«Ղարաբաղյան հակամարտության մասին 2010 թվականի հունիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը կրկնում է 2009-ի ամռանը նրանց իսկ կողմից շարադրված դրույթները»,- lragir.am-ի խնդրանքով մեկնաբանելով հունիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը՝ ասել է ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: Ելնելով վերոասվածից՝ նա փաստել է, որ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ առկա հակամարտության նկատմամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների մոտեցումներն անցյալ տարվա ընթացքում փոփոխության չեն ենթարկվել. «Մինչ այդ արդեն իսկ ներկայացված դրույթներին ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ղեկավարների հավատարմությունը ցույց է տալիս նախագահների՝ առանձին տարածաշրջանում ժամանակը ետ տալու ձգտումը, ինչն անլուծելի խնդիր է նույնիսկ ազդեցիկ տերությունների ղեկավարների համար: Հնարավոր է՝ այդ դրույթներից մի քանիսն Արցախի ժողովրդի համար այժմեական եւ գրավիչ կարող էին լինել 20 տարի առաջ: Բայց Ադրբեջանի կողմից ԼՂՀ բնակչության դեմ նախաձեռնած լայնածավալ պատերազմից, հազարավոր մարդկային զոհերից, էթնիկական զտումներից, զինված բռնազավթումից հետո առնվազն անլուրջ բան է առաջարկել հայկական կողմին Լեռնային Ղարաբաղի համար անհասկանալի միջանկյալ կարգավիճակ՝ «նրա բնակչության կամարտահայտությամբ» մշուշոտ ձեւակերպումով, այն էլ՝ սեփական անվտանգության մակարդակի կտրուկ նվազման փոխարեն»: Մասիս Մայիլյանը տարակուսելի է համարել հանգամանքը, որ հակամարտության կարգավորման սույն առաջարկները բխում են երկրներից, որոնք դեռեւս երկու տարի առաջ դարձել են Կոսովոյի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության միջազգային ճանաչման նախաձեռնողները: Նրա կարծիքով՝ տրամաբանական կլիներ կիրառել նշված հակամարտ գոտիներում արդյունավետ կերպով կայունություն ապահովող տվյալ միջազգային փորձը նաեւ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար: