«Ընդհանուր առմամբ դրական ենք գնահատում 3 նախագահների հայտարարությունը, քանի որ ինչպես անցած տարի Լ.’Աքվիլայում, այս հայտարարության մեջ եւս ներառված են սկզբունքներ, որոնց մասին մշտապես խոսել է հայկական կողմը,- ըստ henaran.am-ի՝ ասել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:- Ի հեճուկս ադրբեջանական կեղծ քարոզչության, որը շեփորահարում է, թե բանակցային գործընթացում ԼՂ կարգավիճակի մասին քննարկումներ չկան, մենք տեսանք, որ այս հայտարարությամբ ամրագրվեց ԼՂ միջանկյալ կարգավիճակի մասին դրույթը, եւ որ ամենակարեւորն է, Մեդվեդեւը, Օբաման եւ Սարկոզին նշել են, որ հնարավորություն կընձեռվի ԼՂ ժողովրդին իրացնել իր ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ պարտադիր կամարտահայտության միջոցով ժողովուրդը կորոշի իր ճակատագիրը: Ընդհանուր ցամաքային սահմանի հնարավորության մասին է խոսվում հայտարարության մեջ, ինչպես նաեւ անվտանգության երաշխիքների: Այս սկզբունքները եղել են ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում: Հայտարարության այս տեսքը հետեւանքն է նաեւ Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի կողմից արված առաջարկների, որը հայկական կողմը հիմք ընդունեց, իսկ ադրբեջանցիները լռեցին: Կարծում եմ՝ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը նոր փուլ է թեւակոխել, որը դեռեւս վերջնական չէ, քանի որ վերջնական լուծման համար անհրաժեշտ է բանակցություններին ԼՂ-ի մասնակցությունը»: