Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 29,2010 00:00

ԸՆԿԵԼ Է ԿԱՐՈՒՍԵԼԻ ՁՈՂԸ
Արարատյան 1-ին զանգվածում գտնվող թիվ 152 միջնակարգ դպրոցի բակում կարուսելի ձողն ընկել է երեխաների վրա: Պարզվել է, որ Արարատյան 1-ին զանգվածի 20/7 հասցեի բնակիչներ՝ 4-ամյա Էմիլ եւ 7-ամյա Արմինե Գյուլնազարյանները, դպրոցի բակում գտնվող սղարանի վրա սահելիս, ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ:
Տուժածները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:

ՓԼՈՒԶՎԵԼ Է ՊԱՏԸ
Հունիսի 26-ին Արմավիրի մարզի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհի սկզբնամասում՝ Հ. Հարությունյանին պատկանող կիսակառույց շինության պատը քանդելիս տեղի է ունեցել փլուզում, ինչի հետեւանքով զոհվել է Էջմիածնի Արագածի զանգվածի 15/20 հասցեի բնակիչ՝ 24-ամյա Բենիամին Հայրապետյանը:

ՁԿՆՈՐՍԻ ԴԻԱԿԸ ՁՈՐՈՒՄ ԷՐ
Հունիսի 26-ին Սյունիքի մարզի Սիսիանի փրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում Սառնակունք գյուղի Առիտի կոչվող հանդամասի ժայռերում՝ ձորի մեջ, հայտնաբերվեց 35-ամյա Ստեփան Հովհաննիսյանի դին:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, ժամը 10.00-ին Ս. Հովհաննիսյանը, ձուկ որսալու նպատակով, տնից դուրս էր եկել եւ չէր վերադարձել:

ՋՐԱՀԵՂՁԸ
Հունիսի 27-ին Գավառ քաղաքից մոտ 8 կմ հեռավորության վրա՝ «Խարաբեկ» տարածքում գտնվող լճակում ջրահեղձվել է 41-ամյա Արմեն Մովսիսյանը:
ՏՈՒԺԵԼ ԵՆ ՊԱՏԱՀԱՐԻՑ
Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու 6 կմ-ում, ճամփեզրից դուրս, հայտնաբերվել է «Միցուբիշի» մակնիշի 16 LL 849 պետհամարանիշի ավտոմեքենան՝ շրջված վիճակում: Շտապօգնության բրիգադով Վանաձորի բնակիչ՝ 33-ամյա Ա. Բաղրամյանը եւ Երեւանի բնակիչ՝ 26-ամյա Ա. Ալավերդյանը վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Ըստ բժշկի՝ տուժածների վիճակը ծանր է:

ԱՎՏՈԲՈՒՍ Է ԱՅՐՎԵԼ
Հունիսի 27-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի Երեւանյան փողոցում ավտոբուս է այրվում: Պարզվել է, որ այրվել է Մրգաշատ գյուղի բնակիչ Հ. Գալստյանին պատկանող «ԼԱԶ» մակնիշի 11 ՍՍ 969 պետհամարանիշի ավտոբուսը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղեւորները լքել են ավտոբուսը: Տուժածներ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել