Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՖԻԲԱ-ԵՎՐՈՊԱՅԻ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 29,2010 00:00

Հունիսի 28-ին Երեւանի «Միկա» մարզահամալիրում մեկնարկեց բասկետբոլի Եվրոպայի առաջնության կանանց «C» դիվիզիոնի մրցաշարը: ԽՍՀՄ փլուզումից հետո նման կարգի մրցաշար ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում առաջին անգամ է անցկացվում: Այս առիթով Երեւանում է գտնվում ՖԻԲԱ-ի Եվրոպայի փոխնախագահ, առաջնության կոմիսար Ջոն Գոնսալեսը: ՖԻԲԱ ներկայացուցիչը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ մեծ սպասումներ ունի մրցաշարից: «Առաջին անգամ է, որ Հայաստանում անցկացվում է միջազգային բասկետբոլային մրցաշար: Ուստի մենք մեծ սպասումներ ունենք: Ես ընդամենը 24 ժամ է, ինչ գտնվում եմ Հայաստանում, սակայն արդեն համոզվել եմ, որ մենք ճիշտ ընտրություն ենք կատարել՝ Հայաստանն ընտրելով որպես մրցաշարի կազմակերպիչ: Մենք նաեւ հուսով ենք, որ մրցաշարի ընթացքում անխուսափելի թերությունները նվազագույն կլինեն, եւ բոլոր թիմերը Հայաստանից կհեռանան լավագույն տպավորություններով»,- ասաց Գոնսալեսը: ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանն իր հերթին խոսեց սպասումների մասին՝ նշելով, որ անցնող մրցաշրջանը հայկական բասկետբոլի համար հագեցած է եղել միջազգային հանդիպումներով, եւ այս առաջնության անցկացումը արժանի եզրափակում կունենա: Ռոստոմյանը նշեց նաեւ, որ մեր հավաքականը առավելագույնս պատրաստվել է մրցաշարին, սակայն դա դեռ բավարար չէ մեր թիմի շանսերի մասին խոսելու համար: «Քանի դեռ առաջնությունը չի մեկնարկել, բարդ է խոսել հնարավորությունների մասին: Մենք կատարել ենք անհրաժեշտ ամեն հնարավորը, առավելագույնս պատրաստվել, սակայն ամեն ինչ ցույց կտա ժամանակը: Թիմում ներգրավված են արտասահմանում հանդես եկող հայ բասկետբոլիստուհիներ եւ մեկ լեգեոներ՝ Հայաստանի քաղաքացիություն ստացած Ամանդա Ջեքսոնը»,- ասաց ՀԲՖ նախագահը: Ու թեեւ առաջնությունն անցկացվում է ահռելի մասսայականություն վայելող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը զուգահեռ՝ պարոն Ռոստոմյանը հույս հայտնեց, որ «Միկա» մարզահամալիրում մեր երկրպագուները կաջակցեն Հայաստանի կանանց հավաքականին, մանավանդ, որ մուտքն ազատ է: «Այս օրերին հայ մարզասերը ուրախանում է Արգենտինայի համար կամ տխրում Անգլիայի հետ, մինչդեռ նրան հնարավորություն է ընձեռվել այս թեժ ամռանը աջակցել հայոց եռագույնին: Ուստի ակնկալում եմ, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն, եւ մեր հավաքականը աջակիցների պակաս չի զգա»,- հույս հայտնեց Հրաչյա Ռոստոմյանը:
Երկու տարին մեկ անցկացվող այս առաջնությանը 2010-ին մասնակցում են յոթ երկրների հավաքականներ՝ Հայաստան, Անդորրա, Մալթա, Ջիբլարթար, Մոլդովա, Շոտլանդիա եւ Ուելս: Մենք ընդգրկված ենք «A» խմբում, որտեղ մրցելու ենք Անդորրայի, Ջիբլարթարի եւ Մոլդովայի հավաքականների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել