Լրահոս
Օրվա լրահոսը

Կամուրջներին տիրություն չեն անում

Հունիս 29,2010 00:00

Այդ պատճառով էլ մարդիկ են մահանում

\"\"
Սա կնոջ մահվան պատճառ դարձած փլուզված կամուրջն է:

\"\"
Գյուղի մյուս կամուրջները եւս վթարային են:

Երեկ Գեղամավան գյուղի 38-ամյա բնակիչ Հայաստան Խաչատրյանի հուղարկավորությունն էր: Հունիսի 25-ին կովերին արոտավայրից տուն բերելիս Գեղամայով անցնող Հրազդան գետի վթարային կամուրջը փլուզվել էր, ինչի հետեւանքով Հայաստանը կովերի հետ միասին գետն էր ընկել ու խեղդվել՝ 2 երեխաներին թողնելով որբ: Նրա մարմինը փրկարարները գտել են գետի՝ Հրազդան քաղաքով անցնող հատվածից: Այդ օրը ջուրն այնքան վարար է եղել, որ շրջապատում գտնվող մարդկանցից որեւէ մեկը ռիսկ չի արել մոտենալ եւ խեղդվող կնոջն օգնություն ցուցաբերել:
«Առավոտի» հետ զրույցում դեպքի ականատեսները պատմում էին, որ Հայաստանը, գիտակցելով, որ չի փրկվելու, միայն մի բան էր բղավում. «Էրեխեքս մնալու են անտեր»: Մեր թղթակցի հետ զրույցում գյուղացիները չէին բացառում, որ նման ողբերգություններ դեռ էլի կլինեն, քանի դեռ այս համայնքում վթարային վիճակում գտնվող եւ փլուզման ենթակա եւս 4-5 կամուրջ կա, որոնցով ամեն օր, օրը մի քանի անգամ դաշտ գնալ-գալու, անասուններին արոտավայր տանելու համար գյուղացիներն անցուդարձ են անում: Գյուղացիների խոսքերով, 50-60 տարի առաջ կառուցված այդ կամուրջները ոչ մի անգամ չեն վերանորոգվել: 7-8 կովերի հետ այդ տարածքում շրջող 35-ամյա նախրապան Զինան էլ գրեթե ամեն օր ահը սրտում անցնում- դառնում է այդ կամուրջներով՝ վախենալով, որ մի օր էլ ինքն է ջուրն ընկնելու. «Բայց ինչ անեմ, ուրիշ տարբերակ չկա, գյուղացիների միակ ապրուստն էլ էդ դաշտերն են ու անասունները, պետք է տանենք արածացնենք, որ ապրենք»:
Տեղեկացանք, որ խեղդված կնոջ դեպքի առիթով Գեղարքունիքի մարզի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Մինչ իրավապահները կպարզեն Հայաստան Խաչատրյանի մահվան համար ով է մեղավոր, «Առավոտը» Գեղամավանի գյուղապետ Մնացական Վարդանյանից հետաքրքրվեց, թե տարեկան որքան գումար է հատկացվում այդ կամուրջների պահպանման եւ վերանորոգման համար:
Պարզվեց՝ համայնքը որեւէ առնչություն չունի այդ կամուրջների հետ եւ դրանց պատասխանատուն «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն է, որը հանրությանն առավել հայտնի է Սեւան-Հրազդան կասկադ անվանումով: Մեզ հետ զրույցում Մ. Վարդանյանն ասաց, որ աչքի առաջ ունենալով կամուրջներից սպասվող վտանգը, ինքը բազմիցս գրավոր եւ բանավոր դիմել է այդ ընկերությանը, որպեսզի վերանորոգեն եւ կարգի բերեն, սակայն ընկերության պատասխանատուները ականջի հետեւ են գցել: Գյուղապետի խոսքերով, ընկերության տնօրեն Մելս Հակոբյանին գրած դիմումներից միայն մեկին է արձագանք եղել. «Դա նորոգեցին, քանի որ ավտոմեքենաներ են անցնում այդ կամրջով, սակայն դա էլ կիսատ-պռատ արեցին, կամրջի հեծանները վթարային վիճակում են: Անցյալ տարի մարզպետի եւ «ՎիվաՍելի» աջակցությամբ այդ գետի կողքերը ցանկապատվեցին, ինչը եւս Սեւան-Հրազդան կասկադի պարտականությունն էր: Այդ ջրանցքի ստեղծման օրվանից ի վեր արդեն 60 մարդ է խեղդվել»:
Երեկ «Առավոտը» դիմեց նաեւ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ին, սակայն ընկերությունից պատասխանեցին, որ տնօրինությունը հանրապետությունում չէ, ուստի չեն կարող ոչինչ ասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել