«Արցախ» գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանն իշխանություններին նախազգուշացնում է
– Վերջին երկու տարում Ադրբեջանից գրեթե ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են հնչում, սահմանային միջադեպերն էլ ավելի լուրջ բնույթ են սկսում կրել՝ նկատի ունեմ վերջին միջադեպը, որի արդյունքում հայկական կողմը հինգ զոհ տվեց: Պատճառը ո՞րն է, այս ընթացքում Ադրբեջանը հասցրեց այդքան ուժեղանա՞լ:
– Ուժեղանալ հասցրեց, բայց աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում ձեռք բերելով այնպիսի հզոր դաշնակից, ինչպիսին Թուրքիան է, պարզ է, որ պետք է նման քայլերի գնա, ագրեսիվ դառնա:
– Հենց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ չկարգավորված, ինչպես նաեւ առկա ներքին խնդիրներով Հայաստանն ինչպե՞ս պետք է դիմակայի:
– Այդ ռեսուրսը մենք ունենք, բայց ոչ իշխանական թեւերում կամ բուրգում: Իսկ այդ ողբերգական միջադեպն, ըստ իս, բազմակողմանի թիրախ էր: Այնպես չէ, որ իրենք միայն ուզում էին ցույց տալ, թե ռազմական են, կարող են: Իմ կարծիքով՝ դա արվել է Թուրքիայի հատուկ ծառայությունների դրդմամբ: Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները շատ լավ տեղյակ են Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտից եւ այդ միջադեպով փորձել են իրենց համար որոշ պարզաբանումներ անել: Ասենք՝ ինչքա՞ն են պատրաստված մեր դիրքերը, ի՞նչ ազդեցություն կունենա, ի՞նչ խորությամբ, արդեն այլ հանգամանքներում կարելի՞ է շարժվել, բախումը ճակատային կլինի՞, թե՞ այլ կերպ եւ այլն: Սա ոչ առաջին միջադեպն էր, ոչ էլ վերջինն է լինելու, ցավոք: Ես ցավակցում եմ զոհերի հարազատներին: Սա մեր ժողովրդի համար դաս պետք է լինի՝ ինչքան էլ վատ ենք ապրում, վիճակը լավ չէ, բայց երբեք չպետք է մոռանանք, որ պատերազմի մեջ ենք: Պատերազմը դեռ չի ավարտվել, եւ միջադեպեր լինելու են, այլ խնդիր է, որ իշխանությունների վարքագիծն այս հարցերում համարժեք չէ: Առաջարկությունները, որ այս հարցերում միշտ լինում են մեր՝ «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» աշխարհազորի ազատամարտիկների կողմից, ուշադրության չեն արժանանում, չեն ընդունվում, եւ այսպիսի ողբերգական իրավիճակներ ենք ունենում:
– Ի՞նչ առաջարկների մասին է խոսքը:
– Այդ պահանջներով 10 օր առաջ մենք նախագահական նստավայրի մոտ էինք: Խոստացել են, որ պիտի հանդիպում կայանա նախագահի հետ, բայց անկեղծ ասած, այդ խոստմանը ես չեմ հավատում: Իսկ խնդիրն այն է, որ բանակի վերակառուցումը պարտադիր է, հրամայական՝ հաշվի առնելով արդեն Թուրքիայի ակտիվությունն այս հարցերում: Հայաստանին, կարծում եմ, բարդ օրեր են սպասվում, եւ այս պարագայում մեր բանակը պետք է ոչ միայն 18-20 տարեկան զորակոչիկներից կազմված լինի, այլեւ նրանց կողքին պետք է լինեն պայմանագրային ծառայողներ, եւ նրանք մեր նախկին ազատամարտիկներն են: Թեկուզ մի քիչ տարիքով են, բայց բավականաչափ փորձ ունեն, եւ ես շատերին գիտեմ, որ պատրաստ են այդ երեխաների կողքը ծառայել ու դիմակայել: Վետերանին վճարել չեն ուզում կամ վախենում են նրանց զենք տալուց: Վախենում են՝ իրենց համար, իրենց արած ու չարածի համար պատասխան տալուց: Իրենց վրա այնպիսի փողեր են ծախսում, որ 2-3 բանակ կարելի է պահել, բայց բանակի համար փող չունեն: Այդ առաջարկները մենք արել ենք եւ Վազգեն Մանուկյանի, եւ Վազգեն Սարգսյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ մենք պարտավոր ենք իրոք երկրապահ ունենալ՝ նախկին սահմանապահ բդեշխությունների նման. նախկին կռվող տղաները՝ իրենց ընտանիքներով, հաստատվեն սահմանային հատվածներում եւ սահմանն էլ պահեն: Բայց, պարզվում է, փող չկա, մինչդեռ այն, ինչ որ մեզ համար նախատեսում են Թուրքիան ու Ադրբեջանը, կարող է ողբալի լինել:
– Դուք ինչ-որ տեղեկությունների՞ եք տիրապետում, թե՞ ենթադրություններ են:
– Վերլուծելով Թուրքիայի այսօրվա աշխարհաքաղաքական շարժերը, Իսրայելի հետ միջադեպերը, Օսմանյան կայսրության նախկին տարածքում Թուրքիայի հավակնություններն ընդհանրապես՝ այդ երկրից լավ բան սպասել չի կարելի: Այդ միջադեպն էլ, կարծում եմ, թելադրված էր դրանով: Շատ լավ իմանալով Ադրբեջանի ղեկավարության վարկանիշը, նրա ղեկավարության հոգեւոր հատկությունները՝ այդ միջադեպն այդպիսին չպետք է լիներ: Նման կտրուկ քայլի Ադրբեջանը չէր գնա. նշանակում է, ինչ-որ մեկն այդ հարցում արդեն սատարել է այդ երկրին, եւ դա Ռուսաստանը չէ: Նման խոսակցությունները լուրջ չեն:
– Իսկ միջադեպի առիթով Հայաստանի բարձրաստիճան զինվորականների արձագանքը, այդ թվում նաեւ նախագահինը, համարո՞ւմ եք համարժեք:
– Քաղաքական տեսանկյունից՝ այո: Բայց, համենայնդեպս, իմ տպավորությամբ, մեր «քաղաքական էլիտան»՝ եւ նախագահը, եւ պառլամենտը, եւ օլիգարխները վախեցած են: Նրանց Հայաստանի ղեկավարություն չեմ կարող անվանել, որովհետեւ դեմքներին նայում ես՝ դեմք չկա, լրիվ ստամոքս է: Ուստի, ես հարկ եմ համարում զգուշացնել՝ եթե իրենց վախկոտության պատճառով ավելի վատ բաներ կատարվեն՝ ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Սերժ Սարգսյանի, պառլամենտի, կառավարության, օլիգարխների վրա: Ավելին, իրենք պատասխան են տալու: Իրենց վարքագծով իրենք հրահրում են պատերազմ:
– Դեռ հավատո՞ւմ եք նրանց խոհեմությանը:
– Չեմ հավատում, բայց հույսն էլ չեմ կորցնում: Եթե ոչ՝ ուրեմն նախագահը ստիպված է լինելու իր օլիգարխների զորքերը, որոնք լավ զինված են, տանել ճակատ: Տեսնենք՝ կկռվե՞ն, թե՞ ոչ:
– Եթե նախագահի հետ հանդիպումը չկայանա, եւ ձեր առաջարկները կրկին անտեսվեն՝ ո՞րն է լինելու հաջորդ քայլը:
– Մենք հազարներ չենք, բայց այն տղաները, ովքեր հաղթեցին պատերազմում, իսկապես կռվեցին, մեզ հետ են: Այն տղաները, ովքեր իսկապես կռվեցին եւ դեռ կկռվեն, պետք է համախմբվեն կամ մեզ հետ, կամ այլոց՝ ովքեր կպահպանեն մեր սահմանները եւ հայրենիքը: Դա վերաբերում է եւ Սփյուռքին, եւ Արցախին, եւ Ջավախքին՝ համայն հայությանը:
– Ամբիցիանե՞րն են պատճառը, որ ազատամարտիկները չեն կարողանում մեկ կառույցում համախմբվել:
– Ամբիցիայի հարց չի: Ես տղաներին չեմ ուզում նեղացնել: «Երկրապահում» էլ կան նվիրված տղաներ: Բայց դե, չի ստացվում, էլի, ԵԿՄ-ն «չաստնի կոմպանիա» է դարձել: Եթե ես ԵԿՄ պետք է մտնեմ ու ինչ-որ բան սպասարկեմ՝ սպասարկելու տեղ այնքա՜ն կա: Հացի գործարանի տնօրենին ես ո՞նց բերեմ ու ինձ մոտ զինվոր գրեմ: 90-ականներին այդ սխալն արել ենք, հիմա չենք ուզում կրկնել, որովհետեւ դա բերեց այս համակարգին: