Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԻԼԱՆԴԻ «ՌԵԳԵՆՏՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ» ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Հունիս 30,2010 00:00

\"\"Այս մասին երեկ հայտնել է Հայաստանում դպրոցի ներկայացուցիչը, որն ավելի արագ արձագանքեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի նամակին, քան դա արել էին «Դիլիջան» միջազգային դպրոցի պատասխանատուները:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը երեկ նամակ է ուղարկել Թաիլանդի «Ռեգենտների դպրոցի» տնօրենին: Նամակը մոտավորապես նույնն է, ինչ ավելի վաղ ուղարկվել էր «Դիլիջանի» միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Ընդհանուր բովանդակությունն այս է՝ դրական ենք վերաբերվում Հայաստանում համաշխարհային արդի պահանջներին համապատասխանող միջնակարգ ուսումնական հաստատության ստեղծման գաղափարին, սակայն լավ կլիներ, եթե այնտեղ հիմնական առարկաների դասավանդումը կազմակերպվեր ոչ թե անգլերեն, այլ այդ ծրագիրը տեղայնացվեր՝ թարգմանվեր հայերեն: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանն (լուսանկարում) «Առավոտին» հայտնեց, որ նամակն ուղարկելուց հետո 2 ժամ անց զանգահարել է «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնի խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը, որը Թաիլանդի «Ռեգենտների դպրոցի» ներկայացուցիչն է Հայաստանում եւ ողջ տարածաշրջանում. «Նա ասաց, որ իրեն հանձնարարել են արձագանքել այդ նամակին: Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, թե իսկապես՝ շուրջ 1 տարի առաջ ՀՀ վարչապետի եւ «Ռեգենտների դպրոցի» ղեկավարի միջեւ խոսակցություն է եղել Հայաստանում այս դպրոցի մասնաճյուղը բացելու հնարավորության վերաբերյալ: Սակայն հետագայում նրանք որոշել են, թե դա շատ ծախսերի հետ է կապված, եւ հրաժարվել են այդ գաղափարից: Եվ «Ռեգենտների դպրոցի» ներկայացուցիչն ասաց, որ մոտակա տարիների ընթացքում նման ծրագիր չեն հետապնդում»: Արամ Ապատյանը նշեց, որ այսուհանդերձ՝ հակված չեն բանավոր արված այս հավաստիացումն ընդունել որպես պաշտոնական հայտարարություն: Եվ քանի որ պարզվել է, որ մյուս շաբաթ Հայաստան է այցելելու «Ռեգենտների դպրոցի» ռեկտոր Վիրաչայի Տեչավիջիտին՝ թերեւս հնարավոր լինի նրանից ստանալ պարզաբանում:

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 6-ին «BarCamp»-ում ունեցած ելույթում հայտարարել էր, թե կառավարության նախաձեռնությունը՝ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ անելու վերաբերյալ, թելադրված է բացառապես մի մտահոգությամբ. «Օրակարգում դրված է՝ թույլ տա՞լ այդ 2 դպրոցներին աշխատել, թե՞ ոչ»: Իսկ հիմա պարզվում է, որ այդ դպրոցներից մեկը, որի համար առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով նախատեսվում է Ջերմուկում մասնավոր դպրոց բացելու հնարավորություն՝ մինչ այս ամենն էր արդեն հրաժարվել առայժմ Հայաստանում մասնաճյուղ բացելու գաղափարից:

Ուշադրություն ենք հրավիրում եւս մի հանգամանքի վրա՝ Թաիլանդ ուղարկված նամակին արձագանք եղավ ընդամենը 2 ժամ անց: Մինչդեռ հունիսի 21-ին «Առավոտը» նամակով դիմել էր «Դիլիջան» միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ռուբեն Վարդանյանին ու նրա տիկնոջը՝ Վերոնիկա Զոնաբերդին (նամակներն ուղարկվել էին ինչպես նրանց անձնական, այնպես էլ «Տրոյկա դիալոգ» ընկերության մամուլի ծառայության հասցեներով), նույն կերպ դիմել էինք նաեւ հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամի՝ «Ամերիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Անդրեյ Մկրտչյանին՝ «Ամերիաբանկի» հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցման ներկայացուցչի միջոցով: Փորձել էինք պարզել ընդամենը մեկ հարց, թե հոգաբարձուների խորհրդի այս անդամներն ինչպե՞ս են վերաբերվում առաջարկին՝ միջազգային այդ ծրագիրը տեղայնացնելու վերաբերյալ: Սակայն անցած օրերի ընթացքում այդպես էլ որեւէ պատասխան չստացանք: Ավելի՛ն՝ «Դիլիջան» միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներին Արամ Ապատյանի ու Ռուբեն Թարումյանի վերոհիշյալ նամակը, որին ստորագրություններով միացել էին եւս 240 հոգի՝ ուղարկվել էր շուրջ 2 ամիս առաջ, եւ էլի արձագանք չկար: Սակայն անցած շաբաթ օրը՝ հունիսի 26-ին, «Դիլիջան» միջազգային դպրոցի ծրագրի պատասխանատու Նունե Ալեքյանը հանդիպել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի 3 անդամների հետ: Արամ Ապատյանը, որը նույնպես մասնակցել էր այդ հանդիպմանը՝ փոխանցեց. «Նունե Ալեքյանը պատմեց, որ ուսանողների կազմը բաղկացած Է լինելու 3 մասից: Ըստ հեղինակների մտահղացման՝ 1/3 մասը կազմելու են ՀՀ քաղաքացիները, մյուս 1/3-ը՝ այն երեխաները, որոնց ազգականներից որեւէ մեկը հայ է, իսկ մնացած 1/3-ը՝ կլինեն մարդիկ, որոնք կապ չունեն Հայաստանի հետ: Վերջինը նրանք համարում են շատ կարեւոր՝ Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար»:

Ըստ այդմ՝ քանի որ դպրոցի 2/3-ը ՀՀ քաղաքացիներ չեն լինելու, հազիվ թե հնարավոր է ակնկալել, որ դասավանդման լեզուն կարող է լինել հայերենը: Թեեւ Արամ Ապատյանը եւս մեկ անգամ հիշեցրեց. «Միջազգային բակալավրիատի ձեւաչափը, որն իրենք առաջարկում են այս դպրոցի համար՝ չի պահանջում որեւէ որոշակի լեզվի կիրառում՝ որպես դասավանդման լեզու: Կան բազմաթիվ օրինակներ, որ նման դպրոցներում օգտագործվում են շատ տարբեր լեզուներ՝ չինարեն, ճապոներեն, թուրքերեն, կատալոներեն (ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ www.ibo.org կայքում), բացի այն հիմնական 3 լեզուներից՝ անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն, որոնք օգտագործվում են միջազգային բակալավրիատի այդ դպրոցներում: Տիկին Ալեքյանը գիտեր, որ կան նման դպրոցներ, սակայն ասաց, թե միեւնույն է՝ իրենք խնդիր կունենան այդ ոչ հայերին ներգրավելու առումով, քանի որ եթե դասավանդումը սկսվելու է 7-րդ դասարանից, ապա դժվար կլինի գտնել այնպիսի երեխաների, որոնք հայ չեն, բայց բավարար մակարդակով տիրապետում են հայերենի, որպեսզի կարողանան սովորել այդ դպրոցում»: Ի դեպ, «Դիլիջան» միջազգային դպրոցի հիմնադրման վերաբերյալ ապրիլի 12-ի հաղորդագրության մեջ է դեռ նշված, թե այնտեղ սովորելու են 13-18 տարեկան 600 երեխաներ: Ուստի առնվազն զարմանալի է, որ միայն բուռն ու երկարատեւ դիմադրությունից հետո կառավարությունը համաձայնեց օրենքի առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում ամրագրել դրույթ, որ այդ մասնավոր դպրոցներում ուսուցումը կազմակերպվելու է 7-րդ դասարանից, ինչը համապատասխանում է հենց 13 տարեկանին:

Արամ Ապատյանը պատմեց նաեւ, որ թեեւ Նունե Ալեքյանը խոչընդոտ է տեսել, որ այդ դպրոցում դասավանդման հիմնական լեզուն լինի հայերենը՝ այնուամենայնիվ հետաքրքրվել է, թե որքա՞ն արագ կարելի է նման միջազգային ծրագրի մեթոդաբանությունը տեղայնացնել հայերենի. «Մենք խոստացանք, որ որոշակի տեղեկություններ կփորձենք հավաքել, թե որքանով արագ է դա կատարվել 50-ից ավելի համանման դպրոցներում, որտեղ օգտագործվում են այլ լեզուներ»: Հանդիպման ժամանակ ասել են՝ թեեւ գուցե սա ավելի դժվար է. «Բայց շատ ավելի կարեւոր է Հայաստանի համար, որ այդ մեթոդաբանությունը տեղայնացվի, քանի որ դա մեծ խթան կհանդիսանա դեռ լիովին չկայացած մեր կրթական համակարգի համար: Երբ որ միջազգային բակալավրիատի այդ մեթոդաբանությունը թարգմանված լինի հայերեն՝ այն շատ ավելի հեշտ կլինի կիրառել մնացած 1600 դպրոցներում, որոնք գոյություն ունեն Հայաստանում: Սա այն խնդիրն է, որի լուծումը, մեր կարծիքով, շատ նպաստավոր կլիներ եւ շատ ավելի կարեւոր 300 հազար հայ երեխաների համար, որոնք այս պահին դեռ չեն ստանում որակյալ կրթություն, քան 200 արտասահմանցիների ներկայացնելը, թե ինչ է Հայաստանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել