Մեր հայրենակիցների ղեկավարած «ԲԱՄՕ» հոլդինգը նոր նախագծեր է իրականացնելու մրցունակ եւ ամուր տնտեսություն ունեցող Սաուդյան Արաբիայում:
Օրերս՝ հունիսի 15-ին, ռուսաստանյան խոշոր արտադրական ձեռնարկությունը՝ «ԲԱՄՕ» հոլդինգը, նոր պայմանագիր է ստորագրել՝ Սաուդյան Արաբիայի տարածքում համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: Խոսքը «BAMO SAUDI ARABIA HOLDING» LLC անվանմամբ ընկերության մասին է, որը պետք է Սաուդյան Արաբիայում նոր արդյունաբերական պարկ ստեղծի՝ «Մերձավոր Արեւելք» կոմերցիոն անվանմամբ: Այն իր մեջ ներառելու է շինարարական նյութերի արտադրմամբ զբաղվող 13 գործարանային խոշոր համալիր: Այդ խոշոր ու հետաքրքիր նախագծի ընդհանուր արժեքը $1.8 մլրդ է, որը պետք է կատարի Սաուդյան Արաբիայի թագավորությունը՝ իր պետական միջոցներից՝ Գլխավոր ներդրումային դեպարտամենտի միջոցով:
«ԲԱՄՕ»-ի սեփականատերերի՝ մեր հայրենակիցներ Մուրադ եւ Հովիկ Մուրադյանների նոր գործընկերն է երկրում առաջատար ֆինանսական-ներդրումային մի ընկերություն՝ «Manafith Najd»-ը, որի սեփականատերը արքայազն Սուլթան Բին Ազիզ Ալ Սաուդն է:
«BAMO SAUDI ARABIA HOLDING»-ը «ԲԱՄՕ» հոլդինգին եւ արքայազնին պատկանում է հավասար բաժնեմասերով: Պայմանագրի համաձայն, նոր համատեղ ձեռնարկության գրասենյակը տեղակայված է ԱլՀաբ քաղաքում՝ Պարսկական ծոցի ափին, որտեղ նաեւ աշխարհի նավթային եւ քիմիական խոշորագույն ընկերությունների՝ «Aramcoo»-ի եւ «SABIC»-ի գրասենյակներն են: Բահրայի թագավորությունից այնտեղ՝ հեռավորությունը 30 կմ է, Կատարից եւ Քուվեյթից 1 ժամվա ճանապարհ է, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններից՝ 1 ժամվա չվերթի ճանապարհ:
«Մերձավոր Արեւելք» կոչվող արդյունաբերական օբյեկտները ստեղծվելու են Սաուդյան Արաբիայի 2-3 քաղաքներում՝ Քինգ Աբդուլահ, Ջիդդա եւ այլն: Նախատեսված է, որ 2011 թվականին ընկերության աշխատողների թիվը հասնելու է 9000-9500-ի: Ինչպես «Առավոտին» տեղեկացրին, արդեն լիզենզիայի հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ են, այնպես որ, հուլիսի 1-ից արդեն «Մեձավոր Արեւելքը» բուռն աշխատանքային գործընթացների մեջ է լինելու:
Նշենք, որ պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը կայացել է Սաուդյան Թագավորության գլխավոր ներդրումային դեպարտամենտում:
Հատկանշական է, որ այդ միջոցառումը տեղի ունեցավ անմիջապես Պետերբուրգյան միջազգային տնտեսական 5-րդ համաժողովից առաջ, որտեղ Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը՝ գլխավոր ներդրումային դեպարտամենտի ղեկավար Ամր Բին Աբդուլահ Ալ-Դաբահի գլխավորությամբ, Ռուսաստանի հետ ստորագրեցին միջազգային պաշտոնական առաջին համագործակցության համաձայնություններից մեկը՝ համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելու մասին:
Ներկայումս Սաուդյան Արաբիայի տարածքում գործում են ռուսաստանյան շուկայից միայն երկու ռուսական ընկերություններ՝ «Լուկօյլը», որը նաեւ հայաստանյան շուկայում է գործում եւ իրականացնում է համատեղ նավթային նախագծեր, եւ «ՍտրոյՏրանսԳազ» ընկերությունը, որը էներգետիկայի բնագավառում կապալառվությամբ է զբաղվում: Եվ այդ պայմաններում «ԲԱՄՕ»-ի ներթափանցումը այնպիսի հզոր ու խոշոր տնտեսությամբ շուկա, ինչպիսին Սաուդյան Արաբիան է, իսկապես կարելի է երկարամյա վաստակի եւ պրոֆեսիոնալիզմի գրավական համարել:
Նշենք, որ 29 մլն բնակչությամբ Սաուդյան Արաբիան աշխարհի դինամիկ զարգացող պետություններից մեկն է, որն ունի խիստ մրցունակ տնտեսություն: Տնօրինելով աշխարհի նավթային պաշարների 25 տոկոսը, այդ երկրի յուրաքանչյուր շնչի հաշվով ՀՆԱ-ն հասել է արդեն $25 հազարի: Ընդ որում, Սաուդյան Արաբիայի կառավարությունը մշակել է տնտեսության դիվերսիֆիկացման ծրագիր՝ իր առջեւ նպատակ դնելով ՀՆԱ-ի եւ պետական բյուջեի մեջ նավթային եկամուտների նվազեցումը:
Ներկայումս պետական ծրագիր է իրականացվում՝ երկրում ստեղծելու 5 տնտեսական նշանակության քաղաքներ՝ 500-500 մլն քմ բնակելի տարածքով, կառուցվելու են նաեւ հասարակական-արդյունաբերական օբյեկտներ, իրականացվելու է ավելի քան 8800 կմ երկաթգծային ճանապարհների, 24 օդանավակայանների, կրթական եւ առողջապահական, հասարակական-պետական բազմաթիվ նախագծերի կառուցապատում:
Այդ ծրագրում պետական եւ մասնավոր ներդրումների ընդհանուր ծավալը մինչեւ 2015-ը կհասնի $850-900 միլիարդի:
Ուշագրավ է, որ «BAMO SAUDI ARABIA HOLDING» LLC-ի տնօրեն եւ կառավարիչ է ընտրվել Հովիկ Մուրադյանը, որը շինարարական նախագծերի կառավարման 20 տարվա փորձ ունի: Նա արդեն մի քանի օրից՝ հուլիսի սկզբին, կանցնի իր նոր պարտավորություններին: