Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԼԵԶՈՒ ՉԵՆ ԳՏԵԼ

Հունիս 30,2010 00:00

\"\"Երեկ «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում այդ մասին փաստեց Ադրբեջանի «ՖԱՌ» վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ, նախկինում Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հիքմեթ Հաջիզադեն:

– Հունիսի 26-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում միջնորդական առաքելությամբ հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքական գործիչներն ու փորձագետները տարբեր տեսանկյուններից են մեկնաբանում: Ո՞րն է հայտարարության առնչությամբ ձեր կարծիքը:

– Իմ դիտարկմամբ, երեք նախագահների հայտարարության հետաքրքրությունը կայանում է նրանում, որ դրանց անգլերեն եւ ռուսերեն տեքստերը էապես տարբերվում են միմյանցից: Օրինակ, վաշինգտոնյան տարբերակում՝ անգլերեն տեքստում, ասվում է, որ հայկական ուժերը պետք է վերադարձնեն գրավյալ տարածքները՝ «the return of the occupied territories surrounding Nagorno-Karabakh», մինչդեռ ռուսական պաշտոնական տարբերակում «օկուպացված» բառը չկա: Հայտարարության անգլերեն տարբերակում շեշտված է, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պարզ կլինի ապագայում՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման ճանապարհով, իսկ ռուսական տարբերակում նշված էր՝ «Ղարաբաղի բնակչության կողմից իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման ճանապարհով»: Դրանից նախ՝ պետք է եզրակացնել, որ գործընթացի արեւմտյան մասնակիցները ավելի հակված են պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի:

– Ինչի՞ մասին է խոսում այդ փաստը:

– Ոչնչի: Այդպես դասավորվել է պատմականորեն: Երկրորդ եզրակացությունն այն է, որ Արեւմուտքն ու Ռուսաստանը Ղարաբաղի հարցի շուրջ դեռ չեն պայմանավորվել, եւ սրանք շատ կարեւոր եզրակացություններ են: Այսինքն՝ Արեւմուտքն այդ փաստաթուղթը մեկնաբանում է յուրովի, Ռուսաստանը՝ իր ձեւով: Իսկ դա նշանակում է՝ բանակցային գործընթացը չի կարող հաջող լինել եւ խաղաղություն չի հաստատվի, բանակցություններն էլի կձգձգվեն, քանի դեռ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ համաձայնություն չի լինի գլոբալ այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են՝ Իրանի խնդիրը, սպառազինությունների առեւտուրը, ահաբեկչության դեմ պայքարը եւ այլն: Ահա այն գլխավոր եզրակացությունը, որ կարելի է անել երեք երկրների նախագահների հայտարարության առնչությամբ:

– Ի՞նչ եք կարծում, արդյոք Ռուսաստանի հակվածությունը դեպի Հայաստան ժամանակավոր բնույթ չի՞ կրում եւ պայմանավորված չէ՞ Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի զայրույթով՝ Բելառուսին ռուսական գազի դիմաց պարտքը մարելու համար 200 մլն դոլարի վարկ տրամադրելու համատեքստում։

– Դա ձեր ասածի հետ որեւէ կապ չունի, գազ-բան՝ դրանք մանր խնդիրներ են: Ամենագլխավորն այն է, որ Արեւմուտքը փորձում է պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը, իսկ Ռուսաստանը շարունակում է պաշտպանել Հայաստանինը, որովհետեւ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ գլոբալ մեծ խնդիրներ կան:

– Իսկ դա հնարավո՞ր է հանգեցնի հակամարտության շփման գծում լարվածության սաստկացմանն ու այնպիսի միջադեպերի հաճախականությանը, ինչպիսին արձանագրվեց հունիսի 18-ին։

– Չեմ կարծում, թե այդ միջադեպը կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի: Ես դրան չեմ հավատում:

– Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է պաշտպանել Հայաստանին, ինչը Ադրբեջանի համար ակնհայտ է, Ադրբեջանը մեծ պատերազմի չի գնա։ Մենք դա չենք անի: Դա այնքան ակնհայտ է, ինչպես Վրաստանի պարագայում էր: Այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում, ուսանելի է: Վրաստանը որոշեց Հարավային Օսեթիայի հետ իր հարցերը լուծել ուժով, եւ այդ պահին Ռուսաստանը միջամտեց: Սպասվում է, որ նույնը տեղի կունենա Ղարաբաղի հարցում, եթե Ադրբեջանը փորձի հարցն ուժով լուծել:

– Կարծում եք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, որն էներգետիկ ռեսուրսներ՝ գազի ու նավթի պաշարներ ունի, չե՞ն կարողանալու իրար հետ լեզու գտնել:

– Դա չի կարող լինել: Դրա հնարավորությունը չնչին է:

– Ի՞նչը կարող է խանգարել երկու երկրներին համաձայնության գալու հարցում։

– Որպեսզի դա տեղի ունենա, Ադրբեջանը պետք է համաձայնի իր անկախությունը կորցնելու մտքին եւ անցնի Ռուսաստանի կողմը, այսինքն՝ իր սահմանները հանձնի ռուսներին, հրաժարվի Արեւմուտքի հետ էներգետիկ խնդիրներում համագործակցությունից: Առայժմ նման խոսակցություն Ադրբեջանում չկա:

– Դա նշանակում է, որ Ադրբեջանը կնախընտրի համակերպվե՞լ այն իրավիճակի՝ ստատուս-քվոյի հետ, որն այժմ կա:

– Ադրբեջանի առաջ առայժմ նման հարց դրված չէ, բայց եթե դրվի՝ ամբողջովին անցեք մեր կողմը, ու մենք այդ դեպքում կորոշենք, ապա Ադրբեջանը, չեմ կարծում, թե կհամաձայնի:

– Այդ դեպքում ԼՂ հիմնախնդրի կարգավորումն ի՞նչ հեռանկար ունի՝ ըստ ձեզ:

– Կարծում եմ, միջադեպերը սահմանին կշարունակվեն, կողմերը կփորձեն միմյանց լարվածության մեջ պահել, բանակցություններն էլ կշարունակվեն ճիշտ այնքան ժամանակ, մինչեւ Ռուսաստանը եւ Արեւմուտքը գլոբալ հարցերի շուրջ համաձայնության գան: Բանակցությունները, դրանք սեփական երկրներին, միջազգային հանրությանը ցույց տալու համար են, որ մարդիկ աշխատում են, փորձում են խաղաղություն հաստատել: Ոչինչ անել չես կարող:

– Հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպը հայկական եւ ադրբեջանական կողմերը տրամագծորեն հակառակ կերպ մատուցեցին՝ տեղի ունեցած սադրանքի մեջ մեղադրելով միմյանց: Դուք կողմերից որի՞ հրամցրած տեղեկությանն եք հակված հավատալու կամ, գուցե, ձեր վարկա՞ծն ունեք տեղի ունեցածի առնչությամբ:

– Ես դժվարանում եմ որեւէ կոնկրետ բան ասել: Ես կարող եմ միայն ասել, որ նման միջադեպեր տեղի են ունենում մշտապես, որի նախաձեռնողը թե՛ մեկ, թե՛ մյուս կողմերն են:

– Այդուամենայնիվ, դուք ունե՞ք Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ձեր դեղատոմսը:

– Ղարաբաղի հարցը կարող է լուծվել մեկ դեպքում: Ես նույնիսկ դրա վերաբերյալ իմ բանաձեւն ունեմ, որը կարելի է «յուղոտ» տառերով գրել. Հայաստանը պետք է դառնա անկախ պետություն, Ադրբեջանը՝ ժողովրդավարական: Հայաստանը պետք է դառնա իրապես անկախ երկիր ու չդառնա Ռուսաստանի ռազմավարական ծրագրերի իրականացնողը, իսկ Ադրբեջանում պետք է ժողովրդավարություն հաստատվի:

– Իսկ մեր երկրների հասարակություննե՞րը: Նրանք կարո՞ղ են միմյանց հետ «լեզու գտնել»:

– Այո, միանգամայն: Ես, համենայնդեպս, արտերկրում հանդիպում եմ հայերի, ակտիվիստների հետ, եւ մենք կարողանում ենք նորմալ շփվել, հարցեր քննարկել, ու որեւէ սարսափելի բան դեռ տեղի չի ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել