Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԲԵՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱԶՆԻՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունիս 29,2010 00:00

Վստահ է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը

\"\"

– Դուք անընդհատ պնդում եք, թե 1993 թվականին ընդունված «Լեզվի մասին» գործող օրենքը թույլ չի տալիս, որ Հայաստանում հիմնվեն միջազգային դպրոցներ: Սակայն չեք անդրադառնում այն հարցին, թե այդ պայմաններում ինչպե՞ս է, որ մեր երկրում վաղուց արդեն գործում են ամերիկյան «Որակի միջազգային դպրոցը» եւ 1995 թվականի նոյեմբերին Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ կնքված մշակութային, գիտական եւ տեխնիկական համաձայնագրի հիման վրա ստեղծված ֆրանսիական դպրոցը: Կամ՝ ինչպե՞ս են գործում երկլեզու՝ նաեւ ռուսերենով 1-ին դասարանից դասավանդում իրականացնող 30 դպրոցները:
– Դիցուք՝ օրենքը չէինք փոխել: Եթե այդքան սրտացավ էին (իրականում սրտացավ էին) մեր շատ ու շատ ընդդիմախոսներ՝ մինչեւ այս օրինագծի քննարկումն ինչո՞ւ չէին բարձրաձայնում այդ մասին: Եվ այս օրինագծի քննարկման առիթով արդեն համապատասխան պեղումներ արեցին հանրակրթական համակարգում: Ինչո՞ւ չէին բարձրաձայնում, որ նման խնդիրներ իրականում գոյություն ունեն: Մենք մեզ հարգում ենք, եւ մեր օրենսդրությունը պարտավոր ենք ինքներս հարգել՝ անկախ նրանից, թե կառավարությունն այդ առիթը կտա՞ հարգանքը դրսեւորելու, թե՞ չի տա:
– Այդ դպրոցներն ապօրինի՞ են գործել:
– Երկլեզու դպրոցները գործել են միջպետական համաձայնագրի շրջանակներում: Ֆրանսիական կողմի հետ այդ համաձայնագրի ժամկետն ավարտվել է: Եվ երկար տարիների դադարից հետո ֆրանսիական կողմն առաջարկում է թարմացնել այդ համաձայնագիրը: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունը՝ մասնավորապես մեր նախարարությունը, որեւէ որոշում չի կայացրել:
Ռուսական դպրոցների մասով՝ դա ապօրինություն է: Եվ աշնանը մենք տեսչական ստուգումներ կիրականացնենք՝ կզբաղվենք այս խնդիրների վերհանմամբ, գույքագրմամբ եւ համապատասխան միջոցառումներով, որոնք բխում են մեր լիազորություններից:
Ինչ վերաբերում է «Որակի միջազգային դպրոցին»՝ այն, փաստացի, դպրոց չէ մեզ համար: Այսինքն՝ մենք կարող էինք ասել, որ այն ապօրինի է, եթե պետությունն իրեն տար ատեստատ, ինչպես տալիս է մնացած մասնավոր դպրոցներին: Իրենք փաստացի աշխատում են, քանի որ որեւէ մեկը չի կարող արգելել ձեզ կամ ինձ հավաքել երեխաներ եւ իրենց սովորեցնել ինչ-որ առարկաներ. անպայման չէ, որ անունը լինի դպրոց: Մենք այդ դպրոցը, որպես պետություն, չենք ճանաչում՝ այն արտոնագրված չէ: Այդ դպրոցը մեզ համար դպրոց չէ, քանի որ գործում է մեր օրենքից դուրս: Իրենք չեն ստանում ՀՀ հանրակրթության երկրորդ կամ երրորդ աստիճանի մասին վկայող որեւէ պետական փաստաթուղթ: Այդ դպրոց կոչվածը տեղ է, որտեղ հավաքվում են, դասավանդում են, սովորում, գնահատականներ դնում: Այդ ամենն արվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը զուգահեռ ու չտեղավորվելով մեր օրենսդրական դաշտում: Ես անգամ առաջարկել եմ, որ այդ դպրոցը գործի ԱՄՆ դեսպանատան տարածքում:
– ԱԺ արտահերթ նստաշրջանում Ձեր եզրափակիչ ելույթում հայտարարեցիք. «Առանձին հետազոտելու եւ հետաքրքրությունների առարկա է այն հասարակական խմբավորումը, որն աշխատում է այս օրենքի դեմ: Կարծում եմ, սա օրենքի հետ կապ չունի եւ ավելի շատ նախընտրական ցանցերի տեխնոլոգիաների կիրարկման փորձարկում է՝ ընդամե՛նը: 2012-2013 թվականներին, կարծում եմ, ավելի հստակ կլինի այն թեզը, որ ես այսօր առաջ եմ քաշում», նաեւ, որ սա «հեղափոխության շարունակության ու հնարավորության զոնդաժն է Հայաստանում՝ օրինակ «Facebook»-ի միջոցով»: Օտարալեզու դպրոցներ հիմնելու նախաձեռնության դեմ հանդես են գալիս ինչպես ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, նաեւ «Facebook»-ի այդ խմբի բազմաթիվ անկուսակցականները, այնպես էլ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը, Հանրային խորհուրդը, Գրողների միությունը եւ այլն: Այս բոլորից հատկապես ո՞ր մեկն է փորձարկում այդ նախընտրական տեխնոլոգիաները: Թե՞ բոլորը միասին են փորձարկում:
– Վստահ եմ, որ շատ լավ եք հասկացել, թե ինչ եմ հայտարարել ամբիոնից: Խոսքս եւ ակնարկս բացարձա՛կ չէր վերաբերում ինստիտուտների այն սփռվածությանը, որը հիմա շեշտեցիք: Խոսքը, իմ կանխատեսումով, հետեւյալի մասին է. սա փորձադաշտ էր՝ պարզելու ցանցային տեխնոլոգիաների օգտագործումը նախընտրական եւ հետընտրական հնարավոր զարգացումներում: Այս օրենքը լավ առիթ էր՝ օգտագործելով նաեւ ազնիվ մտահոգությունները՝ ձեր, ակադեմիկոսների, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների՝ փորձել համապատասխան տեխնոլոգիաների փորձարկում անել Հայաստանում: Կարծում եմ, որ 1,5-2 տարի հետո կտեսնեք, որ ես ճիշտ եմ եղել: Նորից կրկնեմ, որ խոսքը չի վերաբերում «Facebook»-ի այդ խմբի մեջ ներառված 2700 մասնակիցներին: Խոսքս այն տարբեր կենտրոնների մասին է, որոնք օգտագործելով ազնիվ մտահոգությունները, անհամաձայնությունները՝ փորձարկում են, որոշ այլ մարդկանց միջոցով, տեխնոլոգիաներ:
– Օտարալեզու դպրոցներ հիմնելու խնդիրը Դուք առաջին փուլում կարծես լուծեցիք: Այնուամենայնիվ՝ իբրեւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար՝ մտադի՞ր եք հետամուտ լինել, որ լուծվեն այն խնդիրները, որոնք առնչվում են հանրակրթության որակի ընդհանուր անկմանը եւ առավելապես՝ հայերենի իմացության վատթարացմանը, ինչի մասին վկայում են ԳԹԿ ստուգումների արդյունքները:
– Իմ աշխատանքի գնահատականներն ինքս չեմ տալիս: Նախանձախնդի՜ր եմ, հետեւողակա՜ն եմ, սկզբունքայի՜ն եմ, թե այդ ամենն եմ՝ «ոչ» մասնիկով՝ ե՛ս չեմ որոշում: Իմ աշխատանքի գնահատականն աշխատանքի արդյունքն է: Մենք զուգահեռ զբաղվել եւ աշխատում ենք իրականացնել այն ծրագրերը, որոնք պետք է հանգեցնեն հանրակրթության բարելավմանը՝ այդ թվում նաեւ հայերենի դասավանդման որակի բարելավմանը: Ուղղակի հասարակական ուշադրությունն ավելի շատ սեւեռվեց այս օրինագծի վրա, քան թե մեր բազում այլ նախաձեռնությունների եւ աշխատանքների վրա:
– Չե՞ք թվարկի, թե հատկապես ինչ է արվել հայերենի դասավանդման որակի բարելավման առնչությամբ:
– Ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր:
– Դա միշտ է արվել:
– Իսկ մենք պետք է նորամուծությո՞ւն անեինք: Դասավանդման մեթոդիկաները փոխվում են, հետեւաբար՝ վերապատրաստման ծրագրերը նույնպես փոխվում են: Դասագրքերը նույնպես մշակման փուլում են: 1 տարվա ընթացքում ամբողջությամբ կվերանայենք մեր ուսումնական ծրագրերը՝ այդ թվում նաեւ հայոց լեզվի դասավանդման եւ որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների մասով: Լրատվամիջոցները, հուսով եմ, լուսաբանմամբ կփորձեն հասարակության ուշադրությունն ապահովել հայոց լեզվի դասավանդման նկատմամբ, ինչպես այս օրինագծի դեպքում էին ապահովում:
– Բայց, այնուամենայնիվ, այդ խնդիրների լուծման պատասխանատուն առաջին հերթին նախարարությունն է եւ ոչ ԶԼՄ-ները:
– Նախարարությունն ամեն օր աշխատում է, եւ բոլոր ուղղություններով: Բայց արդյոք լրատվամիջոցները պատրա՞ստ են օգնել մեզ՝ տեղեկատվական հովանավորություն անել նախարարությանը եւ նույն հետեւողականությամբ, սկզբունքայնությամբ ու նախանձախնդրությամբ լուսաբանել այդ աշխատանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել