Հայաստանի կառավարության, Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրերի, Վայրի բնության պահպանության հիմնադրամի հետ համատեղ «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի մշակում» ծրագրով Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում կստեղծվեն բնության հատուկ պահպանվող գոտիներ՝ «Գնիշիկ» արգելավայր (Վայոց ձոր, 20 000 հեկտար) եւ «Խուստուփ» արգելավայր՝ (Սյունիք, 12 000 հեկտար): Ծրագրի արժեքը՝ 950 հազար դոլար, տեւողությունը՝ չորս տարի:
Ծրագրի մեկնարկը տրվեց Սյունիքից՝ Կապանի «Օրհուս» կենտրոնում քննարկումով: Ստեղծվող արգելավայրերին մոտ գտնվող համայնքների ղեկավարներն ու բնակիչները մեկ մտահոգություն ունեն. մարդիկ տարիներ շարունակ օգտվել են բնությունից, սարերից եւ անտառներից տարատեսակ խոտաբույսեր, հատապտուղներ եւ այլ բարիքներ հավաքել, իսկ այսօր արդեն գործող արգելավայրերում իրենց արգելում են քաղել-հավաքել այնպիսի բուսատեսակներ, որոնք առանց խոչընդոտների հավաքել են: Այս մտահոգությանն ի պատասխան, «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սամվել Բալոյանը հայտարարել է, որ բուսատեսակների օգտագործման սահմանափակումները կհասցվեն նվազագույնի, ծրագիրը ուղղված է էնդեմիկ բուսատեսակների եւ կենդանատեսակների պահպանությանը: Բնապահպանական խնդիրներ ունեցող Սյունիքում արգելավայրերը անհրաժեշտություն են, հայտարարել են ծրագրի պատասխանատուները: