Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրանժ»-ն իր ոճի մեջ է

Հունիս 30,2010 00:00

Հունիսի 18-ին «Օրանժ» ընկերությունը տարածեց հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված էր. «Այսուհետ Orange-ի շարժական գերարագ ինտերնետի բաժանորդները հնարավորություն կունենան փաստաթղթերը բեռնել դեպի ինտերնետ գերբարձր արագությամբ՝ Orange-ի կողմից 3G+ ցանցի վերջին բարելավումների եւ նոր HSUPA տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ: Orange-ի շարժական գերարագ ինտերնետի բոլոր բաժանորդները նոր «Արագ բեռնում» ծառայության շնորհիվ հնարավորություն են ստացել ցանցի իդեալական պայմաններում դեպի ցանց բեռնումներ կատարել (upload) մինչեւ 2Մբ/վրկ արագությամբ: Orange-ն առաջին բջջային օպերատորն է, որ HSUPA տեխնոլոգիաներ է ներդնում Հայաստանում եւ առհասարակ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Orange-ի գերարագ ինտերնետի համար նախատեսված բոլոր սարքերը՝ Ինտերնետ Հիմա մոդեմը եւ Ֆլայբոքս երթուղիչը, համատեղելի են HSUPA տեխնոլոգիաների հետ»:

Այս հաղորդագրությանը հաջորդեց ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի հաղորդագրությունը. «ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը՝ ՄՏՍ ԲԲԸ դուստր ընկերությունը, ի պատասխան ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումների, եւս մեկ անգամ վերահաստատում է, որ ընկերությունը դեռեւս 2009 թվականի ապրիլի 17-ին Հայաստանի երեք քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում պաշտոնապես ազդարարել է HSPA տեխնոլոգիայի հիման վրա գործող իր 3G ցանցի կոմերցիոն մեկնարկը: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ HSPA-ը բաղկացած է երկու տեխնոլոգիական մասերից՝ HSDPA-ից (թրաֆիքի ներբեռնման համար) եւ HSUPA-ից (թրաֆիքի վերբեռնման համար), որոնց արագությունները կազմում են համապատասխանաբար՝ մինչեւ 7.2 Մբ/վրկ HSDPA-ի եւ մինչեւ 1.83 Մբ/վրկ՝ HSUPA-ի համար: Ավելի ուշ HSPA տեխնոլոգիայի հիման վրա գործող 3G ցանցը ընդլայնվել է, եւ ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի կողմից 2009թ. հոկտեմբերի 27-ին հայտարարվել է Հայաստանի բոլոր մարզերում դրա կոմերցիոն մեկնարկը»:

Եվ վերջապես երեկ «Օրանժը» հանդես եկավ պարզաբանումով, որում ասված էր. «2010թ. հունիսի 18-ին Orange-ի կողմից տարածված “Արագ բեռնում” ծառայության եւ Հայաստանում HSUPA տեխնոլոգիաների ներդրման մասին մամլո հաղորդագրության շուրջ ընկերությունում ստացվել են բազմաթիվ հարցումներ: Քանի որ այդ հաղորդագրությունը մի շարք թյուրըմբռնումների տեղիք էր տվել՝ ընկերությունը ցանկանում է կատարել հստակեցումներ: Orange-ն ընդունում է այն փաստը, որ HSUPA տեխնոլոգիայով համալրված ցանց Հայաստանում գոյություն ունեցել է նախքան Orange-ի մեկնարկը Հայաստանում: Սակայն Orange-ը նշում է, որ այսօր միակ օպերատորն է Հայաստանում, որն իր գերարագ ինտերնետի բաժանորդներին առաջարկում է HSUPA տեխնոլոգիաների հետ համատեղելի գերարագ ինտերնետի մոդեմներ (Ինտերնետ Հիմա եւ Ֆլայբոքս), որոնք թույլ են տալիս մինչեւ 2 Մբ/վ վերբեռնում HSUPA տեխնոլոգիաներով համալրված իր ամբողջ 3G+ ցանցում»:

Ի դեպ, մասնագետները նշում են, որ այս վերջին պնդումը նույնպես ոչ այնքան հավաստի տվյալ է եւ նույնպես կարող է «թյուրըմբռնումների» տեղիք տալ:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Օրանժ»-ը հանդես է գալիս որպես ոչ այնքան բարեխիղճ մրցակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել