Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԸԼԸՊՈՒՂԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ»

Հունիս 30,2010 00:00

ՍԴՀԿ ատենապետը քննադատում է Հայաստանի իշխանություններին համանախագահող երկրների նախագահների նման հայտարարության համար:

«Բացի նրանից, որ Արցախի խնդրին հանգուցալուծում տալու վերահաստատում էր, դա նաեւ հստակ հուշում էր Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրելու մասին»,- «Առավոտին» փոխանցելով իր կարծիքը Մեծ ութնյակի գագաթաժողովից հետո ԼՂՀ հարցի վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների տարածած հայտարարության առիթով՝ ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Տիկին Սարգսյանի համոզմամբ էլ՝ ղարաբաղյան հարցի նման լուծումը չի տեղավորվում Հայաստանի ազգային-պետական շահերի շրջանակում, եւ սա հաղթող երկրի փաստացի պարտություն է: Ըստ նրա, ապիկար, ապաշնորհ, գավառամիտ արտաքին քաղաքականություն վարելու արդյունքում, չհասկանալով մեծ աշխարհի քաղաքական միտումները, նախագահ Սերժ Սարգսյանը հետեւողականորեն փորձում է խաղալ արտաքին ուժերի հակասությունների վրա, մինչդեռ, ըստ ՍԴՀԿ ատենապետի, նա անտեսում է մի էական դետալ՝ գերտերությունների համաձայնեցված խաղի հավանականությունը: «Ղարաբաղցիներն ունեն իր կենցաղային հնարամտություններով շատ հայտնի մի բանահյուսական հերոս՝ Պըլը Պուղին: Սակայն միջազգային քաղաքական բեմահարթակը չի ընդունում խաղացողների պըլըպուղիական, ժուլիկական մոտեցումները: Հենց սա է արտաքին ասպարեզում մեր երկրի խայտառակ անկման պատճառը: Տարրական առողջ տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի համար այս չափազանց վտանգավոր իրավիճակում մարտահրավերներին դիմակայելու ելքը ազգային միասնությունն է»,- ասում է մեր զրուցակիցը: Ասվածի համատեքստում նա չի զլանում իշխանություններին եւս մեկ անգամ խոհեմության, նեղ- կլանային, էգոիստական, շահադիտական հետաքրքրություններից վեր կանգնելու կոչ անել. «Ձեռք մեկնեք ընդդիմությանը, եւ ուս ուսի պաշտպանենք համընդհանուր պետական շահերը, եւ այդ դեպքում, միգուցե, ներվի նրանց մեղքերի մի մասը: Իսկ առաջին քայլը պետք է լինի բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը: Պարզապես զարմանալի է. այն ժամանակ, երբ պատերազմի վտանգն առավել քան շոշափելի է, գործող ռեժիմը շարունակում է օտարացնել հայ երիտասարդին հայոց պետականության գաղափարից՝ կալանավորելով 19 տարեկան հայ պայծառ մի երիտասարդի՝ Դավիթ Քիրամիջյանին: Եվ դա միայն այն բանի համար, որ նա «հանդգնել» է պաշտպանել իր իրավունքը եւ պայքարել իր իրավունքի համար, եւ նրա քաղաքական հայացքներն ավելի առաջադիմական են, քան գործող ռեժիմինը»:

«Ցեղասպանության ուրացում, ազգային գույքի հանձնումը պարտքի դիմաց, պետական լեզվի նկատմամբ անհոգի եւ արհամարհական դրսեւորումներ, ազատագրված տարածքները հանձնելու պատրաստակամություն». սրանք են, ըստ տիկին Սարգսյանի, իշխանության այն քայլերը, որոնք հանգեցրեցին հանրության կողմից իշխանության անհանդուրժողականության, եւ այդ բոլոր քայլերը, նրա համոզմամբ, միտված են հայոց պետականության ոչնչացմանը: «Առավոտի» հարցին՝ պասիվ գործելաոճի արդյունքում նաեւ ընդդիմության՝ ի դեմս ՀԱԿ-ի, դիմազրկման արդյունքում, ինչպե՞ս եք պատկերացնում նոր համաժողովրդական ալիքի բարձրացումը՝ այն էլ Կոնգրեսի հետ միասին, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Այն բոլոր դժգոհությունները, որոնք հնչում են Կոնգրեսի հասցեին՝ ուղիղ հուշում է այն, որ ժողովուրդն իր բոլոր հույսերը կապում է ՀԱԿ-ի հետ: Ինչո՞ւ Գեղամյանից չեն դժգոհում, Դաշնակցությունից չեն դժգոհում, որովհետեւ նրանց հետ հույսեր չեն կապում: ՀԱԿ-ն այն միակ հույսն է, որը հայ ժողովրդի մի հատվածին այսօր պահում է Հայաստանում: Չլիներ այդ հույսն էլ՝ Հայաստանն արդեն հայաթափ էր եղել: Կարծում եմ, չեք կասկածում, որ Կոնգրեսի բազմահազարանոց հանրահավաքները հենց դրա վկայությունն են: Շատ դեպքերում դժգոհ լինելով ՀԱԿ-ի «պասիվությունից», միեւնույն է, ժողովուրդը կանգնած է ՀԱԿ-ի կողքին»: Նա չի մեղադրում ժողովրդին այդ դժգոհությունների համար, քանզի պարտադիր չի համարում, որ լայն հանրությունը մշտապես եւ լավագույնս պատկերացնի Կոնգրեսի քայլերի ողջ տրամաբանությունը: Բայց կարեւոր է համարում այն, որ Կոնգրեսն իր քայլերով հստակ ասում է իր ժողովրդին. «Մենք կոնկրետ իշխանափոխության նպատակ չենք հետապնդում: Բայց մենք կանգնած ենք մեր պետականության ակունքներում, եւ մեր առաջնային խնդիրը պետականությունը չվտանգելն է: Կոնգրեսի զգուշավոր քայլերի միակ պատճառը դա է, որպեսզի նաեւ եւ առաջին հերթին մեր կողմից անընդունելի այս իշխանություններին արտաքին աշխարհում, ղարաբաղյան բանակցությունների սեղանի շուրջ չափից դուրս խոցելի չդարձնենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել