Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամը չխանգարեց

Հունիս 29,2010 00:00

Կիրակի օրը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բացվեցին Դելփյան ազգային կոմիտեի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմակերպած ԱՊՀ մասնակից պետությունների 6-րդ բաց երիտասարդական Դելփյան խաղերը: Դրանք այս տարի նվիրված են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին:
Մինչ այդ, Խաղերի կազմակերպիչները հանդիպեցին լրագրողների հետ: ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար, Դելփյան խաղերի կազմկոմիտեի նախագահ Արմեն Գեւորգյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է ընդունել 300-ից ավելի մասնակիցների: Դելփյան խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վլադիմիր Պոնյավինի խոսքով՝ խաղերի իրականացման նպատակը աշխարհի ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանումն ու զարգացումն է, ինչպես նաեւ մշակույթի, արվեստի, կրթության ոլորտներում երիտասարդության ստեղծագործական շփումների ու համագործակցության խթանումը: «Այս տարի խաղերն անցկացվում են երկու ձեւաչափով՝ մրցութային եւ փառատոնային, նաեւ՝ տարիքային երկու խմբով՝ կրտսեր՝ 10-15, եւ ավագ՝ 16-21 տարեկանների միջեւ»,- ասաց Վ. Պոնյավինը: Մրցութային ծրագիրը կիրականացվի 19 անվանակարգերում՝ դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, ակադեմիական երգ, ժողովրդական, էստրադային երգեր, ժողովրդական, ակադեմիական պարեր, կրկեսային արվեստ, կերպարվեստ, վեբ-դիզայն, մնջախաղ, հեռուստալրագրություն, նորաձեւություն, դիջեյ եւ այլն: Թե ինչո՞ւ հենց Հայաստանում անցկացվեցին խաղերը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով. «ԱՊՀ երկրների վարչապետների կողմից կար այստեղ անցկացնելու համաձայնությունը: Ափսոս, որ, այսպես ասած, ճգնաժամային տարվա մեջ Հայաստանի վրա ընկավ այդ պարտավորությունը: Մյուս կողմից էլ փաստեմ, որ դժվար են ազգային կոմիտեները տվյալ երկրում Դելփյան խաղեր հյուրընկալելու համաձայնություն տալիս: Հայաստանում զուտ քաղաքական որոշման հարց էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել