Իսրայելը Թուրքիայից օդային տարածքը փակելու մասին որեւէ պաշտոնական ծանուցում չի ստացել: News.am-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել են Իսրայելի տրանսպորտի նախարարությունում: Համաձայն իսրայելական քաղավիացիայի տվյալների՝ ներկայումս Թուրքիայի օդային տարածքով կատարվող թռիչքներն իրականացվում են սովորական ռեժիմով:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները հունիսի 27-ից արգելել են իսրայելական զինված ուժերի ինքնաթիռների թռիչքը Թուրքիայի տարածքով:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հունիսի 28-ին հայտարարել է, թե թուրքական կողմն իր օդային տարածքը փակել է միայն իսրայելական ռազմական ինքնաթիռների համար:
Ընդսմին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կանադական «Toronto Star newspaper» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ իսրայելա-թուրքական հարաբերություններում նախկին վստահության վերականգնման համար Իսրայելը պետք է չորս պայման կատարի: Իսրայելը, Էրդողանի խոսքով, առաջին հերթին պետք է ներողություն խնդրի Գազա մեկնող «Ազատության նավատորմի» վրա հարձակվելու համար, փոխհատուցում վճարի Թուրքիայի ինը զոհված քաղաքացիների ընտանիքներին, համաձայնի միջազգային հետաքննություն անցկացնելու առաջարկին եւ ապաշրջափակի Գազայի հատվածը: Թուրքական կառավարության ղեկավարը գտնում է, որ Գազայի հատվածի ապաշրջափակման ուղղությամբ իսրայելական ջանքերը բավարար չեն: