Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ, ԷԼԻ

Հունիս 29,2010 00:00

Բնակչության հաշվին բժիշկների աշխատավարձերն են բարձրացնում

Մեր երկրում առողջությունն աստիճանաբար վերածվում է առուծախի առարկայի: Եթե այսօր հասարակության որոշակի սոցիալական խմբերի առողջության համար պետությունը վճարում էր, ապա ընդամենը մի քանի օր հետո պետպատվերի շրջանակներում բուժվողների թիվը զգալիորեն կնվազի:
Շուտով մեր երկրում կներդրվի համավճարի ծրագիրը, որն առայժմ կփորձարկվի «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Կոնկրետ այս բուժհիմնարկի պարագայում, ըստ էության, կվերանա 0-7 տարեկան երեխաների անվճար բուժօգնություն ստանալու հնարավորությունը, բացառությամբ՝ մի քանի դեպքերի: Ասենք՝ անվճար կբուժվեն միայն մինչեւ 7 տարեկան 1-ին կարգի հաշմանդամ եւ ամենաաղքատ ընտանիքի երեխաները, եւ մինչեւ 18 տարեկանները, որոնք կհայտնվեն վերակենդանացման բաժանմունքում:
Պետպատվերի կրճատումը առողջապահության ոլորտի պատասխանատուները բացատրում են ստվերի կրճատմամբ: Այսինքն՝ այն «լեւի» գումարները, որ հիվանդը դնում էր բժշկի գրպանը, այսուհետեւ գնալու են պետբյուջե: Բուժսպասարկման համար սահմանված գումարի մի մասն էլ վճարելու է պետությունը, սակայն, թե քանի՞ տոկոսը, դեռեւս հստակեցված չէ:
Ծանոթանալով համավճարի ծրագրին, պարզ է դառնում մի բան. եթե նախկինում ծնողը գումար չունենալու դեպքում կարող էր ռիսկով դիմել հիվանդանոց՝ իմանալով, որ իր 7 տարեկան երեխային պարտավոր են անվճար բուժել, ապա այժմ ծնողները պետք է դռնեդուռ ընկած գումար հայթայթեն եւ եթե չգտնեն՝ այդպես էլ երեխային բժշկի չտանեն:
Եվ սա այն դեպքում, երբ ոլորտի պատասխանատուները ամեն առիթով հորդորում են ամենաչնչին առողջական խնդրի դեպքում դիմել բժշկի՝ հետագա բարդությունները կանխելու եւ արդյունավետ բուժվելու համար:
Համավճարի ծրագրի մանրամասների մասին «Առավոտը» զրուցեց առողջապահության պետական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանի հետ: Թե ինչո՞ւ հենց ճգնաժամի պայմաններում կառավարությունը որոշեց ներդնել այս ծրագիրը՝ մեր հարցին պարոն Տեր-Գրիգորյանը պատասխանեց. «Ռեֆորմները պետք է հենց վատ օրերին անել, որպեսզի արդյունք ստանան: Բոլորս գիտենք, որ բուժհաստատություններում ստվերային շրջանառություն կա, նախարարությունը փորձում է դա լեգալացնել»: Այսինքն, ըստ Տեր-Գրիգորյանի, բժշկի գրպանը «լեւի» փող դնելու վատ սովորությունն են վերացնելու: Հիշեցնենք, որ նույն պատճառաբանությամբ, հունվարի 1-ից բուժհաստատություններում բուժսպասարկումների գները բարձրացան, սակայն վատ սովորությունը չվերացավ: Մեր հարցին՝ արդյո՞ք հնարավոր չէր այլ կերպ վերացնել «լեւի» գանձումները, գործակալության պետը պատասխանեց. «Արդեն հստակ գնացուցակ է փակցված լինելու, եւ հիվանդը նախապես իմանալու է, թե որքան պետք է վճարի: Նախկինում մի տեղ վճարում էր, եւ չգիտեր, հետո էլի՞ պետք է վճարի, թե՞ ոչ: Այսուհետեւ հիվանդի ծախսերը կանխատեսելի են լինելու»: Ըստ մասնագետի, հիվանդանոցի պատերին հստակ ցուցակ է փակցված լինելու, թե տվյալ բուժսպասարկման համար պետությունը որքան գումարով է մասնակցություն ունենալու, եւ որքանով՝ հիվանդը: Սա, իհարկե, վերաբերում է նրանց, ում երեխաները 0-7 տարեկան են: Ինչ վերաբերում է բնակիչների խուճապին, պարոն Տեր-Գրիգորյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. «Եթե ծնողը ձեռքերի վրա երեխային բերել է հիվանդանոց, ապա իրավունք չունեն նրանից առաջին 2 օրը գումար վերցնել, մինչեւ երեխայի վիճակը չբարելավվի: Հնարավոր է բաժնի վարիչի հետ պայմանավորվել, ու որոշակի զեղչեր կիրառել: Մենք ուզում ենք իմանալ՝ բնակչության ո՞ր մասն է վճարունակ, ո՞ր մասի համար պետք է արտոնություն ավելացնենք կամ պակասեցնենք»:
Իսկ եթե, այնուամենայնիվ, կլինեն անբարեխիղճ ու գումար պոկող բժիշկներ, մասնագետը վստահեցրեց. «Նրանք կենթարկվեն կարգապահական տույժի կամ էլ կհանենք-դուրս կշպրտենք»: Հնարավո՞ր է այս մեթոդով բացառել ստվերային շրջանառությունը կլինիկայում, մասնագետն ասաց. «Բացառելու մասին խոսք չկա: Մենք փորձում ենք նվազեցնել, մինիմումի հասցնել ստվերը: Բժիշկներից շատերը գուցե գոհ չլինեն, բայց դա նրանց խնդիրն է»:
Ըստ այդ ծրագրի, վճարների առնվազն 65%-ը նախատեսված է ուղղել բուժաշխատողների աշխատավարձերին: Նշենք, որ այս ծրագիրը ներդրվելու է առայժմ «Արաբկիր» կենտրոնում, ուստի այն քաղաքացիները, որոնք պատրաստ չեն համավճար կատարել, կարող են իրենց երեխաներին տանել այլ կլինիկա:
Մի առիթով առողջապահության ոլորտի մասնագետներից մեկն ասաց, որ պետք է այնպես անենք, որ վճարունակ ընտանիքներն իրենց բուժսպասարկման համար վճարեն: Փաստորեն, այս ծրագրով, առողջապահության բյուջեի հոգս են թեթեւացնում, հաշվի առնելով, որ շատ դեպքերում այն չէր բավականացնում պետպատվերով սպասարկվողների համար՝ մեր այս դիտարկմանը Տեր-Գրիգորյանն ասաց. «Ոչ թե հոգսն ենք թեթեւացնում, այլ օգնում բյուջեին: Մենք բյուջեն չենք պակասեցնում, որքան ծախս նախատեսված է, այդքան էլ մնալու է: Պարզապես այսուհետեւ կկարողանանք տվյալ հիմնարկում ավելի բարձր խոսել: Խաղ չենք անում: Փորձենք, էլի, տեսնենք ի՞նչ կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել