Լրահոս
Օրվա լրահոսը

Կհանդիպեն Ալմա-Աթայում

Հունիս 29,2010 00:00

Հնարավոր է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն հուլիսի 16-17-ին՝ Ալմա-Աթայում: Այս մասին հաղորդել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ըստ այդմ, արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպելու են Ալմա-Աթայում նախանշված ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակում: ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման հնարավորության մասին լուրը ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է:
«Արտգործնախարարի բոլոր հանդիպումների եւ այցելությունների մասին մենք տեղեկացնում ենք պատշաճ կերպով եւ ժամանակին»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ ասել է Տ. Բալայանը: Ի դեպ, ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովին, տեղեկացրել է նաեւ, թե եռանախագահները տարածաշրջանային այցով Ադրբեջան են ժամանելու հուլիսի սկզբին:
Գրասենյակը դժգոհ է
Ամերիկայի հայ դատի գրասենյակը քննադատոել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հունիսի 26-ին արած հայտարարությունը: «ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ նախագահներ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի հայտարարությունը պետք է Մարտակերտի վրա Ադրբեջանի հունիսի 18-ի հարձակման խիստ դատապարտում լիներ: Փոխարենը, այն սոսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կապիտուլյացիայի՝ իրենց հնամաշ կոչի կրկնությունն էր»,- հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ըստ նրա, հայտարարությունը «եւս մեկ անգամ ներկայացնում է միակողմանի բանաձեւը, որում Ղարաբաղի վրա ճնշում է գործադրվում՝ անելու իր անվտանգությանն առնչվող բացահայտ, մեծապես վտանգավոր եւ անդառնալի զիջումներ՝ մշուշոտ եւ իրավական ուժ չունեցող խոստման դիմաց, թե իր կարգավիճակը կարող է որոշվել չհստակեցված գործընթացով, չպարզված դերակատարներով, ապագայի ինչ-որ չճշտված պահի»: Փաստաթղթում նշվում է, որ, ի տարբերություն նախագահների նախորդ հայտարարության՝ այս մի հայտարարության մեջ արդեն խոսվում է տարածքների «զավթման» մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել