Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀՌԵԼԻ ՄԱՔՍ՝ ՆՎԵՐԻ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունիս 30,2010 00:00

 ՊԵԿ-ն ընդունում է, որ դա սխալ է, բայց օրենքի շրջանակներում է

Պետեկամուտների կոմիտեի միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումների մասին «Առավոտը» շարունակում է քաղաքացիներից նորանոր բողոքներ ստանալ: Մարդիկ վստահեցնում են, որ արտասահմանի իրենց հարազատներից, որպես նվեր, մի փոքր փաթեթ են ստանում ու ստիպված լինում բավականին խոշոր մաքս վճարել՝ այդ նվերը վերցնելու համար: Շատերը ստիպված հրաժարվում են նվերից, որովհետեւ հաճախ իրենց վճարումները մի քանի անգամ գերազանցում են ուղարկվող փաթեթի արժեքը:

Պատահել է, որ տուրիստը, իբր ավելորդ խնդիրներից խուսափելու համար, Հայաստան այցելելիս իրեն անհրաժեշտ, օգտագործած իրերը ուղարկել է սուրհանդակային առաքմամբ, սակայն երբ իմացել է, թե որքան ահռելի մաքս պետք է վճարի իր իրերի համար՝ հիասթափվել է Հայաստանից: Վիրավորանքն այնքան մեծ է եղել, որ այլեւս զբոսաշրջության սիրտ չունենալով՝ տուրիստը ճամպրուկները թողել է մաքսավորներին ու հեռացել այստեղից:

Թե ինչու են Հայաստանի օդ ու ջուրը գնահատող այդ մի քանի տուրիստներին էլ հիասթափեցնում մեր երկրից ու ինչու են փաթեթների համար այդքան խոշոր հարկ պահանջում մաքսատանը՝ «Առավոտին» պարզաբանումներ տվեց ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման եւ հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանը: Նրա խոսքերով՝ «Մաքսայինին ոչ ոք փաթեթներ չի նվիրում, նման հասկացություն չկա: Պարզապես մաքսային մի ռեժիմ կա, որը կոչվում է սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության: Եթե որեւէ ապրանք չի մաքսազերծվում, եւ քաղաքացին ընտրում է այդ ռեժիմը, բեռը տնօրինում են ոչ թե մաքսային մարմինները, ինչպես տպավորված է ժողովրդի մեջ, այլ՝ պետությունը: Հնարավոր է, որ այդ փաթեթը տրվի Դատական ակտերի հարկադիր կատարողներին, որ աճուրդների միջոցով վաճառեն: Եթե փաթեթում սննդամթերք է, տրամադրվում է որեւէ մանկատան կամ ծերանոցի: Ամեն դեպքում մաքսայինի տրամադրության տակ որեւէ ապրանք չի մնում»: Ստացվում է, որ եթե արտասահմանում օրվա հացի խնդիր լուծող մարդիկ այստեղի իրենց բարեկամներին որոշեն մի փոքր օգնել ու մի քանի կտոր հագուստ, մաստակ, կոնֆետեղեն կամ նման նվերներ ուղարկել՝ եթե նվեր ստացողը բավականաչափ փող չունի՝ այդ հագուստներն աճուրդի կհանվեն, մաստակներն էլ կծամեն ծերանոցներում: Կ. Բեգլարյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ չափանիշներ կան. «Եթե ստացված բեռը չի գերազանցում 20 կգ-ը եւ դրա մաքսային արժեքը չի գերազանցում 50 հազար դրամը, այդ ապրանքն արդեն ենթակա չէ հայտարարագրման եւ դրանից մաքսային վճարներ չեն գանձվում, այդ բեռը տրվում է միանգամից հասցեատիրոջը: Բայց հիմնական բողոքները վերաբերում են 20 կգ-ից բարձր ծանրոցներին, երբ մարդիկ ստիպված են դրանց համար հարկ վճարել: Մենք էլ ենք հասկանում, որ այդտեղ խնդիր կա, ուստի մեր նախաձեռնությամբ ներկայումս կառավարությունը քննարկում է օրենքի նոր նախագիծ: Մենք առաջարկում ենք, որ 50 հազար դրամի փոխարեն ֆիքսվի 150 հազար դրամ մաքսային արժեքը, դա, մեր կարծիքով, այս պահի դրությամբ այն գումարն է, որը ենթադրում է, որ ծանրոցում ճոխ նվեր է, եւ դրա համար մարդը պարտավոր է իսկապես հարկ վճարել»: Պարոն Բեգլարյանն ընդունում է, որ հիմա, եթե նույնիսկ մի սիմվոլիկ արժեքի՝ թեկուզ 20 դոլարանոց մի ծանրոց են ուղարկում, այդ ծանրոցի արժեքին, անկախ ամեն ինչից, գումարվում են տեղափոխման ծախսերը, ու ստացվում է, որ 20 դոլարանոց ծանրոցն արդեն մաքսատանը գնահատվում է 50 հազար դրամից ավելի ու մտնում հարկման տակ. «Եղել են դեպքեր, երբ փաթեթ ստացողը կտրոններ է բերել ու ցույց տվել, որ ինքը խանութից այդ ապրանքն իսկապես գնել է 20 դոլարով, մաքսավորը հավատում է, բայց ստիպված է ավելի գանձել, ամբողջ աշխարհում դա ընդունված տնտեսագիտական հաշվարկ է, որ ապրանքի ինքնարժեքի հետ պետք է տեղափոխման ծախսն էլ հաշվարկվի: Դա է պատճառը, որ 20 դոլարանոց հեռախոսը Հայաստանում գնահատվում է 50 հազար դրամ կամ գուցե դրանից ավելի»: Մեր հարցին՝ տեղափոխման ծախս ասելով ի՞նչ եք հասկանում՝ դա ասեղի կամ հեռախոսի համար նույն ֆիքսված արժե՞քն է, թե՞ մաքսային մարմինն է որոշում՝ որ ապրանքի համար ինչ գին սահմանել. «Դա որոշում է սուրհանդակային կամ փոստային առաքում իրականացնողը, ինքն ունի իր սակագները՝ կախված քաշից ու ապրանքի ծավալից: Նա գիտի, թե ցանկացած ապրանք A կետից B կետ հասցնելու համար որքան կպահանջվի: Ուրիշ հարց է, որ ուղարկողին նորմալ չեն բացատրում, ու այստեղ մարդիկ անակնկալի են գալիս: Եթե մեկը Ամերիկայից ինձ՝ Բեգլարյան Կարենիս մի նվեր ուղարկի, վճարի տեղափոխման համար, ես ապրանքը ստանալիս դարձյալ պետք է այստեղ վճարումներ անեմ, բայց՝ արդեն ոչ թե տեղափոխման, այլ՝ մաքսային ձեւակերպումների համար: Կարող է մի բեռնարկղ ավազ ուղարկեն եւ մի հեռախոս, այդ երկուսն էլ նույն մաքսային արժեքն ունենան, դա հաշվարկ է»: Մեր դիտարկմանը, որ տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ մարդիկ ստիպված են Սփյուռքից ուղարկված նվեր փաթեթների համար այդքան շատ վճարումներ կատարել՝ Կ. Բեգլարյանը պատասխանեց. «Գիտե՞ք մի երկիր, որտեղ այլ՝ ավելի էժան մեխանիզմներ են գործում: Չկա մի երկիր, որը նմանատիպ ապրանքների համար արտոնություններ ունենա»: Պարոն Բեգլարյանն անընդհատ համեմատություններ էր կատարում Եվրոպայի հետ, մինչդեռ մենք Եվրոպա չենք, տրանսֆերտների եւ դրսից ուղարկված փաթեթների, օգնությունների հաշվին ապրող ժողովուրդ ենք: Սակայն ՊԵԿ-ի պաշտոնյայի պնդմամբ՝ մարդիկ բոլորովին էլ փաթեթների հույսին չեն ապրում. «Դուք անընդհատ փաթեթների՞ եք սպասում: Ժամանակ առ ժամանակ փաթեթ ստանալն ուրիշ է, շատերն են ստանում, ու, եթե ստանում են, պարտավոր են դրա դիմաց հարկ վճարել: Ես էլ, եթե ստանամ՝ պետք է վճարեմ, որովհետեւ ես ինչո՞վ եմ առավել այն տնտեսվարող սուբյեկտից, որը ապրանք է բերում՝ վաճառելու համար: Կարող է ես էլ եմ հետագայում ուղարկված այդ փաթեթների ապրանքները վաճառում, ուրեմն ինչո՞ւ պետք է հարկ չվճարեմ»: Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեն, երբ մի փոքրիկ ավտոտնակում մի քանի մաստակ ծախողի գլխին է կանգնում, նրան տուգանում, որ ՀԴՄ չունի, տոնավաճառների վաճառականներից հարկ է պահանջում, երբ անգամ կոշիկ նորոգողներին է մտցնում հարկման դաշտ, այս բոլորի համար տալիս է հետեւյալ արդարացումը՝ բիզնես են անում՝ պետք է վճարեն: Տվյալ դեպքում, փաթեթ ստացողները բիզնես չեն անում, բայց, փաստորեն, նրանց նույն աչքով են նայում, ինչ բիզնեսմենին: Կ. Բեգլարյանի խոսքերով՝ «Գիտե՞ք ինչ կա, սահմանի վրա չես կարող տարանջատել՝ ով է բիզնես անում, ով՝ ոչ: Դա շատ դժվար է: Միակ տարանջատումը, որ տալիս է օրենքը՝ սա է. եթե ապրանքը չունի գործարանային փաթեթավորում ու պիտակավորում՝ կարելի է համարել, որ դա շուկա չի հանվելու, դա համարվում է անձնական իր»: Այս պարզաբանմանը հաջորդած մեր հարցին՝ եթե արտասահմանի մեր բարեկամները սրանից հետո փաթեթներով մեզ ուղարկված հագուստի վրայից պիտակները պոկեն, ապրանքները տուփերից հանեն, գործարանային փաթեթավորումներ չլինեն՝ ստացողը հարկ չի՞ վճարի՝ պատասխանեց. «Անձնական օգտագործման իրերը, որոնք գալիս են ուղեւորի հետ՝ հարկման ենթակա չեն, բայց եթե այդ իրերը գան փոստային առաքման միջոցով՝ ամեն դեպքում հարկման ենթակա են»:

Հ. Գ. «Առավոտը» պայմանավորվածություն է ձեռք բերել՝ այցելելու մաքսատան այն տերմինալը, որտեղից քաղաքացիները փաթեթ են ստանում եւ տեղում ծանոթանալու իրավիճակին: Մաքսատան քաշքշուկների, հայտարարագրման բարդությունների հետ կապված խնդրին կանդրադառնանք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել