Հրապարակել էինք, որ հունիսի 4-ին, երբ ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովը քննարկում էր օտարալեզու դպրոցներ հիմնելու նախաձեռնությունը՝ այդ հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դեմ էր հանդես եկել ուսուցումն ավագ դպրոցում կազմակերպելու առաջարկին եւ մասնավորապես «Երկիր մեդիային» բառացիորեն ասել էր. «Ճիշտը 5-րդ դասարանից տանելն է, որ մենք ստանանք… Եթե չէ՝ աբսուրդ, անիմաստ է, ավելի լավ է՝ չանեն»: Այնուամենայնիվ՝ տիկին Բիշարյանը մեր թերթին հայտնել էր, թե «Երկիր մեդիայի» այդ հրապարակումը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: «Երկիր մեդիայի» լրատվական-քաղաքական ծրագրերի պատասխանատու Գեղամ Մանուկյանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Հեղինե Բիշարյանի համար իրականությունը, ցավոք, միշտ տարբեր է լինում: Ժամանակին հեռուստակայաններից մեկի եթերում տիկին Բիշարյանը հայտարարեց, թե Էրդողանը երբեք Ղարաբաղի հարցը նախապայման չի դիտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Ստիպված 7 րոպե ցուցադրել ենք Էրդողանի՝ միայն այդ բովանդակությամբ հայտարարությունները: Այսօր եւս կարող ենք Հեղինե Բիշարյանի հիշողության թարմացման համար ներկայացնել նրա իսկ բառերով տեսանյութը»: Նշենք, որ այն նաեւ տեղադրված է հեռուստաընկերության կայքէջում՝ https://67.18.
130.178/news/video.php?lang=arm&page=1&id=9014&fid=9014_20100604.06arm.wmv հասցեով: