Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան դարձել է երկրի՝ անցումային շրջանի նախագահ: News.am-ի մատուցմամբ, նա արդեն հայտարարել է, որ նվազագույն ժամկետներում պատրաստ է կազմավորել նոր կառավարություն: «Ես այսօր ստանձնում եմ նախագահի լիազորություններ ու միաժամանակ կղեկավարեմ նաեւ կառավարությունը, որն այսուհետեւ «ժամանակավոր» չի կոչվի: Մենք մտել ենք իրավական դաշտ»,- երկուշաբթի հայտարարել է Օտունբաեւան:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Ղրղըզստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքում երկրի քաղաքացիները պետք է «այո» կամ «ոչ» պատասխանեին միանգամից երեք հարցի, որոնք վերաբերում էին Օտունբաեւային մինչեւ 2011-ի դեկտեմբերի 31-ը նախագահի լիազորություններ ընձեռելուն, նոր սահմանադրություն ընդունելուն եւ երկրում Սահմանադրական դատարանի վերացմանը:
Ղրղըզստանի ԿԸՀ-ի տվյալներով, հանրաքվեի մասնակիցների շուրջ 90 տոկոսը կողմ է քվեարկել երկրի նոր սահմանադրությանը, ըստ որի՝ երկիրը կառավարման նախագահական համակարգից անցնում է խորհրդարանական կառավարման: Սահմանադրական փոփոխություններին դեմ է քվեարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների 8 տոկոսը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների մոտ 70 տոկոսը: