Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱՎԱՌԸ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Հունիս 29,2010 00:00

Ջուր ցողելը խաղ է

Սուրբ Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարդավառ ազգային-եկեղեցական տոնը:
Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն, Քրիստոսի Պայծառակերպության օրը կամ Վարդավառը ավանդաբար նշվում է Զատկից 98 օր հետո, 35 օրերի շարժականությամբ՝ հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Այս տարի այն կնշվի հուլիսի 11-ին:
Վարդավառը ամենահին տոներից է։ Այդ օրը հայերը, որտեղ էլ որ բնակվեին, գույնզգույն ծաղիկներով, կարմիր վարդերով ծաղկեպսակներ էին հյուսում, զարդարում իրենց տաճարները, դրա համար էլ այս տոնը կոչվում է Վարդավառ։ Հայերն իրար վրա ջուր էին ցողում, լողանում գետերում եւ աղավնիներ թռցնում՝ ի հիշատակ Նոյի եւ ջրհեղեղի։ Իսկ ազգագրագետների մեկնաբանությամբ, հեթանոսական Հայաստանում Վարդավառը կապված է եղել գեղեցկության եւ սիրո աստվածուհի Աստղիկի եւ Վահագն աստծո սիրո պատմության հետ։ Վարդեր նվիրելով եւ ջուր լցնելով՝ Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանով, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը…
Լեգենդներից մեկը պատմում է այն մասին, որ հնում մի մեծահարուստ էր ապրում, որն իրեն պատկանող ջրից օգտվելու համար պահանջում էր երիտասարդ գեղեցկուհիներ իրեն ստրկության տալ։ Սակայն քաջ պատանի Վարդանը հաղթեց չարագործին եւ ազատեց բոլոր աղջիկներին։ Եվ այդ օրվանից բոլորը սկսեցին միմյանց ջրել՝ առանց ուշադրություն դարձնելու սեռին, տարիքին եւ սոցիալական վիճակին։
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանեց տոնի խորհուրդը: Ըստ նրա՝  Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է. «Վարդավառ տոնի մասին խոսելիս  պետք է տոնը բաժանենք երկու արտահայտումների: Առաջինը եկեղեցական արտահայտումն է, որը խորհրդանշում է Քրիստոսի այլակերպությունը: Ըստ ավանդության, Քրիստոսի Պայծառակերպությունը տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա։ Այդ պատճառով եկեղեցին Պայծառակերպությունը կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ։ Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը։ Իր այլակերպությամբ Քրիստոս ծանուցեց աշխարհին, որ ես եմ Աստծո որդին, լսեցեք…»:
Երկրորդ արտահայտումը, ինչպես նշեց տեր Շմավոնը, ժողովրդական արտահայտումն է. «Ասեմ, որ այդ ամենը գալիս է Գրիգոր Լուսավորչից, որովհետեւ նա, լինելով բավական խելացի մարդ, կարողացավ քրիստոնեական տոներն այնպես տեղադրել տոնացույցի մեջ, որպեսզի դրանք իրենց էությամբ եւ շքեղությամբ ծածկեն հեթանոսական կրոնները, եւ որ մարդիկ այլեւս դադարեն տոնել հեթանոսական տոները: Բայց որոշակի հեթանոսական սովորություններ մնացել էին, որոնք ժամանակի ընթացքում քրիստոնեացվել են»:
Խոսքը ջուր ցողելու մասին է, որը ժամանակին Աստղիկ դիցուհու հետ էր կապված: Քահանա Ղեւոնդյանը նշում է. «Այսօր ջուր ցողելու սովորույթը ժողովուրդը կապում է հեթանոսության հետ, որը սխալ է: Ժողովրդական ծիսակարգը՝ ջուր ցողելը, խաղ է: Ժողովրդական ծիսակարգերը ոչ մի աստվածաբանություն իրենց մեջ չեն կրում, ինչպես եւ ջուր ցողելը, որը նույնպես քրիստոնեացվեց: Եթե ժամանակին ջուր ցողելը նվիրված էր Աստղիկ դիցուհուն, ապա այդ ավանդույթը եկեղեցականացվեց: Այսօր Վարդավառի պատարագի ժամանակ աշխարհգալույցի ընթացքում քահանան մշտիկով, որը հատուկ գործիք է՝ վարդաջրով լցված, ցողում է հավատացյալներին: Վարդաջուրը խորհրդանշում է Քրիստոսի՝ վարդի պես բացվելը, ինչի հետ կապված էլ տոնը կոչվում է Վարդավառ: Ի դեպ, այդ ջրի մեջ կաթեցվում է վարդի յուղ եւ այդ անուշահոտությունը ամբողջացնում է տոնը: Իսկ արդեն պատարագից հետո դրսում մարդիկ ջրոցի են խաղում, որը շատ դեպքերում դառնում է քրեորեն պատժելի արարք»:
Ջրի խորհրդանիշի մասին էլ քահանան ասաց. «Ջուրը քրիստոնեության մեջ մաքրության խորհրդանիշն է: Չէ՞ որ մկրտությունը եւս ջրով է կատարվում»:
Հավելենք նաեւ, որ Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է։ Այդ օրը նույնպես եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան կարգ։ Եկեղեցական արարողությունից հետո մարդիկ այցելում են հանգուցյալների շիրիմներին։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել