Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննակենտրոնում ռուսաց լեզվից միասնական քննություն հանձնած 138 դիմորդները ժամը 9-18-ը հնարավորություն ունեին բողոքարկել իրենց հավաքած միավորները: Այս առարկայից միջին միավորը 11,2 է, «20» չի գրանցվել, 17,5-20 միավոր՝ 4,89 տոկոսը, դրականի շեմը չի հաղթահարել 16,79 տոկոսը:
«Առավոտը» օրվա տարբեր ժամերի այցելեց քննակենտրոն, բայց այդպես էլ ռուսաց լեզվից բողոքարկողների չհանդիպեց: Նույն ժամանակահատվածում ԳԹԿ-ում ընթանում էին միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցելու հայտագրման աշխատանքները: Այն կտեւի մինչեւ հուլիսի 1-ը: Դրանք հիմնականում Ջավախքից եւ արտերկրից ժամանած դիմորդներն էին եւ այն անձինք, որոնք առողջական խնդիրների պատճառով չէին կարողացել մասնակցել քննությանը: Վատ ավանդույթի համաձայն, քննությունների լրացուցիչ փուլի հետ շատ դիմորդներ հույսեր են կապում, որ «գործ կդասավորեն», ուստի նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ երբեմն միտումնավոր կերպով են բժշկի թղթեր ներկայացվում:
ԳԹԿ մշակումների եւ կազմակերպական բաժնի առաջատար մասնագետ Հասմիկ Ավետիսյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց. «Բժշկի տեղեկանք ներկայացրած դիմորդները հնարավորինս քիչ են հայտագրման այս փուլում: Բայց հայտագրումից առաջ մենք համակարգչով ստուգում ենք՝ երեխան իրո՞ք հիվանդ է եղել եւ բժշկի տեղեկանք ներկայացրե՞լ է, թե՞ ոչ»: Օրինակ՝ Մարի Մինասյանն ու Սուրեն Հայրապետյանը հայտագրվում էին մեկական քննություն հանձնելու համար: Մինչ բժշկի տեղեկանք ներկայացնելը, նրանք հիմնական փուլում միասնական քննություն են հանձնել որոշ առարկաներից: