Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԻՐ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ

Հունիս 30,2010 00:00

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ «Հայացք» ակումբում պատմեց, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունն ամրապնդելու անհրաժեշտությունը» հռչակագրի ներքո ստորագրած ԵԽԽՎ 34 պատվիրակներից շատերի հետ է զրուցել «Շատերը չգիտեին էլ, թե որտեղ են գտնվում Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը: Եվ ուզում էի իմանալ, թե ինչպե՞ս եղավ, որ ստորագրեցին նման փաստաթղթի տակ: Պարզվեց, որ Մեւլութ Չավուշօղլուն՝ օգտագործելով (այդպես եմ ես հասկանում) իր պաշտոնեական դիրքը, հավանաբար սկզբից Բյուրոյի անդամներին հորդորել է, որ այդ փաստաթղթի տակ նաեւ իրենք ստորագրեն: Քանի որ, երբ արդեն Բյուրոյի անդամներն են ստորագրում՝ մնացած ստորագրությունները հավաքելը բավականին հեշտ է լինում»:

Զարուհի Փոստանջյանը կանխատեսեց, թե ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությանն ավելի դժվար օրեր են սպասվում ԼՂ հիմնախնդրի առնչությամբ. «Հաջորդ նստաշրջանի ընթացքում թուրքական կողմն ունենալու է երկակի ազդեցություն: Այժմ ԵԽ նախարարների կոմիտեում ղեկավարող պետությունը Մակեդոնիան է, իսկ հաջորդը Թուրքիան է: Կարծում եմ, սա ավելի է դժվարացնելու մեր աշխատանքը։ Կարծում եմ, իրենց ջանքերը կհամատեղեն Չավուշօղլուն եւ Թուրքիայի այն ներկայացուցիչը, որը կգլխավորի ԵԽ նախարարների կոմիտեն՝ հավանաբար Ահմեդ Դավութօղլուն, եթե այդ ժամանակ էլ ինքը լինի ԱԳ նախարարը։ Այս պարագայում մեր աշխատանքը մի փոքր ավելի կդժվարանա: Բայց կարող եմ միանշանակ ասել, որ եթե պատվիրակությունն ունենա միասնական դիրքորոշում նման հարցերի վերաբերյալ, ապա չեմ կարծում, թե մենք չկարողանանք հաղթահարել դժվարությունները։ Եթե նրանք 1 ամսվա ընթացքում էին 34 ստորագրություն հավաքել, ապա մենք 2-3 օրում հավաքեցինք 56-ը»: Դրանցից 27-ը հավաքել էր տիկին Փոստանջյանը: Եվ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այս կապակցությամբ հիշեցրեց. «Իշխանությունների ջանքերով Զարուհի Փոստանջյանը դուրս թողնվեց պատվիրակության մշտական կազմից: Դեռ լավ է, որ դա չխանգարեց իր արդյունավետ աշխատանքին այս մի նստաշրջանի ընթացքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել