Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն սպասում՝ մինչ դատական ակտ կայացնելը

Հունիս 29,2010 00:00

2010թ. հունվարին հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման եւ երրորդ անձ Վաղարշակ Մանուկյանի՝ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Այգեգործների փողոցի թիվ 2 տան նկատմամբ Վաղարշակ Մանուկյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Միաժամանակ միջնորդել եմ արգելանք դնել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Այգեգործների փողոցի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:
Փետրվարի 8-ի որոշմամբ դատարանը բավարարել էր միջնորդությունս եւ արգելանք էր դրել հիշյալ անշարժ գույքի վրա: Ապրիլի 5-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Էջմիածնի ստորաբաժանումից ծանուցագիր եմ ստացել, որ իմ նկատմամբ վտարման վարույթ է հարուցված: Ապրիլի 9-ին միջնորդություն եմ ներկայացրել վարչական դատարան՝ խնդրելով կասեցնել վտարման գործընթացը: Դատարանը մերժել էր միջնորդությունս՝ պատճառաբանելով, որ ես որեւէ ապացույց չեմ ներկայացրել առ այն, որ սույն գործով վեճի առարկային առնչվող բնակելի տնից ինձ վտարելու գործողություններ են իրականացվում:
Ապրիլի 28-ին նույն հիմքով երկրորդ միջնորդությունն եմ ներկայացրել դատարան՝ արդեն կցելով վտարման գործընթաց իրականացնելու վերաբերյալ ապացույցներ: Այս միջնորդությունս դատարանը նույնպես մերժել է, սակայն այն պատճառաբանությամբ, որ իմ կողմից ներկայացված փաստաթղթերը բավարար չեն եզրակացնելու, որ օրինական ուժի մեջ մտած վճռի կատարմանն ուղղված գործողությունների կատարումը պետք է դադարեցնել, քանի որ նշված տունը սեփականության իրավունքով սույն գործով երրորդ անձ Վ. Մանուկյանի անունով է գրանցվել՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով: Սակայն, չգիտես ինչու, դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վիճարկվում է հենց հիշյալ տան սեփականության իրավունքը: Փաստորեն, ինձ տնից կարող են վտարել դեռ դատաքննության ժամանակ՝ առանց այս գործով վերջնական դատական ակտ կայացնելը: Դատարանի այս որոշումը օրենքով սահմանված կարգով բողոքարկել եմ ՀՀ վարչական դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել