Լրահոս
Օրվա լրահոսը

Խայթոց՝ մահվան ելքով

Հունիս 29,2010 00:00

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 22-ամյա բնակիչ Հրանտ Առաքելյանը հունիսի 26-ին մահացել է օձի խայթոցից: Երիտասարդը հունիսի 25-ին ձկնորսության էր գնացել Մեղրի եւ Արաքս գետերի հատման վայրի ճահճուտ հատված: Ժամը 19.10-ի սահմաններում ոտաբոբիկ քայլելիս է եղել եւ մարմնագույն մի օձ նրան կծել է, տուժածին 40 րոպեում հասցրել են Ագարակի հիվանդանոց, սակայն մեկ օր անց նա մահացել է հենց հիվանդանոցում: Հրանտ Առաքելյանին բուժող բժիշկը եղել է «Մեղրու բժշկական կենտրոնի» գլխավոր բժիշկ Սամվել Սողոմոնյանը: Նրա խոսքով, կծած հատվածից երեւում է, որ խայթել է հսկայական օձ, որը հարեւան Իրանից տարվա այս հատվածում անցնում է մեր տարածք: Բժիշկները մեկ օր շարունակ փորձել են փրկել երիտասարդին, խորհրդակցել են հանրապետության գլխավոր տոքսիկոլոգ Միքայել Գաբրիելյանի հետ, տուժածին հակաթույն են ներարկել, սակայն թունավորման հատվածը շատ մեծ է եղել, խայթոցը՝ զարկերակի անմիջական հարեւանությամբ, եւ թույնը շատ արագ տարածվել է ամբողջ մարմնով:
Ինչպես տեղեկացրեց «Մեղրու բժշկական կենտրոնի» գլխավոր բժիշկ Սամվել Սողոմոնյանը, իրենց կենտրոնում երեք սրվակ «անտիգյուրզին» է եղել, իսկ ամռան տապին, հատկապես Ագարակի մատույցներում օձի խայթոցի հավանականությունը շատ մեծ է:
Սյունիքի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Աշոտ Սարդարյանը ասաց, որ օձից խայթված լինելու առումով ռիսկային ամիսներին մարզի բուժհաստատությունները ապահովված են հակաթույնով եւ որեւէ խնդիր չկա:
Երիտասարդի մահվան դեպքից հետո տարածաշրջանում անհանգստություն է տիրում: Մարդիկ փորձում են հույսները իրենց վրա դնել եւ խուսափել օձերից: Ագարակի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ծաղիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենք դեպքի մասին տեղյակ են պահել քննչական վարչությանը, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները պարզ կլինեն մի քանի օրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել