Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են հետապնդում թուրքերը

Հունիս 29,2010 00:00

Ըստ Դանիել Երաժիշտի՝ թուրքը միայն մի անելիք ունի՝
ծնկի գալ, ներողություն խնդրել

Վերջերս թուրքական «Univercial Studio»-ն դիմել է «Հայհեղինակ» կազմակերպությանը, որպեսզի ստանա հայկական երգերը թուրքերեն կատարելու իրավունք: «Հայհեղինակը» առայժմ հրաժարվում է հարցի առնչությամբ մեկնաբանություն տալ: Երեկ «Արմատ» ակումբում այս հարցի մասին իրենց կարծիքները հայտնեցին երաժիշտ Ռուբեն Հախվերդյանը եւ «Շարական» համույթի ղեկավար Դանիել Երաժիշտը: Ռ. Հախվերդյանը հայկական երգերը թուրքերենով մատուցելուն նորմալ է վերաբերվում. «Դա նշանակում է մշակույթների փոխներգործություն, որը վատ բան չէ: Հարցը լեզվամտածողության, շեշտի մեջ է»: Երաժիշտը դեմ չէ նաեւ, որ իր երգերը կատարվեն թուրքերեն՝ «եթե լավ կերգեն, ուրեմն իմ երգն է, եթե վատ՝ իմը չէ»: Ռ. Հախվերդյանը չի վախենում այն բանից, որ թուրքերը կվերցնեն հայկական ժողովրդական երգերը, նա գտնում է, որ Կոմիտասը չի հնչի թուրքերեն: Դանիել Երաժիշտն էլ կարծում է. «Թուրքը, որ բազում ժողովուրդների է զրկել հայրենիքից, ինչպե՞ս կարող է երգել հայրենիքի, կարոտի մասին. հաստատ յաթաղանը ձեռքին «Կռունկ» չի կարող երգել»: Դանիել Երաժիշտը գտնում է, որ նախ այս քայլի նպատակը պետք է պարզել՝ ի՞նչ են հետապնդում թուրքերը. «Ուզու՞մ են քաղաքակրթվել, ամբոխային «չարվեստի՞ց» օգտվել, շնորհակալ կլինենք, որ Հայաստանը ախտահանեն, թափոնները տանեն իրենց մոտ՝ հուղարկավորեն, դրանով մեզ մեծ ծառայություն մատուցած կլինեն»: Դ. Երաժիշտը մտահոգված է. «Թուրքերը խորամանկ դիվանագետ են, եւ կյանքը ցույց է տվել՝ ինչին թուրքը ձեռք է տվել՝ թուրքացրել է: Չէի ուզենա, որ մեր երգերի մասին էլ ասեին՝ այստեղով թուրք է անցել: Ինչպես Կոմիտասն է հաստատել՝ երգը ծնվում է լեզվից. հայոց լեզվի ծոցից ծնված երգը որքանո՞վ է համատեղելի այդ խորթ մշակույթին: Կոմիտասն իր ամբողջ գործունեությունը ուղղել է թուրքականից, արեւելյանից ձերբազատվելուն եւ մաքուր պահելու հայկականը: Հիմա հակառակ պրոցես են ուզում սկսել՝ նորից գցեն ցեխի մեջ»: Ապա, բերելով օրինակներ, Դ. Երաժիշտը զարմանք է հայտնում. «Թուրքերն առանց հարցնելու կողոպտել են հայկականը, այս ի՞նչ է պատահել, որ հիմա հարցնում են: Կոմիտասն ասում էր՝ երգում խոսքն ու մեղեդին շեշտերով պետք է այնքան համահունչ լինեն, որ համբուրվեն: Որքանո՞վ է Հուդայի համբույրը մեր ազնիվ երգերին հարիր: Թուրքերը մշակույթ ավերող, ոչնչացնող կայսրություն են, 6-րդ դարում կառուցված Սոֆիայի տաճարը հիմա մզկիթի են վերածել, մեր երգերն էլ պիտի մզկիթի վերածեն… Թուրքը միայն մի անելիք ունի՝ մեր ժողովրդի, համայն մարդկության առջեւ ծնկի գալ, ներողություն խնդրել»: Դ. Երաժիշտն առաջարկեց մի նոր եզրույթ, որն արտացոլում է այսօրվա տագնապը: Ըստ նրա, մեր երկրում այսօր թավշյա ցեղասպանություն է իրականացվում. «Ինչո՞ւ են ոչնչացնում խաչքարերը, դրանք քարացած երգեր են, երգերի հետ այդպե՞ս են վարվում»:
Ռ. Հախվերդյանն էլ ցանկացավ թավշյա կերպով անդրադառնալ ցեղասպանություն բառին. «Մենք ապրում ենք բյուզանդական ավազանում, ե՛ւ թուրքերն են շատ բան վերցրել բուլղարներից, սերբերից, մեզնից, քրդերից, ե՛ւ մենք ենք նրանցից վերցրել: Չես կարող ապրել մեծ տարածքում եւ ազդեցություն չկրել»: Սակայն, ըստ Հախվերդյանի, այսօր մեզ պարտադրաբար «փաթաթվում» է թուրքական երգարվեստ՝ «փաթաթողներն էլ մեր ռեստորաններն են, տգետ հեղինակությունները, իշխանավորները…»:
Դիտարկմանը՝ արդյոք այս հարցում անելիք չունի՞ ՀՀ մշակույթի նախարարությունը, Ռ. Հախվերդյանը այսպես պատասխանեց. «Եթե դուք նոր եք իմանում, ես վաղուց գիտեմ՝ մշակույթի նախարարությունն այստեղ դարեր ի վեր անելիք չունի: Եթե մինչ այժմ այդ նախարարությունում օգտագործվում է միջոցառում բառը, ապա արվեստ չի կարող լինել: Միջոցառում՝ քելեխին, հարսանիքին, համերգին էլ են ասում…»: Ինչ վերաբերում է նրան, որ թուրքական ընկերությունը ցանկանում է ստանալ հայկական հայտնի երգիչ-երգչուհիների՝ Սիլվա Հակոբյանի, Արամեի եւ այլ կատարողների երգերը, բանախոսները միաձայն այսպես արտահայտվեցին. «Տվե՛ք, տվե՛ք, շնորհակալություն, իրենք գտան իրենցը, վերջապես մի տեղ բախտներս պիտի բերի՞, թե՞ չէ»:
Դանիել Երաժիշտը գտնում է՝ հիմա պետք է խիստ միջոցներ ձեռնարկել, որովհետեւ մեր մշակույթը հիվանդ է եւ վտանգված. «Մեր աղջիկները երբեք պորտերը չէին բացի, եթե պորտապարային երգերի հոգեբանությունը չլիներ, մեր տղաները սուլթանի կոշիկներ չէին հագնի, եթե այդ ռաբիս երգերը չլսեին, նաեւ այդպիսի քայլվածք չէին ունենա»: 
Ռ. Հախվերդյանի խոսքով՝ ամեն ժողովրդի երգը կամ մշակույթը հանճարեղ է, աստվածատուր, իսկ մեր ռեստորանային երաժշտությունը, ըստ նրա, թուրքական էլ չէ՝ «ախր էդ երգածից հոտած նասկու, քյաբաբի, հետ տվածի հոտ է գալիս…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել