Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե վերջնական, այլ նոր փուլ

Հունիս 30,2010 00:00

Սա է Հանրապետականի կարծիքը ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի այս փուլի մասին

«Մեր կուսակցության տեսակետը հստակ է եւ անփոփոխ: Մենք մշտապես ասել ենք, որ խնդրի անկյունաքարը Ղարաբաղի կարգավիճակն է, եւ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել ոչ թե հետեւանքները, այլ պատճառները: Իսկ դրա համար պետք է նախ տրվի կարգավիճակին վերաբերող հարցի լուծումը, եւ մյուս բոլոր հարցերը արդեն ածանցյալ են»,- երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով համանախագահող երկրների նախագահների կանադական հայտարարությանը՝ պարոն Շարմազանովն ասաց, թե երեք նախագահների ջանքերը՝ հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ, ՀՀԿ-ն բարձր է գնահատում. «Ինչ վերաբերում է նրանց հայտարարությանը, ապա, կարծում եմ, այդ հայտարարությունը դրական էլեմենտներ պարունակող կառուցողական հայտարարություն էր, որովհետեւ այնտեղ հղում էր արվում, թե մադրիդյան սկզբունքներին եւ թե արված հայտարարությանը, իսկ դրանցում ներառված են հայկական կողմի համար երեք կարեւոր սկզբունքային կետերը: Առաջինը՝ մենք տեսանք, որ այս հայտարարության մեջ հստակ ամրագրված է ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ շնորհելու հարցը, ավելին՝ նաեւ ապագայում ԼՂ ժողովրդի պարտադիր կամարտահայտության միջոցով ԼՂ-ի կարգավիճակի մշտական որոշումը, որը ոչ այլ ինչ է, քան Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչում: Երկրորդ՝ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենան ընդհանուր ցամաքային սահման, եւ սա եւս հստակ ամրագրված է, եւ երրորդը՝ անվտանգության երաշխիքները»: Պատգամավորը վստահ է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը թեւակոխել է ոչ թե վերջնական փուլ, ինչպես պնդում են ոմանք, այլ խնդիրը թեւակոխել է նոր փուլ. «Որն իր մեջ նաեւ դրական էլեմենտներ է պարունակում, բայց սա վերջնական փուլ չէ, որովհետեւ բոլորիս էլ պարզ է, որ հարցը վերջնական փուլ կթեւակոխի այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը կդառնա բանակցությունների լիիրավ կողմ, որովհետեւ առանց ԼՂՀ-ի, առանց Ղարաբաղի ժողովրդի եւ ղեկավարության որեւէ մեկը չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը. սա շատ հստակ է, եւ այս մասին բազմիցս ասել է թե Հայաստանի եւ թե ԼՂՀ-ի ղեկավարությունը»,- հստակեցրեց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Նաեւ հավելեց. «Մենք հեռու ենք այն մտքից, որ նախագահների հայտարարության բոլոր կետերը մեզ համար ընդունելի են: Իհարկե, ոչ: Ավելին՝ այնտեղ հարցականներ կան՝ կապված քայլերի հաջորդականության հետ»,- ասաց հանրապետական պատգամավորը, հիշեցնելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս է հայտարարել, որ առաջնայինը ԼՂ կարգավիճակի հարցն է. «Ուստի առաջին հերթին պետք է վերացնել պատճառները, ոչ թե հետեւանքները: Դա անհրաժեշտ պայման է երկարատեւ խաղաղության ու կայունության համար: Մենք դեմ չենք փախստականների վերադարձին, բայց փախստականները չեն կարող վերադառնալ մի երկիր, որը կարգավիճակ չունի, որը ճանաչված չէ»: «Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների հայտարարության մեջ «օկուպացված տարածքների վերադարձ» արտահայտությանը, ապա եթե նրանք նկատի են ունեցել Շահումյանը, Մարտակերտի մի մասը, Մարտունաշենն ու Գետաշենը, իհարկե՝ դրանք օկուպացված տարածքներ են, այլ օկուպացված տարածքներ չկան»,- լրագրողներին հորդորելով չմոռանալ, որ Ղարաբաղը եւ Հայաստանը հաղթանակած կողմ են, հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել