Հյուսիսային Կորեան հայտարարել է, թե ամրապնդելու է իր միջուկային արսենալը՝ ԱՄՆ կողմից սպառնալիքներին ավելի արդյունավետ կերպով դիմակայելու համար: Երկուշաբթի օրը Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասված է, թե «ԱՄՆ-ի կողմից շարունակվող թշնամական քաղաքականությունը եւ ռազմական սպառնալիքները ստիպում են մեզ դիմելու զսպիչ միջուկային ուժերի կատարելագործմանն ուղղված նոր միջոցառումների»: BBC-ի մատուցմամբ, ԿԺԴՀ-ի այդ հայտարարությունը կարելի է դիտարկել որպես ջրածնային ռումբի ստեղծման ակնարկ:
ԱՄՆ-ն փորձում է հասնել այն բանին, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից մեկը՝ Չինաստանը, որը վետո դնելու իրավունք ունի, պաշտպանի ԱԽ-ի՝ Հարավկորեական պարեկային «Չխոնան» նավի խորտակման համար ԿԺԴՀ-ին դատապարտող բանաձեւը: Կանադայում «Մեծ 20-յակի» գագաթաժողովի ավարտին հրավիրված ասուլիսում ԱՄՆ նախագահ Օբաման հույս է հայտնել, որ իր չինացի գործընկերը կխոստովանի, որ Հարավկորեական նավի հետ կապված միջադեպը Հյուսիսային Կորեայի կողմից բոլոր սահմաններն անցնելու դրսեւորում էր:
Հիշեցնենք, որ միջադեպի առնչությամբ անցկացված միջազգային հետաքննության եզրակացության համաձայն, հարավկորեական նավը խորտակվել է Հյուսիսային Կորեայի կողմից ռումբերի արձակման արդյունքում:
Իր հերթին Չինաստանին է դիմել նաեւ Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը՝ խնդրելով հստակորեն ձեւակերպել Չինաստանի դիրքորոշումը Դեղին ծովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Տորոնտոյում, G-20-ի գագաթաժողովի ընթացքում, «Մեծ ութնյակի» անդամ երկրների առաջնորդներն արդեն իսկ հայտարարություն են ընդունել, որում դատապարտել են հարավկորեական «Չխոնանի» խորտակումը: