Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը (նկարում) հայտարարել է, թե արդյունաբերական լրտեսությունը գերմանական տնտեսության գլխավոր խնդիրներից մեկն է՝ հավելելով, որ ավելի հաճախ այդ քայլին դիմում են Ռուսաստանն ու Չինաստանը: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, գերմանացի նախարարի այդ հայտարարությունը Մոսկվայում տարակուսանք է հարուցել: «Մենք ուզում ենք ակնկալել, որ դիվանագիտական խողովակներով մեր գործընկերներից կստանանք համապատասխան բացատրություններ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբդրել Նեստերենկոն: Ռուս դիվանագետները հերքել են Ռուսաստանի հասցեին հնչեցված մեղադրանքները եւ հակադարձել, թե Գերմանիայի ՆԳ նախարարի զեկույցում «խոսքը գնում է Գերմանիայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչություններին առաջադրված ստանդարտ տիպի մեղադրանքների մասին: Գերմանացիների ընկալման մեջ ՌԴ ներկայացուցչությունները շարունակում են մնալ որպես «լրտեսական օջախներ», որոնք խարխլում են Գերմանիայի անվտանգությունը»:
Նեստերենկոյի խոսքերով, գերմանացի նախարարն առաջադրել է «անապացուցելի մեղադրանքներ», որոնք փոխառված են, «թվում էր թե՝ վաղուց արդեն մոռացված սառը պատերազմի ժամանակաշրջանից»: Աղբյուրի մատուցմամբ, Մոսկվայի տարակուսանքն առաջացրել է հատկապես Մեզիերի այն հայտարարությունը, թե արդյունաբերական լրտեսությունը, որն իրականացվում է այդ թվում՝ հօգուտ Ռուսաստանի, Գերմանիայի համար ավելի մեծ վտանգ է պարունակում, քան՝ իսլամական ահաբեկչությունն ու աջարմատականների կամ ձախծայրահեղական կազմակերպությունների գործունեությունը: