Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՀԱՑԱԾ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Հունիս 30,2010 00:00

\"\"Վետերաններին զրկում են անգամ տապանաքար ունենալուց

Մայիսի 10-ին, որպես բարի կամքի դրսեւորում, Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակի կապակցությամբ, ՀՀ կառավարությունը որոշել է փոխհատուցել Մեծ հայրենականի վետերանների՝ ՀԽՍՀ խնայդրամարկղերում ունեցած ավանդները: Եվ մինչ կսկսվեր այս գործընթացը, նախատեսված գումարը տեղ կհասներ, կոնկրետ Գյումրիում մի քանի վետերաններ մահացան՝ այդպես էլ բախտ չունենալով վայելել իրենց կուտակած գումարները: Գյումրիի թիվ 2 սոցիալական ծառայության ղեկավար Էդիկ Բաղրամյանի տվյալներով, արդեն 3-4 վետերան կյանքից հեռացել է՝ կառավարության որոշումից օրեր անց: Խնդիրն այն է, որ վետերանի մահից հետո ավանդի վերադարձը դադարեցվում է եւ ժառանգներին հնարավորություն չի տրվում այն ստանալու:

Մեր խմբագրությանն են դիմել վերջերս մահացած վետերաններից մեկի՝ Առաքել Սիմոնյանի հարազատները: Նրանց հատկապես մտահոգում էր այն, որ 87-ամյա վետերան Առաքել Սիմոնյանը, ունենալով 50 տարվա աշխատանքային ստաժ, այսօր զրկվել է անգամ հուշաքար ունենալու հնարավորությունից. «Վետերաններին այսպե՞ս են հարգում, ո՞վ չգիտի, որ նրանցից շատ քչերն են այսօր կենդանի մնացել, մեծ մասն էլ վատառողջ է, կենդանության օրոք մեդալներ են նվիրում, բայց մահից հետո չեն ուզում, որ մի հուշաքար ունենա: Նա բանկում 12000 ռուբլի ուներ, գոնե տային, մի կիսանդրի դնեինք, անցող-դարձողն էլ տեսներ, որ մեր պապիկը իր ավանդն է ունեցել հայրենիքի ազատագրման գործում: Իր փողն ենք ուզում, հո չենք ասում գրպաններից հանեն նվեր տան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց վետերանի այրիացած հարսը՝ Անահիտ Սիմոնյանը: Նշենք, որ նրա ամուսինը զոհվել է երկրաշարժի ժամանակ, որդին այժմ ծառայում է բանակում, ինքն էլ բուժքույր է աշխատում մանկապարտեզում, այսինքն, տիկին Անահիտի խոսքերով, ինքն այդքան եկամուտ չի ստանում, որ կարողանա սկեսրայրի գերեզմանը սարքել:

Վետերանի հարազատների սրտին նաեւ ծանրացած է այն, որ նա, լսելով կառավարության որոշման մասին, անչափ ոգեւորվել ու պառկած տեղից վեր կենալով, իր ոտքով սոցիալական ծառայություն էր ներկայացրել պահանջված փաստաթղթերը: «Վերջերս նա շատ վատ էր քայլում, ուսահոդն էր բորբոքվել, անոթներն էին խցանվել, ու չնայած դրան, այնքան պարտաճանաչ էր, որ նույնիսկ մայիսի 9-ի շքերթին մասնակցեց: Բոլորս էլ գիտենք, որ այսօր քայլող վետերաններ գրեթե չեն մնացել, եթե մարդն իրեն զոհաբերում է, իշխանության կազմակերպած հրավերը չի մերժում, մի՞թե այդ նույն իշխանության ներկայացուցիչները շատ են համարում նրա վաստակը հետմահու իրեն վերադարձնելը: Ընդ որում, նա շատ առավելություններ ունի, բազում մեդալներ, մինչեւ վերջերս իր մահացած որդու ընտանիքն ինքն էր պահում, տան միակ կերակրողն էր, որբ թոռանն ինքն է մեծացրել: Պատերազմից հետո գլխի ծանր վիրահատություն է տարել, իր ամբողջ կյանքում Տեքստիլկոմբինատում է աշխատել, էլ չեմ ասում, որ ամբողջ կյանքում հասարակական գործունեություն է ծավալել: Հասկանում ենք, որ կառավարության միջոցները սուղ են, բայց շատ տգեղ է, որ խնայողություններ են անում մեռած վետերանների հաշվին, որ կարգին հաշվարկ կատարեն, կտեսնեն, որ դա այնքան էլ ծախսատար չէ»,- ասում էր Առաքել Սիմոնյանի մյուս հարսը՝ Ջուլիետա Հովհաննիսյանը:

Մենք Գյումրիի թիվ 2 սոցիալական ծառայության ղեկավար Էդիկ Բաղրամյանից հարցրինք, թե հնարավոր չէ՞ր ավելի շուտ փոխհատուցել առողջական ծանր վիճակում գտնվող վետերանի գումարը: Պաշտոնյայի ներկայացմամբ, այստեղ սոցիալական ծառայությունը որեւէ մեղք չունի, իրենք կառավարության որոշումից հետո վետերանների տվյալները մուտքագրել են, գրանցել, ցուցակները վերջերս են հաստատվել, գումարն էլ երեկ նոր փոխանցվել է: Հիշեցնենք, որ մի ամիս առաջ Գյումրի կատարած այցելության ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը գյումրեցիներին խոստացել էր այս հարցը բարձրաձայնել Ազգային ժողովում: «Հազարավոր մարդիկ մեզ են դիմում՝ իրավմամբ չհասկանալով, թե ինչո՞ւ հարազատների մահից հետո իրենք իրավունք չունեն ստանալ նրա ավանդը»,- լրագրողներին ասել էր պատգամավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել