Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏ ԵՎ ԼԱՅՆԱՇԵՐՏ ԻՆՏԵՐՆԵՏ

Հունիս 29,2010 00:00

«ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը՝ «ՄՏՍ» ընկերությունը, հանդիսանալով Հայաստանի սպորտի գործընկեր, ցանցային օպերատոր ու մեծածախ ինտերնետի մատակարար, «Ջի-Էն-Սի Ալֆա» ընկերության հետ համատեղ լիարժեք տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Ջերմուկում ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի մրցաշարի կազմակերպմանը: «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի եւ «Ջի-Էն-Սի Ալֆա»-ի շնորհիվ, մրցաշարի հյուրերը եւ իրադարձությունը լուսաբանող լրագրողներն իրենց տրամադրության տակ ունեն լայնաշերտ ինտերնետ, ինչը թույլ է տալիս մրցաշարի մասին տեղեկությունները փոխանցել առավել արագ: «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ն իր աջակցությունն է բերել մրցաշարի մամուլի կենտրոնն ինտերնետ հասանելիությամբ ապահովելու գործում: Այդ կենտրոնի շնորհիվ հավատարմագրված ԶԼՄ-ներն անմիջապես Ջերմուկից առավել արդյունավետ կարող են կազմակերպել իրենց աշխատանքը՝ խմբագրություններին մատակարարելով վերջին նորությունները, այդ թվում նաեւ՝ լուսանկարներ եւ տեսանյութեր: Ավելին, աշխարհի շախմատասերները կարող են օնլայն եղանակով դիտել մրցաշարի հանդիպումները: Լայնաշերտ կապի արդիական միջոցների շնորհիվ մրցաշարի բոլոր խաղերը հնարավոր է վերբեռնել եւ օնլայն մատչելի դարձնել լայն հասարակության համար:
Բացի այդ, Ջերմուկի «Արմենիա» առողջարանային համալիրում հանգրվանած բոլոր հյուրերի եւ մասնակիցների համար ստեղծված են Wi-Fi անվճար ինտերնետ գոտիներ, ինչի շնորհիվ հնարավորություն ունեն կապ պահպանել իրենց ընտանիքների եւ ընկերների հետ:
«Մենք՝ հայերս, փոքրաթիվ ազգ ենք, բայց ներկայացնում ենք շախմատային հսկաների երկիր: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մտավոր կապիտալը մեր մրցակցային առավելությունն է: Հանդիսանալով սպորտի գործընկեր՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ն իր աջակցությունն է ցուցաբերում այն միջոցառումների կազմակերպման հարցում, որոնցում մեկտեղված են մեծ հաջողությունն ու ազգային հպարտությունը»,- նշեց «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Լինելով շախմատային մեծություններ տված երկրի հպարտ քաղաքացիներ՝ «Ջի-Էն-Սի Ալֆա» ընկերությունն իր աջակցությունն է ցուցաբերում Ջերմուկի եւ աշխարհի միջեւ կապի ապահովման հարցում: Մենք մեր գրոսմայստերներին այս մրցաշարում մաղթում ենք մեծ հաջողություն»,- ասաց «Ջի-Էն-Սի Ալֆա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի 4-րդ մրցաշարը (նվիրված Հենրիկ Կասպարյանի հիշատակին) կանցկացվի Ջերմուկում՝ հունիսի 24-ից հուլիսի 5-ը: Մասնակիցների թվում բազմաթիվ մրցանակներ շահած գրոսմայստերներ են՝ Չինաստանից, Բուլղարիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Էկվադորից: Հայաստանը ներկայացնում են Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել