Վրացական իշխանությունները վերսկսել են Ջավախքում աջար էկոմիգրանտների վերաբնակեցման գործընթացը: Ըստ վրացական մամուլի տվյալների, սողանքներից տուժած Աջարիայի Խուլո երկրամասից 14 ընտանիքներին վերջերս նոր բնակելի տներ են հատկացվել Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկա) շրջանի Գորելովկա գյուղում: Ներկայումս Գորելովկայում արդեն իսկ ապրում է Աջարիայի բարձր լեռնային շրջաններից վերաբնակեցված 50 ընտանիք: Վրաստանի հայաբնակ շրջաններում աջարների վերաբնակեցման գործընթացը Ջավախքի էթնո-ժողովրդագրական պատկերի փոփոխմանն ուղղված ակնհայտ քայլ է: Տվյալ գործընթացն ուղղակիորեն հակասում է Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիայի 16-րդ հոդվածին (Վրաստանի կողմից վավերացվել է 2005թ. դեկտեմբերի 22-ին), համաձայն որի՝ մասնակից-պետությունը պետք է ձեռնպահ մնա այնպիսի միջոցներից, որոնք փոխում են բնակչության կառուցվածքային կազմը այն տարածքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնությունների պատկանող անձանցով եւ նպատակ ունեն սահմանափակել շրջանակային կոնվենցիայի սկզբունքներից բխող իրավունքները եւ ազատությունները:
«Երկիր» միությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին, միջազգային կառույցներին եւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացչություններին՝ անհապաղ արձագանքել վրաց իշխանությունների կողմից ջավախահայության իրավունքների կոպիտ ոտնահարման այս նոր փաստին եւ գործուն միջոցներ ձեռնարկել հայաբնակ շրջաններ աջարների վերաբնակեցման գործընթացը կասեցնելու ուղղությամբ: