ՀՀ քաղաքաշինության նախարարի որոշմամբ ստեղծված «Աղետի գոտում անօթեւան մնացած ընտանիքներին պետական աջակցության բնակապահովման ծրագրի իրականացման եւ բնակելի տների հատկացման» հանձնաժողովի անդամ, Լոռու մարզի ներկայացուցիչ Լեւոն Ասլանյանի աշխատասենյակը միշտ լիքն է բնակարանային շինարարության ծրագրում ընդգրկված եւ դուրս մնացած շահառուներով:
2009 թվականից հետաձգվել է 44 գործ. 8 քաղաքացու գործ՝ գրավ դրված հողերի, իսկ մնացածը՝ 1986-90 թվականների տեղեկանքում որդիների առանձին տնտեսություն ունենալու փաստը նշված չլինելու պատճառով: Փաստաթղթերի հետ կապված խնդիրները մեծ տեղ են զբաղեցնում: Հանձնաժողովականների խոսքով, գրանցամատյանում հաճախ հանդիպում ես տարիներ առաջ ամուսնացած աղջկա անուն-ազգանվան, իսկ հարսները որպես կանոն «ամենաարհամարհված» խավն են, նրանց անունները գրանցված չեն եղել երբեք: Միայն անցած տարի տուն ստանալու համար ամուսնությունը գրանցել է 115 ընտանիք, իսկ 17-48 տարեկան 117 չափահաս մարդ նոր անձնագիր է ստացել: Ըստ Լեւոն Ասլանյանի՝ սա նաեւ զինկոմիսարիատի մեղքն է, քանի որ զորակոչիկներին բանակ են տանում առանց անձնագրի: «Ի վերջո, փաստաթղթերի հանդեպ բծախնդրությունն ու ճշգրտությունը կարեւոր են գործընթացը ճիշտ կազմակերպելու համար, սակայն գյուղական համայնքներում ծրագրի հանդեպ անտարբերությունն ու թերահավատությունը ձգձգման պատճառ են դառնում»,- ասում է Լեւոն Ասլանյանը:
2010թ.-ին բնակարանային շինարարության ծրագրում ընդգրկվել է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Շիրակամուտ, Գեղասար, Մեծ Պարնի, Լուսաղբյուր, Սարահարթ, Գոգարան, Արեւաշող գյուղերի անավարտ շինարարություն ունեցող 152 ընտանիք, որից 98-ի պարագայում է, որ խնդիրներ չկան: Սպիտակի տարածաշրջանի 6 այլ համայնքներում՝ Ջրաշեն, Լեռնավան, Կաթնաջուր, Սարամեջ, Ծաղկաբեր, Լեռնանցք, անավարտ շինություն չունեցող ընտանիքների համար կկառուցվի 371 բնակելի տուն: Նույն ծրագիրը կիրականացվի նաեւ Գուգարքի շրջանի Գուգարք, Լեռնապատ, Դարպաս, Եղեգնուտ եւ Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ, Գարգառ, Լեջան, Վարդաբլուր գյուղական համայնքներում: Չի բացառվում, որ փաստաթղթային անճշտությունների եւ խնդիրների պատճառով գործընթացից դուրս մնացողներ լինեն:
Այլ խնդիր էլ կա. 22 տարի ժամանակավոր կացարանում բնակված մարդը իր միջոցներով որոշակի աշխատանքներ է արել, մետաղյա կամ փայտե կացարանը քարապատել, հարակից կառույցներ սարքել եւ այդ շինությունը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում սեփականություն գրանցել: Ու ստացվում է, որ նա արդեն շինություն-կացարան ունի եւ նույն հողի վրա երկրորդն ունենալ չի կարող: Աղետի գոտում անօթեւան մնացած ընտանիքներ՝ պետական աջակցության բնակապահովման ծրագրի 26 շահառուներ այժմ նույն խնդրի առաջ են կանգնած:
Բացի սրանից, յուրաքանչյուր կամ գրեթե յուրաքանչյուր ընտանիք այսօր արտագնա աշխատանքի գնացած անդամ ունի: Բնակարանային հարցը լուծելու համար ընտանիքի բացակա անդամը պետք է լիազորագիր թողնի: Բայց միշտ չէ, որ քաղաքացիները լսում են այսօրինակ հորդորները:
Ոչ պակաս լուրջ խնդիր է երիտասարդ ընտանիքների հարցը: Երիտասարդները չեն համաձայնում ապրել ծնողների հետ եւ պահանջում-առաջարկում են կառուցել մեկ տուն՝ երկու տարբեր մուտքերով: Իսկ հանձնաժողովն առաջարկում է երիտասարդ ընտանիքներին պաշտոնապես՝ նոտարական հաստատումով հրաժարվել բնակարանի իրենց բաժնից: Հանձնաժողովում 7 այդպիսի գործ կա:
Առայժմ խնդիրներ չկան քաղաքային համայնքներում՝ ավարտին է մոտենում Ստեփանավան եւ Սպիտակ քաղաքների բազմաբնակարան բնակելի շենքերի շինարարությունը, յուրաքանչյուր համայնքում բնակարանի տեր կդառնա 220 ընտանիք: Սպիտակում միակ խնդրահարույց հարցը երկկողմանի ծնողազուրկ ութ երեխաներին բնակարանով ապահովելու խնդիրն է: