ՀՅԴ-ն չի կիսում պաշտոնական Երեւանի ոգեւորությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարության կապակցությամբ: Այդ մասին «news.am»-ին ասել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Մենք չենք ընդունում այդ հայտարարությունը մի քանի պատճառներով. առաջին հերթին, նրանում ոչ մի բառով չի հիշվում ադրբեջանական դիվերսիայի մասին, որ տեղի էր ունեցել այդ հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Նման լռությունը Ադրբեջանին խթանում է նոր դիվերսիաների եւ Բաքվի կողմից դիտարկվում է որպես իր գործողությունների խրախուսում»,- նկատել է Մանոյանը: Բացի այդ, նա նշել է, թե փաստաթղթում օգտագործվում է «օկուպացված տարածքներ» արտահայտությունը, որը չի օգտագործվել նախագահների նախորդ հայտարարության մեջ: Դաշնակցական գործչի ասելով, «դա կարելի է դիտարկել որպես հայկական կողմի վրա ճնշում»: ՀՅԴ-ի համար հայտարարությունն ընդունելի չէ նաեւ այն պատճառով, որ հղում է արվում Մադրիդյան սկզբունքներին, որոնք կուսակցության համար ընդունելի չեն, որովհետեւ «այդ սկզբունքները նպատակ ունեն Ադրբեջանին վերադարձնել իր կորուստները՝ իր իսկ նախաձեռնած պատերազմում»: