքերն էլ էին թուլացել, սակայն հիմա նման խնդիրներ, բարեբախտաբար, չունի: Տեսաներվի ատրոֆիան, որպես կանոն, դժվար է բուժման ենթարկվում, հազվադեպ կարող է հանգեցնել նույնիսկ լրիվ կուրության:

Միակ ելքը պահպանելն է այն, ինչ դեռ կա: Իսկ պահպանելու համար գումարներ են հարկավոր: «Ամսական ստանում եմ 11 200 դրամ թոշակ: Դրա կեսը տրամադրում եմ դեղեր գնելուն, մյուս կեսով իմ անձնական կարիքներն եմ հոգում»,- թոշակի քիչ լինելու մասին է պատմում Սիրանուշը: Նա ամենաէժան դեղի համար վճարում է 5000 դրամ:

«Կուզենայի աշխատել, թեկուզ հեռախոսավարուհի»,- ասում է նա:

Սիրանուշն ասմունքում էլ է. հոգեւոր պահանջների բավարարման կարիք էլ ունի: Բանաստեղծություններ էլ է գրում: «Գնահատված զգալու, ուշադրության կարիք շատ ունեմ,- ասում է Սիրանուշը եւ ավելացնում,- ես ուզում եմ մարդկանց հետ շփվել՝ ոչ միայն շփվելու համար, այլեւ նրանցից բաներ սովորելու համար»: Սիրանուշն ասում է, որ լավ տեսնող մարդիկ վերեւից են նայում, իրենց լավ են զգում. «Մարդկանց խիղճը պետք է զարթնի, սերը շատ քիչ է»:

«Խնդիրները շատ են, այժմյան հաշմանդամ մարդիկ ընկճված են՝ փողոց նետվածների նման»,- ամենուր տիրող անտարբերության մասին է պատմում Վանաձորի կույրերի վարչության նախագահ Հովիկ Ծատուրյանը:

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ «Հայաստանի կույրերի միավորում» Վանաձորի ուսումնաարտադրական ձեռնարկությունը չի աշխատում. այնտեղ աշխատող 37 կույրերի հույսի վերջին դուռն այստեղ էլ է փակվել:

«Հիմա 10 000 դրամին էլ են երնեկ տալիս: Ծանր է վիճակը, ընտանիքներ կան, որ սովի են մատնված, տան իրերն են վաճառում, որ յոլա գնան»,- կույրերի սոցիալական ծանր վիճակի մասին է պատմում Վանաձորի կույրերի վարչության քարտուղար Լարիսա Բաբինյանը:

«Գործ սկսելու համար փող է անհրաժեշտ, այդ պատճառով էլ չենք կարողանում գոնե մի արտադրամաս բացել, առաջ գնալու հնարավորություններ չկան, հովանավորներ չկան, օգնության կարիք ունենք, ամենքի ուշադրությունից զուրկ ենք,- իր դժգոհությունն է արտահայտում Լարիսա Բաբինյանը եւ հավելում,- գալիս են, խոստանում են, որ լավ կլինի, այդպես էլ թողնում- գնում են, միայն խոսքեր ենք այսքան ժամանակ լսել: Պետության հարկերը գոնե մեր վրայից հանեն, ոչ մի արտոնություն չկա»: Թեեւ կույրերի վարչությունում մարդիկ կարողանում են բրայլյան այբուբենով գրքեր կարդալ, սակայն շատերը ուղեկցող չունենալու պատճառով չեն կարողանում հաճախել այնտեղ, իսկ «խոսող» գրքերը տուն տանելն անիմաստ է. շատերը նույնիսկ մագնիտոֆոն չունեն:

Վանաձորի կենտրոնական գրադարանի 400 000 կտոր գրքից եւ ոչ մեկը երբեւէ բրայլյան այբուբենով չի եղել եւ դժվար էլ լինի:

Նախորդ տարվա դեկտեմբերից, սակայն, Վանաձորի կենտրոնական գրադարանում կույր եւ վատ տեսնող մարդկանց համար գործում է «Արեւ» համակարգչային ծրագիրը: Այն հնարավորություն է տալիս այդ մարդկանց լիարժեք օգտվել համակարգչից, նույնիսկ գրքեր կարդալ:

«Ունենք նաեւ «Ընտանեկան գրադարան» ծրագիրը, որը սպասարկում է ընթերցողներին՝ տուն այցերով, հնարավոր է, որ մեր շահառուների մեջ լինեն նաեւ կույրեր: Աշխատակիցները ընթերցում են նրանց համար»,- տեղեկացրեց գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյանը: Գրադարանն ունի այդպիսի 110 ընթերցող՝ չհաշված մանկատունն ու ծերանոցը:

Սիրանուշը, սակայն, այս մասին ոչինչ չգիտեր: Իսկ «Արեւ» ծրագիրը դեռ չի կարողացել սովորել՝ ուղեկցող չունենալու պատճառով:

«Շատերը չեն սովորել այդ ծրագիրը, որովհետեւ կամ ուղեկցող չեն ունեցել, կամ փող՝ երթեւեկության ծախսերը հոգալու համար»,- բացատրում է Լարիսա Բաբինյանը: Թեեւ մի քանի կույր եւ վատ տեսնող մարդիկ արդեն ստացել են համակարգիչ, սակայն մի քանիսով խնդիր չի լուծվում: «Գոնե ծրագիրը սովորած մարդկանց ապահովեն համակարգչով, որպեսզի կարողանան հետո էլ օգտվել»,- իր ցանկությունն է հայտնում տիկին Լարիսան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել