Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆոնոգրամա եւ վարպետներ

Հունիս 29,2010 00:00

\"\"Դելփյան խաղերի բացումը տպավորիչ չէր

Դելփյան խաղերն իրենց էությամբ կոչված են անդրադառնալու մշակութային ամենատարբեր ժանրերի ու գեղարվեստական ոլորտների: Ավելի քան 19 անվանակարգ է ընդգրկված, մինչդեռ բացման արարողությունից կարելի է ենթադրել, որ կազմակերպիչներն ու բեմադրիչը չէին հասկացել խաղերի նպատակը՝ դիմելով միայն այսպես կոչված՝ դասականին, այստեղ եւս ի հայտ բերելով քմահաճ մոտեցում: Նրանք կարող են արդարանալ ցանկության եւ հնարավորությունների հակասությամբ, սակայն դա, արդյոք, արդարացո՞ւմ է, երբ դասականի անվան տակ ներկայացվում են Ինգա եւ Անուշ Արշակյանների ելույթները (թեկուզեւ՝ բարձրակարգ), իսկ, օրինակ, անվանակարգերում ընդգրկված կրկեսային արվեստն ու այլ ժանրերը, այդ թվում՝ ազգային գործիքներ, DJ, նորաձեւություն՝ բացակայում էին: Այն տպավորությունն էր, որ բազմադարյա մշակույթ ունեցող հայերս միայն երգում ենք ու պարում. ներկայացված էին 5 վոկալ, այդ թվում՝ խմբերգեր, եւ 4 պարային համարներ: «Բարեկամություն» պարային անսամբլի երեք պարուհիների ելույթն էլ թեեւ հրաշալի էր, պրոֆեսիոնալ ու դիտարժան, սակայն «օրախնդիր» չէր: «Խաղերի» անվանակարգերից մեկն էլ ժողովրդական երգն է, որը պետք էր մատուցել պարզ եւ զուլալ, այնինչ պարուհիները հանդես եկան Սայաթ-Նովայի «Աշխարհումս ախ չիմ քաշի» երգի՝ էստրադային երգչուհի Անահիտ Մանուկյանի ոչ շշմեցնող ֆոնոգրամայի ներքո:
Օպերային թատրոնի մեներգիչ Գեւորգ Հակոբյանն էլ հանդես եկավ «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմի համար գրված Մ. Թարիվերդիեւի հանրահայտ երգով, սակայն ոչ այնքան հաջող, ինչպես այն ժամանակ, երբ ինչ-ինչ պատճառներով Կոբզոնը չէր ժամանել Հայաստան, եւ Գեւորգը ստիպված մատուցեց այս երգը: Սա էլ ունի իր պատճառը. Օպերային թատրոնի մեներգիչները այս կամ այն օպերային ներկայացմանը հանդես գալիս՝ նույնիսկ երբ խոսքը բազմիցս կատարած դերերգի մասին է, մինչ հերթական բեմելը դասարանում փորձում են իրենց «սեփական» կոնցերտմայստերների հետ, ինչն այս դեպքում չէր արվել կոնկրետ կոնցերտմայստեր Լեւոն Ջավադյանի հետ: Ռ. Ամիրխանյանի «Շախ եւ մատ» մյուզիքլից էլ արքայի եւ թագուհու դուետով հանդես եկան տենոր Հովհաննես Այվազյանը եւ սոպրանո Իրինա Զաքյանը: Թեեւ նրանց «օգնում» էր միկրոֆոնը, սակայն, ելնելով դիապազոնից, պարզ երեւաց, որ տենորի պարտիան գրված է բարիտոնի համար: Հանդիսավոր բացման նախավերջին համարը ԱՊՀ երկրների ժողովրդական պարերն էին՝ «Սարդարապատ» անսամբլի գերազանց մատուցմամբ, ինչով եւ կարելի էր փակել համերգը: Ընդ որում, հանդիսատեսը կարծես նախապատրաստվեց դրան, սակայն միջոցառումը եզրափակեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ բարձրարվեստ կատարումով, ինչը, սակայն, որպես փակման համար՝ տեղին չէր, հատկապես որ՝ ֆոնոգրամայով էր:
Վերը շարադրվածի առնչությամբ զրուցեցինք Դելփյան խաղերի բացման արարողության բեմադրիչ, Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ. «Մեր սկզբունքն էր՝ կազմակերպել ու մատուցել համերգ Հայաստանի վարպետների մասնակցությամբ, քանի որ փակման արարողությանը Մարզահամերգային համալիրում կներգրավվեն անվանակարգերում հաղթածները: Համերգի համարները «հավաքել» ենք դասականի շնչով: Եթե նկատել եք, լուրջ անդրադարձ կար Մեծ հաղթանակի 65-ամյակին (նկատի ունի այդ թեմայով հնչած միակ՝ Թարիվերդիեւի երգը- Ս. Դ.): Նախատեսված էր նաեւ կրկեսային համար. այն չիրագործեցինք զուտ տեխնիկական պատճառներով: Ինչ վերաբերում է Հեքեքյանի ղեկավարած երգչախմբի ելույթով համերգի փակմանը, կարծում եմ, ոչ ոք չի կարող կասկածել երգչախմբի բարձրակարգ լինելուն: Եվ հետո՝ ի՞նչ կա զարմանալու, չէ՞ որ սա երիտասարդական մանկական փառատոն է…»,- ներկայացրեց բեմադրիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել