Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցավարները ճակատագրեր են խեղում

Հունիս 29,2010 00:00

ՀԱՀ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պատմության մեջ կհիշվի որպես մրցավարների թույլ տված կոպիտ սխալների մրցաշար: Սխալներ, որոնք ճակատագրական եղան ազգային հավաքականների մի մասի համար, եւ որոնց հետեւանքով մեկ ակնթարթում դրանց՝ առնվազն երկու տարվա տքնաջան աշխատանքը, պետությունների եւ ազգային ֆեդերացիաների ծախսած հսկայական գումարները ջուրն ընկան:
Ու ամենաողբերգականն այն է, որ աշխարհի առաջնությունը սպասարկելու համար հատիկ-հատիկ ընտրված մրցավարները անթույլատրելի վրիպումներ են թույլ տալիս անգամ փլեյ-օֆում: Եթե խմբային մրցաշարում այս կամ այն թիմը մրցավարական սխալի պատճառով կորցրած կյանքի գին ունեցող միավորը կարող էր ետ բերել հաջորդ հանդիպումում, 1/8 եզրափակչից նման հնարավորություն այլեւս չկա: Պարտվեցի՞ր, բարի եղիր հավաքել ճամպրուկներդ եւ հեռանալ:
1/8 եզրափակչի կիրակնօրյա երկու հանդիպումներում խաղադաշտում գլխավոր գործող անձինք թեեւ ֆուտբոլիստներն էին, որոնք մեծագույն բավականություն պարգեւեցին իրենց բազմամիլիոն երկրպագուներին, սակայն այդ խաղերի վերջնական ճակատագիրը որոշեցին նույն մրցավարները:
Գերմանիա-Անգլիա: Միմյանց դեմ ելել էին արժանի մրցակիցներ՝ ֆուտբոլային երկու գերտերություններ, որոնց պայքարը կզարդարեր անգամ եզրափակիչը: Անկեղծ լինենք. այս դիմակայությունում գերմանական մեքենան ավելի վստահ ու արդյունավետ էր աշխատում ու արժանի հաղթանակ տարավ: Բայց ինչպե՞ս: 0:2 հաշվով պարտվելիս անգլիացիներն իրենց մեջ ուժ գտան ու արդեն 37-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը: Եվս մի քանի րոպե անց Լեմպարդը հեռու տարածությունից բառացիորեն հրթիռահարեց Գերմանիայի դարպասը: Գնդակը դիպավ հորիզոնական ձողափայտին եւ անդրադարձվելով մոտ 50 սմ՝ հատեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասի գիծը: Դա տեսան բոլորը, բայց՝ ոչ նրանք, ովքեր ամենից շատ էին պարտավոր տեսնել: Ուրուգվայցի մրցավար Խորխե Լարիոնդան եւ նրա օգնականները գոլը չարձանագրեցին: Ճիշտ է, երկրորդ խաղակեսում գերմանացիները եւս երկու անգամ հասան հաջողության, սակայն ընդունենք, որ այսպիսի պատասխանատու խաղում, այն էլ, երբ մրցակիցդ Գերմանիայի նման հզոր թիմ է, դժվար է պահպանել մարտական ոգին, չընկճվել: Ու ոչ ոք չի կարող ասել, թե գոլը գրանցվելու դեպքում հանդիպումն ինչ շարունակություն կունենար:
Արգենտինա-Մեքսիկա: Այս խաղի անվիճելի ֆավորիտը Դիեգո Մարադոնայի ղեկավարած թիմն էր, ու, հավանաբար, քչերն էին կասկածում արգենտինացիների հաղթանակին, ինչին նրանք հասան: Սակայն մեքսիկացիներն ամբողջ խաղի ընթացքում ապացուցեցին, որ ոչ միայն ի վիճակի են հավասար ճակատամարտ տալ ահեղ մրցակցին, այլեւ պատրաստ են հաղթել: Մինչեւ 26-րդ րոպեն ամեն բան, կարծես, հենց դրան էր տանում: Սակայն բացահայտ խաղից դուրս վիճակում գնդակն ընդունած Տեւեսի խփած գոլը, կարելի է ասել, վճռեց հանդիպման ելքը: Իտալացի ճանաչված մրցավար Ռոբերտո Ռոզետտիի եւ նրա օգնականների աններելի «անուշադրության» պատճառով անդունդի եզրին հայտնված մեքսիկացիները հարկադրված էին հանպատրաստից փոխել նախապես մշակված գործողությունների ամբողջ ծրագիրը եւ պաշտպանությունը թուլացնելու գնով մեծ ուժեր նետել հարձակման գիծ: Իսկ Արգենտինայի ընտրանին, ինչպես հայտնի է, իրեն ընձեռված ամեն մի չնչին հնարավորություն ձեռքից բաց չի թողնում, արդյունքում խաղն ավարտվեց հենց նրանց հաղթանակով՝ 3:1:
Այս մունդիալը մեկ անգամ եւս ապացուցեց, որ վաղուց եկել է ֆուտբոլում եւս կրկնապատկերը դիտելու պրակտիկան ներմուծելու անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում, ինչպես արդեն ասացինք, ֆեդերացիաների եւ հավաքականների ճակատագիրը կախված կմնա մեկ մարդու ճիշտ կամ սխալ որոշումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել